«Բոգդան» ավտոբուսների հնարավոր վաճառքին դեռ ամիսներ առաջ էինք անդրադարձել, ինչը հաստատեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը:
Վերջինս նաեւ ասել էր, որ «Բոգդանների» վաճառքի հետ կապված սպասում են ՀՀ Կառավարության համապատասխան որոշմանը: Օրերս «Ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատող «Բոգդանների» վարորդները գործադուլ էին կազմակերպել` այսպիսով հայտնելով իրենց անհամաձայնությունը ավտոբուսները մասնավորին հանձնելու քաղաքապետարանի նախաձեռնության եւ Կառավարության որոշման հանդեպ: Վարորդներին հանդիպեց անձամբ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ վստահեցրեց, որ Կառավարությունը նման որոշում չի կայացրել, ու վերջինները պետական ձեռնարկությունում կարող են հանգիստ շարունակել իրենց աշխատանքը:
Յուրաքանչյուր երթուղի սպասարկողի բաժին է հասել 1-2 ավտոբուս եւ, յուրաքանչյուր երթուղի, համաձայն քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագրի, մինչեւ տարեվերջ պարտավոր է ներկրել եւս 20 նոր ավտոբուս: Ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրումը շարունակվելու է նաեւ եկող տարի: «Բոգդան» ավտոբուսների վաճառքն իրավասուները հիմնավորում են ավտոբուսների պարկի` վնասով աշխատելու հանգամանքով: Քաղաքապետարանը համաձայնության է եկել մասնավոր շահագործողների հետ, որպեսզի վարորդների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվի այնպես, ինչպես եղել է «Ավտոբուս» ՓԲԸ-ում աշխատելու դեպքում: Նշյալ պայմանագրով 62 հազար դրամ ամսական աշխատավարձ են ստացել վարորդները, ինչը եւ պահպանվել է մասնավորի կազմում աշխատելու դեպքում: Սակայն երթուղու շահագործում իրականացնող սեփականատերերից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ քրոնոմետրաժ են անցկացրել, եւ ակնհայտ է, որ փոփոխման ենթակա է ավտոբուսների «պլանի» շեմը: «Մեր ուսումնասիրություններով՝ ավտոբուսն օրական բերում է մոտ 60 հազար դրամ: Ավտոբուսի պարկում նրանք օրական վճարել են 30 հազար դրամ, որից 18 հազարը վառելիքի ծախսն է: Պետական հիմնարկ է եղել եւ ոչ մեկին ձեռնտու չի եղել շահույթով աշխատել: Վարորդը, բացի աշխատավարձից, օրական վաստակել է մոտ 30 հազար դրամ, գումարած՝ 62 հազար դրամ էլ աշխատավարձ: Իսկ միկրոավտոբուսների վարորդներն օրական կարող են աշխատել մինչեւ 10 հազար դրամ եւ աշխատավարձ էլ չեն ստանում: Բնականաբար, քաղաքապետարանը չի կարող սահմանել, թե որքան պլան պետք է սահմանենք ավտոբուսների համար: Իմ կարծիքով՝ ավտոբուսի վարորդներին էլ օրական կթողնենք 10 հազար դրամից ոչ ավելի եկամուտ»,- ասում է մեր զրուցակիցը: Աշխարհում վարորդի մասնագիտությունը բավական բարձր վարձատրվող աշխատանքներից է, եւ, դժվար է հավատալ, որ «Բոգդանի» վարորդներն էլ ամսական 500 հազար դրամից ավելի եկամուտ են ունեցել` առանց մասնաբաժին հանելու վերադասի համար: Պետբյուջեի միջոցներով գնված ավտոբուսներն այսպիսով ապահով ձեռքերում են` պետական բյուջեին նորանոր վնասներ չհասցնելու առումով: Ավտոբուսների վաճառքի գնի հետ կապված երկար բանակցություններից հետո, ի վերջո, համաձայնության են եկել քաղաքապետարանն ու մասնավոր շահագործողները: Քաղաքապետարանը ավտոբուսները գնել է արտարժույթով, սակայն վաճառում է դրամով` մոտ 11մլն դրամ: Դոլարի կուրսի տատանումների արդյունքում՝ 30.500 դոլարով գնված ավտոբուսը վաճառվել է 36 հազար դոլարով: Դրամի արժեւորման ֆոնին ստացվում է, որ 2006 թվականից շահագործվող ավտոբուսներն ավելի թանկ են արժեցել, քան 2007թ. նոր ավտոբուսները: Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ մասնավորներն իրար էին «կոտորում» ավտոբուսների համար, քանի որ վաճառքի գումարը միանվագ չեն պահանջել: Ավտոբուսների գումարը մասնավորը մարելու է նշված ժամանակացույցի համաձայն, իսկ սկզբնական վճարումը կատարել են գնի 20-ի տոկոսի չափով: Նշենք, որ մասնավոր շահագործողները մտավախություն չունեն, որ «Բոգդանները» կարող են վնասով աշխատել: Ավտոբուսը 60 տոկոս ծանրաբեռնվածության դեպքում արդեն իսկ եկամուտով է աշխատում` ասում են այս գործի գիտակները: