Շաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձության հեղինակը, հարկավ, Հարկային պետական ծառայությունն է: Հարկայինը Ոստիկանության հետ համատեղ՝ ստուգումների ակտիվ գործընթաց է սանձազերծել: Այս ակտիվության տակ շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Հատկապես, որ ստուգումների կիզակետում հիմնականում Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններն են: Մեկ-երկու ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ստուգումների պատճառով կփակվի «Բջնի» հանքային ջրերի գործարանը: Հատկապես, որ առանց փակելու փորձի՝ նույն ձեռնարկությունում ստուգումներ անցկացվել էին 3-4 ամիս առաջ: Հարցը միայն այն չէ, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ պատգամավոր է: Նա միշտ էլ ամենազգուշավոր ու ինտելեկտուալ գործարարի համբավ է ունեցել: Ընդունեք, որ մեր գործարար շրջանակներում «ինտելեկտուալ» ու «գործարար» հասկացությունները համարյա համատեղելի չեն: Սուքիասյանի մասնագիտական ու մարդկային հատկանիշները հերիքեցին 1998թ. իշխանափոխությունից հետո առանց խոշոր (կամ անվերադարձ) կորուստների պահել սեփականությունը: Այս փաստը գնահատվեց: Սուքիասյանի օրինակն արտերկրի գործարար շրջանակներին հնարավորություն տվեց եզրակացնելու, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում սեփականության վայրենի վերաբաշխում տեղի չի ունենում: Սա իսկապես ցանկացած երկրի քաղաքական վարչակարգի գնահատման չափանիշ է: Դեմոկրատական, կամ եթե կուզեք` իրավական պետություններում քաղաքական ուժերը, իշխանությունները պատմականորեն շատ ավելի անցողիկ են, քան տնտեսավարող ընտանիքները: Անգամ պատմաբանները կդժվարանան ասել, թե Ռոտշիլդների ընտանիքը Ֆրանսիայում քանի քաղաքական համակարգի օրոք է եղել խոշոր սեփականատեր: Շուկայական տնտեսությունը ենթադրում է, որ գործարար դասը պիտի պատրաստ լինի քաղաքական փոփոխություններին ու ցնցումներին: Այդ ամենի համար առերեւույթ Հայաստանում էլ միջոցներն առկա են: Կան սեփականությունը պաշտպանող Սահմանադրություն ու օրենքներ: Գործարարները նույնիսկ հատուկ կազմակերպություն ունեն` ի դեմս Արդյունաբերողների ու գործարարների Միության: Այս հասարակական կազմակերպությունն է, որ պիտի պաշտպանի գործարարների շահերը: ՀՀ նորօրյա պատմությունն այնքան էլ հարուստ չէ խոշոր գործարարների հետապնդման օրինակներով: Դրանք մատների վրա կարելի է հաշվել: Իշխանության օղակներից մեկի հետ ընդհարվելու արդյունքում՝ մեկ տարի առաջ դժվար խնդրի առջեւ հայտնվեց Հակոբ Հակոբյանը: Գործարարները ոչ անհատապես, ոչ իրենց միությունով չպաշտպանեցին «շնորհազրկված» գործարարին: Նա նույնիսկ պատգամավորի մանդատից զրկվեց: Հաջորդը «Ռոյալ Արմենիայի» օրինակն է: Կալանավորվեց դատավարությանը մասնակցելու համար հայրենիք վերադարձած Գագիկ Հակոբյանը, ու նորից գործարարին ոչ ոք չպաշտպանեց: Ոչ մի գործարար: Չնայած, որ մարդը 10 տարվա ազատազրկման հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ վերադարձել էր իր անունն ու գործարար համբավը պաշտպանելու: Հիմա էլ որեւէ գործարար Խաչատուր Սուքիասյանին չի պաշտպանում: Ճիշտ այնպես, ինչպես Խ. Սուքիասյանը` նախորդ դեպքերում: Յուրաքանչյուրը փորձում է անհատապես լուծել իր հարցերը: Գործարարների շրջանակում էլ ընդհանուր շահի գաղափար չկա: Տպավորություն է ստեղծվում, որ մեր գործարարները բացարձակապես մտահոգված չեն հասարակական որեւէ խնդրի լուծմամբ: Նրանց միայն իրենց բիզնեսն է հետաքրքրում: Ինչպես նաեւ՝ իշխանությունների լավ վերաբերմունքն իրենց նկատմամբ: Բիզնեսի մարդիկ, երեւի, ենթադրում են, որ դա գնելն ավելի էժան է, քան նպաստելը, որ երկրում համապատասխան մթնոլորտ ձեւավորվի: Մթնոլորտ, որը կբացառի իշխանությունների կամայականությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Որքան ինձ հայտնի է` տեղական որեւէ գործարար ոչ մի լումա չի ծախսել այս նպատակով: Մերոնք բոլորն էլ ենթադրում են. որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը միտված միջոցառումները բացառապես Արեւմտյան պետությունների ու հիմնադրամների գործն է: Մեր գործարարները լավագույն դեպքում համարյա պետական կառույցի կարգավիճակ ունեցող «Հայաստան» հիմնադրամին փող կտան: Ու դեռ հարց է` իշխանությունների պարտադրանքո՞վ, թե՞ կամավոր: Դեպքերի այս ընթացքը հասարակությանը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ բոլորն էլ մի սանրի կտավ են: