«Գետառի կառուցապատումն ու առանց համապատասխան կարգավորիչների դրա ջրերը փակ խողովակաշարի մեջ անցկացնելն աղետալի հետեւանքներ կունենա մայրաքաղաքի բնական լանդշաֆտների եւ շրջակա միջավայրի վրա»,- երեկ Գետառի կառավարմանն առնչվող բնապահպանական եւ իրավական խնդիրների քննարկման ժամանակ հայտարարել է «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը: Նրա հավաստմամբ` վերեւից 17-18 մետր թռիչք ունեցող եւ 4,5 մետր խորությամբ հոսող գետը խողովակի մեջ ընդգրկել հնարավոր չէ: Գետառը հնարավոր կլիներ փակ խողովակաշարի մեջ անցկացնել, եթե Սեւաբերդի ջրամբարը (5 մլն խմ տարողությամբ) կառուցված լիներ գետի ակունքի վրա, որը կհավաքեր եւ կմեղմացներ սելավաջրերի հոսքը: Ըստ «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի` Գետառը մաքրելու համար, որը ներկայումս հանրապետության ամենաաղտոտ ջրային օբյեկտներից մեկն է, անհրաժեշտ է, որ այն անմիջական շփում ունենա օդի հետ: Խողովակ մտնելով` գետում կարագանա ջրի նեխման գործընթացը: Կ. Դանիելյանը նաեւ նշեց, որ Երեւանի գլխավոր հատակագծում Գետառի փակման վերաբերյալ նախագիծ չկա: Իսկ գետի կառուցապատման նոր նախագիծը, որը բնապահպանական փորձաքննության դեռեւս չի ենթարկվել, պետք է մերժել, որպեսզի քաղաքի վրա կախված վտանգը վերանա: