Սարգիս Փափազյանը Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոցի սարերի սկզբնամասի իր տնակի առաջ փայտ է կոտրում: Ասում է՝ «Խոսելու բան ունեմ», ու անփույթ հագուստը մի քիչ կարգի բերելով` հրավիրում է իր տուն: Արտաքուստ խրճիթ երեւացող տան ներսն ինչ-որ չափով բարեկարգ ու կոկիկ է: Ասում է՝ «Ազատամարտիկ եմ, բոլոր տղաներն էլ թշվառության մեջ են: Գիտեի, որ էս կողմի բնակիչներին ուշադրություն եք դարձնում: Մենք էլ ենք շատ անապահով ու վատ վիճակում»: Կարծում է՝ միայն անապահով մարդկանց մասին պատմություններն ենք լուսաբանում, մինչդեռ Սարգիսն ուզում է խոսել ոչ թե նյութական խնդիրներից, այլ՝ ուզում է վստահեցնել, որ, ամեն ինչից անկախ, եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի՝ ինքը պատրաստ է գնալ կռվելու: Սարգիսի խոսքերի տողատակերում հպարտություն կա, ու նա դժվարությամբ է նկարագրում իր ընտանիքի դժվարությունները: Ասում եմ՝ «Բայց էստեղ իմ տեսած մարդկանց համեմատ՝ դուք լավ վիճակում եք, հարմարավետություն եք ստեղծել, էդքան էլ անապահով չեք»: Ծիծաղում է՝ վստահեցնելով, որ բնակարանում ինչ տեսնում եմ՝ իր մարտական ընկերների մեծահոգության արդյունքն է: «Տղաներով շատ կապված ենք, շատ են ինձ օգնում: Կռված մարդը գիտի՝ ինչ բան ա ընկերասիրությունն ու նվիրվածությունը»,- ասում է նա՝ հավելելով, թե տարիներ առաջ այդ խրճիթի 4 պատն է եղել, իսկ ներսում՝ դատարկություն: Ընտանիքի միակ աշխատողը որդին է՝ Արսենը, ով պաղպաղակի գործարանում աշխատելով, ծնողներից բացի, նաեւ երեխաների հոգսերն է հոգում: «Շարժումը սկսվեց, ամեն ինչ թողեցի, գնացի Ղարաբաղ, պաշտպանական գծում եմ եղել: Ասկերանի շրջան, Քարագլուխ… ու մի 6-7 հոգով բաժանվեցինք ինքնապաշտպանական դիրքերում: Հետո էլ Քելբաջարի մարտական գործողությունները սկսվեցին, մեզ էլ տարան»,- պատմում է Սարգիսն, ով 1993թ. ապրիլի 3-ին անգիտակից վիճակում հայտնվել է հոսպիտալում, որովհետեւ «գրադի» պայթյունից գլխի ուժգին հարվածով նետվել է օդ ու գիտակցությունը կորցրել է: Ղարաբաղից վերադառնալուց հետո Սարգիսն այլեւս ընդունակ չէ աշխատելու, որովհետեւ պարբերաբար գիտակցությունը կորցնում է: Պատմում է, որ վախենում է մենակ տանից դուրս գալ, որովհետեւ պատահում է՝ անսպասելիորեն հայտնվում է կոմայի մեջ եւ անծանոթ մարդիկ հասցնում են հիվանդանոց: 54-ամյա այս տղամարդը պատերազմից հետո տարվա մեջ երկու անգամ «Սթրես-կենտրոնում» հոսպիտալացվում է եւ մշտապես հոգեմետ դեղորայք է օգտագործում, այլապես՝ «Տեսարաններ են աչքիս առաջ հայտնվում: Ղարաբաղի դեպքերն աչքիս առաջ կրկնվում են՝ մորթվող երեխեք, արյունլվա կանայք, լրիվ ոնց որ իրականում նորից էդ իրականությունն ապրեմ: Էս վերջին անգամ փողոցում վատացա, ոնց որ էլի խփեին ինձ: Էս վերջերս շատ ա լինում, որ ոտքերս թուլանում են, ականջներս խլանում են: Մի խոսքով՝ առողջություն չմնաց: Հիմա ասենք՝ չորս կողմս մարդ կա, ինձ ապահով եմ զգում, գիտեմ, որ օգնության կհասնեն, բայց, որ մենակ լինեմ՝ կարող ա էլ հետ չբերեն: Արենտիրովկից ընկել եմ»: Հարցնում եմ՝ «Իսկ որպես ազատամարտիկ՝ ինչ-որ արտոնությունից օգտվո՞ւմ եք»: Պատասխանում է՝ «Հա՛, «Սթրես-կենտրոնի» հոգեբանի հսկողության տակ եմ գտնվում, դա անվճար ա, մանավանդ գարնանը շատ եմ վատանում»: 39.000 դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, իսկ դեղորայքն էլ, ինչպես ինքը փաստեց` իրեն անվճար են տրամադրում: Սարգիսը մասնագիտությամբ ներկարար է ու շատ կցանկանար առողջական խնդիրները հաղթահարելով՝ կրկին աշխատել իր մասնագիտությամբ. «Ես աշխատող, շարժունակ մարդ եմ, բայց արդեն կամաց-կամաց հետ եմ գնում»:
Գուրգեն Մահարի հասցեում գտնվող այս հողատարածքը Սարգիսին, որպես ազատամարտիկ, տրամադրել է Պաշտպանության նախարարությունը. «Անվճար կերպով, անհատույց, սեփականաշնորհման իրավունքով հանձնել են մեզ: Բնակելի տարածքի մակերեսը՝ 38քմ ա, մի քիչ տարածք՝ 18քմ, ավելացրել եմ, որ նախասրահ կառուցեմ, բռնել` տուգանել են: Ախր, որտեղի՞ց ինձ փող, որ մի հատ էլ վճարեմ: Տեսնում եք, էլի, հավաբնի նման տարածք ա, մի քիչ ավելացրինք, որ իրար գլխի լցված չքնենք: Հասկանում եմ` իրանք մեղավոր չեն, օրենքի սահմաններում են աշխատում, բայց մենք տուգանք վճարելու ընդունակ չենք: Կարան, չէ՞, մի քիչ զիջող լինեն»: Սարգիսը վերջերս նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է մարտական ծառայությունների մեդալով, իսկ ընդհանրապես տանը բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ եւ շնորհակալագրեր ունի, որոնք վկայում են նրա նվիրական անցյալի մասին: «Ես հո մեդալների համա՞ր չեմ գնացել, իմ խղճի համար եմ գնացել: Ես ակնկալիք չեմ ունեցել, բայց դե էդ մեդալներն ինձ համար թանկ են»: Պաշտպանության նախարարությունն այս տարածքը տրամադրելուց առաջ Սարգիսին առաջարկել է բնակելի շենքում ապրել, սակայն նա հրաժարվել է՝ «Ասեցի՝ ուզում եմ սարերի մեջ, մարդկությունից հեռու ապրեմ: Ախր, էդ պատերազմը շատ մարդկանց հոգեկան աշխարհը խառնեց իրար, շատերս փոխվեցինք: Էս տարածքում կռված շատ տղերք կան: Հեն ա, ընկերոջս կինն եկել-ասում ա՝ հոգեկանը խանգարվել ա, աչքի առաջ տեսարաններ են երեւում, օգնի, մի բան արա, տանենք հոգեբուժարան: Էս մենակությունն էլ մյուս կողմից ա մարդու սպանում: Տեսնո՞ւմ ես էս սարերը՝ սրանք ինձ դիրքերն են հիշացնում: Ճիշտ ա, վատ հիշողություններն ինձ տանջում են, բայց ես իմ կամքով եմ ընտրել էս տարածքը,- թախծոտ հայացքով նայելով պատուհանից երեւացող սարերին, ասում է Սարգիսն ու երկարատեւ լռությունից հետո անկեղծանում է,- Եսիմ, ճիշտն ասած` ուզում էի մի քիչ կիսվել: Հիմա մարդիկ իրար քիչ են լսում, ու լավ ա, որ սովորական մարդկանց կարողանում եք լսել: Էլի փառք Աստծո, լավից-վատից ապրում ենք, ընկերներիցս մեկն էս ա տվել, մյուսն ուրիշ բան ա տվել, յոլա ենք գնում, իրար ձեռք ենք մեկնում»: