Կանաչ տարածքները վերջացել են

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մինչ այժմ Երեւանի բնապահպանական խնդիրներին ուղղված քաղաքապետարանի եւ Բնապահպանության նախարարության առանձին-առանձին իրականացրած միջոցառումները բավարար հաջողություն չեն ունեցել: Երկու գերատեսչությունները որոշել են միասին գործել: Կազմել են երկկողմ միջոցառումների ծրագիր` քաղաքի բնապահպանական վատ վիճակի պատճառները գտնելու համար: Պարզվեց, որ մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 97%-ը ավտոմոբիլային տրանսպորտից է: Որոշվեց, որ 2006 թվից պետք է արգելվի առանց չեզոքացուցիչների ավտոմեքենաների ներկրումը: Ավտոլվացման կետերը քաղաքի համար բավական շատ ու անիմաստ են, եւ առաջացրած կեղտաջրերը ոռոգում են մեր բոստանները:

Բնապահպանության նախարարությունը պարզել է, որ վերջին տարիներին իրականացրած շինարարական աշխատանքների համար տարածքները հատկացվել են հիմնականում կանաչ գոտիների հաշվին: Երվանդ Զախարյանը, սակայն, համաձայն չէր Բնապահպանության նախարարության հետ։ «Չի կարելի ասել, որ Երեւանում վերջին տասնամյակում ինչ կառուցվել է, կառուցվել է խախտումներով,- նշեց պարոն Զախարյանը: -Իհարկե կառուցվել է նաեւ խախտումներով, նաեւ կանաչ տարածքներում, նաեւ այգիներում, մայթերի վրա: Կառուցողները դուք եք եղել ու մենք, բոլորս: Մինչեւ 2003 թվականը եղած ապօրինի շինությունների քանակը եղել է 100.000»: Քաղաքապետն այս ժամկետը նշում է հավանաբար այն պատճառով, որ տպավորություն ստեղծվի, թե ապօրինություններն ու խախտումներն ավելի շատ եղել են մինչեւ իր պաշտոնավարումը: Բայց պրն Զախարյանն էլ անմասն չի մնացել այս գործում. բոլորովին վերջերս Կոմիտաս փողոցի 16 շենքին հարող կանաչապատ բակային տարածքն անմիջապես Ե. Զախարյանի թույլտվությամբ սննդի օբյեկտ կառուցելու նպատակով քարուքանդ արվեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի կողմից: Պատկան մարմիններն այս դեպքը բարբարոսություն որակեցին, բայց՝ ցածրաձայն: Իսկ հիմա արդեն որոշել են մեծ միջոցներով վերականգնել կորցրածը՝ 2005թ. ընթացքում ստեղծել 15-20 հա կանաչ գոտի ու տնկել 150.000 ծառ ու թուփ եւ նույն տեմպով շարունակել նաեւ 2006 եւ 2007 թվականներին: Այդպիսի փաստեր շատ կան: