Մայրաքաղաքի փողոցների խցանումները նպաստում են, որ տաքսու վարորդները պարապությունից ու նյարդային լարվածությունից ուղեւորների հետ ավելի անկեղծանան: Ընդհանրապես նրանք լավ տիրապետում են ներքաղաքական իրադարձություններին եւ, որպես կանոն, իրենց դիտարկումներն են անում քաղաքական զարգացումների վերաբերյալ:
«Ի՞նչ փողերով ենք զենք գնել ու հաղթել»
Վարորդ Ֆելիքսն ասում է, որ ինքը Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից է, եւ իր համար Լեւոն Տեր-Պետրոսյանը սրբություն է: «Լեւոնին քննադատողները շատ են մոռանում, որ իր շնորհիվ ա, որ էսօր Հայաստանն անկախ պետություն ա: Ամեն անգրագետ ու չիմացող մարդ էսօր իրա պարտքն ա համարում Լեւոնի հասցեին մի երկու թթու խոսք ասի, բայց Լեւոնը կոնկրետ իմ համար արժեք ունեցող մարդ ա: Հիմա էլ նոր բամբասանք են հորինել, թե էն տարիներին հոսանք արտադրվել ա, բայց մենք մթության մեջ ենք ապրել: Շատ բաներ կան, որ չի կարելի դրա մասին բարձրաձայն խոսալ, էդ ազգային անվտանգության հարց ա, բայց ես կռվին եղել եմ ու կարամ էդ ասողներին հարց տամ, թե Սովետի ենթակայության տակ գտնվող Հայաստանին որտեղի՞ց էդքան զենք, որ սահմաններ էր պաշտպանում: Էդ կռվող տղերքին որտեղի՞ց էին զենք ապահովում: Հայաստանին որտեղի՞ց էդքան փող, որ միլիոնավոր զենք էինք առնում: Քոչարյանն էլ ա սահման պաշտպանել, բա խի՞ չի ասում, որ երկրաշարժը՝ մի կողմից, անկախությունը՝ մյուս կողմից, աղքատ, սնանկ երկրին էդքան փող որտեղի՞ց, որ մի քանի տարի զենք էր առնում: Շատ էլ, որ մարդն էնքան արժանապատվություն ունի, որ չի կանգնում ազգային անվտանգության հարցերը շփըցնում էդ ասողների հետեւից, բայց շատ հարցեր կան, որ արժե ժողովուրդն իմանա, որ Լեւոնի հասցեին անկապ տեղը վիրավորանքներ չասի: Օրինակ, դուք էդ հնարավորությունն ունեք, Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնֆերանսին մի օր հարցրեք, ասեք՝ ձեր օրոք մեր տարածքներն ազատագրվել են, էդքան զենք, զինամթերք, օդային պաշտպանություն Հայաստանին որտեղի՞ց, էն դեպքում, երբ մենք սկի բանակ ու ռազմաբազա էլ չենք ունեցել: Լեւոնը թող կուլտուրային զոհ չգնա, թող կանգնի հայտարարի, որ՝ ժողովուրդ ջա՛ն, ղեկավարը չպիտի էդ գաղտնիքները բացահայտի, բայց ձեր մոտ եղած հարցականներին պատասխան տալու համար ես պատրաստ եմ հայտարարել, թե ի՞նչ փողերով ենք զենք գնել, ու ժողովուրդն ինչքան ա տուժել, որպեսզի սահման պաշտպանենք: Մարդը երկիր ա ղեկավարել մի ժամանակաշրջանում, երբ թուրքը մի կողմից ա հարձակվել, երկրաշարժն էլ մյուս կողմից ա ավերել: Էդքան փախստական ու փլատակներից դուրս պրծած մարդիկ, էդքան տուժածներ ու ավերակ… Եթե անկեղծ ասեմ՝ Լեւոնն էլ իրա մեղքի բաժինն ունի, որովհետեւ լռությունը վախկոտություն ա, ինքը չպիտի քաշվեր մի կողմ: Գոնե հիմա պետք ա խոսա ժողովրդի հետ, շփվի, հարցերին պատասխանի: Ես գիտեմ, որ ինքը մաքուր մարդ ա ու, եթե ժողովրդի հետ հաշվի նստի՝ մարդկանց վերաբերմունքը շատ կփոխվի: Իրա լռությունն իրան շատ վնասեց, որովհետեւ ամեն մի ճնճղուկ սկսեց իրան վարկաբեկել ու ժողովրդի մեջ ատելություն սերմանել Լեւոնի հանդեպ: Եթե էսօր մարդիկ Լեւոնին չեն սիրում, ապա էդ ոչ թե նրանից ա, որ իրան չեն սիրում, այլ նրանից ա, որ էդ ճնճղուկներն իրա մասին հերյուրանքներ են տարածել, ու էդ մարդկանց մոտ ազդեցություն ա թողել: Ես եղել եմ սահմանի վրա, ու լիքը բաներ կան, որ չպիտի ասվի, բայց կարամ ասեմ, որ Հայաստանն էդ պատերազմում ավելի շատ բան ա շահել, քան որեւէ մեկդ պատկերացնում եք: Կռված մարդը, մանավանդ՝ նենց գոտիներում կռված, որ գաղտնիքների ենք տիրապետում, շատ լավ գիտի Լեւոնի գինը: Քոչարյանն էլ լավ գիտի Ղարաբաղի սահմանների որոշ գաղտնիքներ, ինքն էլ ա անհայտ փողերով գնված զենքով սահման պաշտպանել ու իզուր տեղը թող թատրոն չխաղա: Հասարակ մարդը ներքին շատ հանգամանքներ չգիտի, բայց Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ խորքային գաղտնիքների են տիրապետում, ու Քոչարյանի էսօրվա ներկայացումները սուտի պատմություններ են ժողովրդին նրա դեմ լարելու համար»:
Քաղաքականությունը սկսվում է պրիմիտիվ հարցերից
Վարորդ Մուշեղն ասում է՝ «Եթե երկիրը երկիր լիներ՝ էսքան վարորդներին վնաս պատճառելու համար քաղաքային իշխանություններին պատասխանատվության կենթարկեին: Մեր սերվիսից մի վարորդ երկու շաբաթ առաջ փորձանքից էր պրծել: Մի ֆիրմա ավտոյի՝ էն ա, էն ա լխճելու էր, հրաշքով էր շրջանցել. ավտոյից մի հատ գանգստեր էր դուրս եկել, սկսել էր քֆրտել ու հարձակվել էր վրեն: Էս խեղճն ասում ա՝ նենց մի տիպ էր, որ, եթե դրա հայհոյանքին պատասխանեի, զենքը կհաներ ու ճակատիս կշարեր: Մեկ էլ տեսնենք՝ էս խեղճ մարդը սփրթնած մտավ սերվիս, խեղճի վրեն գույն չկար, պատի պես սպիտակ, երեսին գաջի գույն էր: Բերեցինք, հանգստացնողով, բանով մի կերպ կարգի հրավիրեցինք, ուղարկեցինք տուն: Դրանից հետո գալիս էր գործի, ոչ խոսում, ոչ շփվում, ոնց որ անջատված լիներ, սաղ վախտ մտածմունքների մեջ էր: Ինքն էլ առողջ, թափով, ասող-խոսող, հումորով մարդ ա, բայց էդ մի քանի օրվա մեջ դարձավ մելանխոլիկ, թախծոտ մարդ: Գալիս, մի երկու ժամ աշխատում էր, ու թե` գնում եմ տուն, ի վիճակի չեմ աշխատել: Մի երկու օր առաջ գնացել, ստուգվել էր, ասել էին՝ շաքար ունես»,- պատմում է վարորդ Մուշեղն՝ ասելով, որ գործընկերոջ հետ կատարված միջադեպից հետո բոլոր վարորդները սթրեսի մեջ են ընկել: «Հասկանո՞ւմ եք, էս իսկական տուպիկ ա, նա ռիսկ գնում ես գործի ու չգիտես՝ էդ օրը տուն կվերադառնա՞ս, թե՞ չէ: Խցանման մեջ ես ընկնում, մի կողմից՝ պատվիրատուն ուշանում ա ու սկսում ա քեզ ճնշել, որ տրյուկներով դուրս գաս, մյուս կողմից՝ դիսպետչերն իրան ճղում ա, թե՝ մի ելք գտի` հասի, ու դու լրիվ հայտնվում ես տուպիկի մեջ: Նյարդային համակարգդ խախտվում ա, քսմսվելով ուզում ես դուրս գալ, բայց վայն էն ա, որ մի ֆիրմա ավտոյից առաջ ընկար, վարորդը դուրս կգա ու էդ ամբոխի մոտ հորդ, մորդ, երեխուդ կայլասերի: Ուզում եմ ասել, որ էդքան քաղաքականության մասին որ խոսում են՝ նախ թող հայ մարդու համար մի քիչ կոմֆորտ ստեղծեն, հայ մարդու առողջությունը չքայքայեն, որ հետո էլ առողջապահական համակարգերում բյուջեի փողերը թափեն: Մեր փողոցներում երթեւեկելն ինֆարկտի բուն ա: Քաղաքականությունը սկսվում ա ա՛յ էս տեսակ պրիմիտիվ բաներից, իսկ, եթե էս հարցերի վրա թքած ունեն՝ ուրեմն իրանց գոյությունն ու գործունեությունը սուտ ա: Հեռուստատեսությամբ նայում ես՝ ամբողջ օրը դրած Լեւոնի խոսքերն են կրկնում ու Քոչարյանի պատասխանն են եթեր տալիս: Իմ համար աբսուրդ ա, որ աչքիս առաջ վթար ա լինում, երկու հոգի զոհվում են, բայց ոչ մի հեռուստաալիք էդ մասին չի խոսում: Ճանապարհից նենց են էդ վթարի հետքերը սրբում, կարծես բան չի եղել: Եթե աչքովդ տեսած չլինեիր՝ կմտածեիր՝ արա, էս մեր վարորդները ֆոկուսնիկ են, որ էս պրոբկեքից անփորձանք դուրս են գալիս: Կարամ գրազ գամ, որ Երեւանում հեչի պես ամեն օր վթարի պատճառով զոհ ա լինում, ու ղեկավարությունը դա պարտակում ա, որ հանկարծ ժողովուրդը աղմուկ չբարձրացնի: Փորձի համար մի ամբողջ օր փողոցներով երթեւեկեք ու կտեսնեք, թե ինչքան մեքենա ա ջարդվում ու ինչքան մարդ ա տուժվում մեր փողոցների պատճառով: Հեռուստատեսությունը դա ցույց չի տալիս, որովհետեւ ձեռնտու չի, բայց, երբ Քոչարյանը մի մարդու բարեւում ա՝ օրը 60 անգամ բոլոր ալիքները ցույց են տալիս: Բայց էդ հեռուստատեսությունը Հայաստանինն ա, չէ՞, պարտավոր ա հասարակական կյանքի մասին ինֆորմացիա տալ, չէ՞: Ինչքա՞ն կարելի ա՝ մարդ իրա երկրի լուրերը նայի, բայց իրա կենցաղի մասին, իրա մասին ինֆորմացիա չստանա,- զայրացած հարցնում է Մուշեղն ու հավելում,- Կներեք, բայց ժուռնալիստներն էլ են հպատակներ, ոնց հրամայում են՝ նենց էլ շարժվում են: Իրանք ճշտով աշխատելու ռիսկ չունեն»:
«Այրարատ» տոնավաճառի շինարարությունը կանգնեցրել են
Վարորդ Սարգիսն ասում է, որ ինքը մետրոյի աշխատակից է, սակայն երկրորդ հերթափոխով տաքսու վարորդ է աշխատում. «Է, մետրոյի 30.000 դրամ աշխատավարձով մարդ ո՞նց տուն կպահի: Էս խցանումները մետրոյի համար ձեռնտու են, մարդիկ ստիպված մետրո են նստում, բայց մեզ դրանից ի՞նչ օգուտ, հո մեր աշխատավարձը դրանից չի՞ բարձրանալու»,- ասում է նա ու շարունակում խոսքն՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած հանրահավաքին: «Էդ ինչքան մարդ էր եկել, էդ ի՞նչ ժողովուրդ կար: Ասում եք, էլի, մեր ժողովուրդն անինքնասեր ա, էդքանից հետո ո՞նց էին գնացել միտինգ: Ես չեմ մասնակցել, ուղղակի էն վերջերում կանգնել եմ մի քանի րոպե: Սրանցից ոչ մեկին էլ չեմ ընտրելու, սաղ սուտ են: Ոչ սրանք են մի բան, ոչ էլ նրանք: Հեն ա, Գռզոն, ինչ ա ասեց, որ Լեւոնին ա պաշտպանելու, տուտ ժե «Ռոսիայի» տոնավաճառի շինարարությունը կանգնացրին: Ես միշտ Արտաշես Գեղամյանին եմ բալետ արել, նրա խոսքն եմ հավանել ու ձայնս իրան եմ տվել, բայց շատ եմ հիասթափվել: Ընտրություններից հետո միանգամից չքվում են, սրանցից ոչ մեկն էլ տղամարդկություն չունեցավ, որ պայքարի: Ընտրությունը կատարվում ա թե չէ՝ ամեն մեկը մի անկյուն մտնում ա, փոխանակ շարունակեն պայքարելը, որ ժողովուրդն էլ ասի՝ հալալ ա, էս մարդը չընտրվեց, բայց չի դադարում պայքարելուց: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին եմ ընտրելու, որովհետեւ, իմ կարծիքով՝ մենակ ինքը կարա բեկում մտցնի քաղաքականության մեջ, թե չէ` սրանց մեջ տղամարդկություն չկա»:
Նախկիններին էլ ենք տեսել, ներկաներին էլ
Վարորդ Սարգիսն ասում է, որ ամեն օր քաղաքի երթեւեկության պատճառով սթրեսներ է ունենում: «Բոլոր վարորդներն էլ էս օրի են: Կատաղած շուն դարձած` տուն ենք հասնում: Էս քաղաքականություն չի՞։ Հիմա էլ էս ընտրությունները: Լեւոնենց էլ գիտենք, Քոչարյանենց էլ: Ոչ մեկն էլ էս ժողովրդի հետ խոսալու տեղ չի թողել: Հիմա Լեւոնի ասածն ի՞նչ ա, ուզում ա նախագահ դառնա: Լավ, եթե անգամ ինքը նախագահ գա, բայց հո չի՞ փոխվելու: Կարմիր կովը կաշին չի փոխում: Մոռացե՞լ ենք, թե իրա օրոք ինչեր էին անում իրա հարազատներն ու իրա թիմակիցները: Հետո, ոնց որ թե նա վախկոտ ա, եթե իրա շրջապատը, Վազգենն ու Վանոն կարողացան իրան գահից գցեն, ուրեմն ով ինչ ուզի` կարա էս ժողովրդի հետ անի: Ուրեմն ինքը թույլ քաղաքական գործիչ ա: Ուրեմն թշնամիներն էլ ինչ ուզեն կարան ստեղ անեն: Մեր ժողովրդին մի քիչ կոշտ նախագահ ա պետք, պետք ա զսպի-հավաքի սաղին, թե չէ` իրար մի օրում կուտեն: Հիմա ասածս ի՞նչ ա, Լեւոնին էլ ենք տեսել, Ռոբերտին էլ: Սերժին Լեւոնն էլ ա գովում, Ռոբերտն էլ, միգուցե էդ ա ճիշտը: Շատերը նրան հարգում են, ամերիկացիք էլ, ռուսներն էլ, Ֆրանսիան` ավելի շատ: Հետո, Սերժը կյանքի դժվարություններով անցած, պաշտոններ, փող, ամեն ինչ տեսած մարդ ա, նրան էլ ուրիշ բան պետք չի: Համ էլ Սերժը դաշնակներին շատ առաջ չի թողնի: Ով ուզում ա` թող գա, մենակ էդ դաշնակները չգան»:
Ֆաշիստ ղեկավարների մասին
Վարորդ Գեղամը վստահեցնում է, որ իր եղբայրը 15 համարի ավտոբուսի վարորդ է ու արդեն իրեն գործազուրկ է համարում. «Երեք երեխատեր տղա ա, բերանը չի բացվում, որ խոսա: Առաջ մարշրուտնի էր քշում, բայց նենց նալոգներ էին դնում վզին, որ թողեց դուրս եկավ: Մի քանի ամիս նորմալ աշխատում էր, հիմա էլ ավտոբուսի գիծն են ծախում: Դուք տեսեք, թե հարյուրավոր վարորդներ ոնց են անաշխատանք մնալու: Եթե շուխուռ ա լինում, ուրեմն՝ դա չի կարա սուտ լինի: Գնացել էին կառավարություն միտինգի, ասել էին՝ վարչապետը խոսք ա տալիս, թե տենց բան չի լինի, բայց սաղ էլ վստահ են, որ էս մի քանի ամիսը կթողեն, որ աշխատեն, բայց նախագահականից հետո կծախեն: Միշտ էլ տենց ա լինում, թող իզուր չմտածեն՝ էդ վարորդները հավատացին, անցավ-գնաց: Օրը մի որոշում հանում են՝ մի օր տաքսիների ճանապարհն են փակում, մյուս օրը՝ ավտոբուսներինը, էն մյուս օրը՝ ուտելիքն են թանկացնում: Վոբշըմ, էս երկիր չի դառնա, էս երկրի ղեկավարները ժողովրդի կաշին ու ոսկորն են ուզում տեսնեն: Հետո էլ ասում են՝ հայ մարդը սենց-նենց…, մեր ղեկավարները հայեր են, բայց իրանց ժողովրդին ֆաշիզմի են ենթարկում: Մի 50 տարի հետո նոր գրքեր, պատմություններ կգրեն, որ էս թվերին հայերը ֆաշիստ ղեկավարների ձեռքով ցեղասպանության են ենթարկվել»: