Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը հավաստիացրել է, թե Թուրքիան պատրաստվում է փոխել եւ «մեղմել» Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով մինչեւ երեք տարվա ազատազրկում է նախատեսվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Ի դեպ, Թուրքիայում այդ հոդվածով դատապարտվել կամ հետապնդվել են մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը: «Փամուկին դատական պատասխանատվության են ենթարկել, երբ նա Թուրքիայում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածները հրապարակավ որակել է «ցեղասպանություն»,- նկատել է «Ասոշիեյթեդ փրեսը»` ընդգծելով, որ թուրքերը չեն հերքում հայերի զանգվածային սպանդի փաստը, սակայն պնդում են, թե դա ոչ թե ցեղասպանություն էր, այլ քաղաքացիական անհնազանդության հետեւանք: Գործակալությունը նշում է նաեւ, որ այս տարվա հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայում 301 հոդվածի շուրջ աննախադեպ ակտիվ քննարկումների առիթ է դարձել: Մեծ թվով թուրք մտավորականներ նշել են, որ հենց դատական պատասխանատվության հանգամանքն էր Դինքին դարձրել արմատական ազգայնականների թիրախ: Դինքի հուղարկավորությանը մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, հուղարկավորությունն ինքնին դարձել է հոդվածի դեմ հանդես եկող եւ հանդուրժողականություն դավանող մարդկանց համերաշխության դրսեւորում: Եվրոպական միությունը բազմիցս հայտարարել է, որ նշված հոդվածը միանշանակ հակասում է միության որդեգրած` ազատ խոսքի սկզբունքին, ինչը խոչընդոտում է 2005թ. մեկնարկած` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքը: Հոդվածը լրամշակելու մասին հայտարարությունն Անկարայում արվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ Եվրամիությունը անդամության թեկնածու երկրներին վերաբերող տարեկան զեկույցում ընդգծել է Թուրքիայում խոսքի ազատությունը սահմանափակող հանգամանքները: «Անընդունելի է, երբ գրողները, գիտնականները, մտավորականները դատական պատասխանատվության են ենթարկվում միանգամայն խաղաղ եղանակով իրենց քննադատական տեսակետները հայտնելու համար,- ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը` հավելելով,- Տխրահռչակ 301 հոդվածը հարկ է անհապաղ փոխել»: Ենթադրվում է, որ օրենքի լրամշակումը հավանության կարժանանա Ազգային մեծ ժողովում, որտեղ վարչապետ Ռեջեփ Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը որակյալ մեծամասնություն ունի: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»` հաշվի առնելով հոդվածի նշանակությունը եւ դրա շուրջ ստեղծված մթնոլորտը` թուրք օրենսդիրները դժվար թե այն ամբողջությամբ հանեն Քրեական օրենսգրքից. ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն կազմել այնպիսի օրինագիծ, որը կբացառի Դատախազության կողմից այն ազատ մեկնաբանելու եւ կամայականորեն կիրառելու հնարավորությունը: