2008թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում առաջին անգամ հատուկ տողով նշվել է, որ հաջորդ տարի պետք է վերադարձվի 22 մլրդ դրամի գերավճար: Գերավճարն այն գումարն է, որը ներկրողն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) տեսքով վճարում է ներկրած հումքի համար: Դա կազմում է հումքի արժեքի 20 տոկոսը:
Սակայն, երբ այդ հումքն օգտագործվում է արտադրության մեջ, դառնում է ապրանք եւ արտահանվում է, պետությունը պարտավոր է գանձած ԱԱՀ-ն վերադարձնել: Գերավճարի վերադարձը համարվում է արտահանման խրախուսման միջոց: Դա ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում: Հայաստանում էլ դա սահմանված է ԱԱՀ-ի մասին օրենքում: Գերավճարի վերադարձը միշտ Հայաստանի հարկային մարմինների ու արտահանողների միջեւ ծագած ցավոտ խնդիրներից է եղել: Տնտեսվարող սուբյեկտները միշտ դժգոհել են, որ Հարկայինն այդ գերավճարը չի վերադարձնում, ուշացնում է կամ էլ վերադարձնում է, բայց ոչ ամբողջությամբ: Որոշ դեպքերում էլ Հարկայինն այդ գումարը ոչ թե վերադարձնում է, այլ հաշվանցում է կատարում՝ հաշվում է վճարվելիք այլ հարկերի փոխարեն: Սակայն մինչեւ հիմա բյուջեում սահմանված չի եղել, թե տարեկան որքան գերավճար պետք է ետ վերադարձվի: Հարկային պետական ծառայությունն արտահանողների կողմից գերավճարների մասին հայտեր է ընդունել, ուսումնասիրել է եւ, որն արժանահավատ է համարել, վերադարձրել է: Եվ տնտեսվարողները պնդում են, որ Հարկայինն իրական գերավճարից շատ ավելի քիչ է վերադարձնում իրենց:
Այսպիսով, 2008թ. բյուջեով նախատեսված է արտահանողներին վերադարձնել 22 մլրդ դրամի գերավճար: Այսինքն, գերավճարի վերադարձն ամրագրվում է ոչ միայն ԱԱՀ-ի մասին օրենքով, այլ նաեւ պետական բյուջեով: Սակայն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս հարցը պատգամավորների եւ նախարարների միջեւ տարակարծություն առաջացրեց:
«Պետական մարմինների ընդունած գերավճարի գումարի չափն անուղղակի ձեւով հուշում է, որ պետությունն անուղղակիորեն սահմանել է արտահանման չափը,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: -Դրա 100 տոկոսը եթե մենք գտնենք, դա պետք է 5 անգամ բազմապատկենք 22 մլրդ-ով: 110 մլրդ դրամի արտահանում պիտի լինի, որ 22 մլրդ դրամի գերավճար առաջանա: Դա դոլարային արժեքով դառնում է 369 մլն դոլար: Սա սարսափելի փոքր թիվ է, բայց բոլոր դեպքերում բացահայտում է, որ ըստ էության՝ տվյալ երկիրը որեւէ տնտեսական զարգացում չի ֆիքսում՝ ի դեմս այդ գումարի: Մենք արդեն պատկերացում ենք կազմում մեր արտահանման մասին: Եթե դա է, ապա սարսափելի քիչ է»:
Իսկ ինչո՞ւ 22 մլրդ դրամ, որտեղի՞ց է առաջացել այս թիվը:
«Անցած տարի հարկ վճարողների կողմից հայտերը ներկայացվել են, եւ դրանք գլխավորապես բավարարվել են, վճարվել է շուրջ 19 մլրդ դրամի գերավճար,- ասում է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: -Այս տարի, այս 9 ամիսներին 11 մլրդ-ից ավելի գումար է ետ վերադարձվել արտահանողներին եւ մինչեւ տարեվերջ խոշոր պարտքեր ներկայացնող հայտեր չենք ունենա: Վերջին տարիներին հաշվարկված գերավճարի չափը եղել է 19-21 մլրդ դրամի չափով»:
«Բյուջեի նախագծում գերավճարի ֆիքսված թիվը գնահատված է արտահանման այսօրվա կանխատեսված ծավալներից,- ասում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը: -Արտահանման կանխատեսված ծավալն այն է, որ 10 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում հաջորդ տարի: Հումքը հաշվարկվեց մոտ 380-400 մլն դոլարի չափով, դա կարող եք հիմք ընդունել, ես կոնկրետ հաշվարկ չունեմ»: Նշենք, որ 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծվել է 767,6 մլրդ դրամի ապրանք, սակայն նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է ընդամենը 292 մլրդ դրամ: Այսպիսով, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է 475,5 մլրդ դրամ կամ մոտ 1,4 մլրդ դոլար: Այսինքն՝ Հայաստանից արտահանվող մեկ միավոր ապրանքի դիմաց ներմուծվում է 2,6 միավոր ապրանք: Եվ տարեցտարի մեր երկրի արտաքին առեւտրի հաշվեկշիռը գնալով մեծանում է: Եվ ահա պարոն Բոստանջյանի կարծիքով՝ բյուջեում գերավճարների վերադարձի համար այդքան փոքր գումար ֆիքսելը չի խրախուսում արտահանման ավելացմանը, ինչի հետ համաձայն չէ Արմեն Ալավերդյանը:
«Եթե մենք գրել ենք՝ 22 մլրդ, դա չի նշանակում, որ անհրաժեշտության դեպքում դրանից ավելի չենք վճարի կամ էլ գերավճարը դրանից ավելի փոքր գումար չի կազմի,- ասում է պարոն Ալավերդյանը: -Մենք պարզապես մոտավոր գումար ենք գրել»:
Բյուջեում գերավճարների համար կոնկրետ թիվ ֆիքսելը միջազգային կազմակերպությունների պահանջն է, որպեսզի վճարողների, տվյալ դեպքում՝ Հարկային մարմնի մոտ թափանցիկության աստիճանը բարձր լինի: Իսկ Բյուջեում գերավճարների համար կոնկրետ թիվ ֆիքսելու գաղափարի հետ համաձայն չէր նաեւ պատգամավոր Արեգ Ղուկասյանը: Ըստ նրա, քանի որ ԱԺ կողմից ընդունվելուց հետո բյուջեն դառնալու է օրենք, ստացվում է, որ այս մի օրենքը հակասելու է գերավճարները վերադարձնելու հիմք հանդիսացող ԱԱՀ-ի մասին օրենքին: Իսկ այդ օրենքով սահմանված է, որ Հարկայինը պարտավոր է 100 տոկոսով ետ վերադարձնել կուտակված գերավճարը: Եթե հանկարծ գերավճարները կազմեն ոչ թե 22, այլ 23 մլրդ դրամ, ապա 2008թ. բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այդ 1 մլրդ դրամը չի վերադարձվելու: Այս պարագայում արդեն ԱԱՀ-ի մասին օրենքի համապատասխան դրույթը խախտվում է:
«Ես ասում եմ, որ այսօր մենք ունենք օրենք, որով պետությունը պարտավորված է 100 տոկոսով վերադարձնել ԱԱՀ-ի գերավճարը եւ այդ պարագայում բյուջեում ֆիքսել թիվ, դա պարզապես սխալ է, որովհետեւ կարող է դրանից ավելի կամ պակաս լինել,- ասում է Ա.Ղուկասյանը: -Իսկ բյուջեի տողը օրենք է: Եվ եթե մենք մի տող ենք գրել բյուջեում, որը չգիտենք՝ կգերակատարենք, կամ կթերակատարենք, թե հենց այդքան էլ կլինի, նշանակում է՝ մենք կանխավ որոշել ենք, որ բյուջեի տողը չենք կատարի: Իսկ չկատարելը օրենքի խախտում է: Այսինքն՝ մենք կանխավ որոշել ենք, որ օրենք ենք խախտելու: Եթե բյուջեում կոնկրետ թիվ ենք ֆիքսում, ուրեմն ԱԱՀ-ի մասին օրենքն իր առաքելությունը չի կարող կատարել: Դրա համար ես առաջարկում էի այդ տողի հետ կապված գոնե գրել, որ՝ մինչեւ այս թիվը կամ այսքանից ոչ պակաս»: Օրենքը չխախտելու համար պարոն Ղուկասյանն այլընտրանքային տարբերակ է համարում ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելը եւ գերավճարը 100 տոկոսի փոխարեն 50 տոկոս սահմանելը: «Մեր արտահանողներին կբացատրենք, որ, կներեք, 100 տոկոսով չենք կարող վերադարձնել եւ օրենք էլ չենք խախտի»,- ասում է պարոն Ղուկասյանը:
Բոլոր դեպքերում վերը նշված տարակարծությունները կարծես թե ցույց են տալիս, որ 2008թ. բյուջեում ֆիքսված 22 մլրդ դրամ գերավճարի չափը, մեղմ ասած, չի խրախուսում արտահանման ավելացումը: Կամ էլ՝ անկախ այն հանգամանքից, թե որքան արտահանում կունենանք, Հարկայինը տնտեսվարողներին հասկացնում է, որ դրանից ավելի գերավճար չի պատրաստվում վերադարձնել: