Մակարդակ են ցույց տվել

09/11/2007

Ադրբեջանն ու Թուրքիան նախօրեին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք հավաստում են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական մակարդակը: Մասնավորապես, բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում ստորագրվել են միջկառավարական համաձայնագիր գործընկերության եւ համագործակցության մասին, երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիր եւ դրա իրականացման պլանը: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Աբդուլլահ Գյուլը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարություն, որում սահմանված են երկու երկրների փոխհարաբերությունների գերակայությունները: Մամուլի ասուլիսում Ալիեւը նշել է, թե «Թուրքիան Ադրբեջանի ամենակարեւոր գործընկերն է ու բարեկամը»: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ հետագայում «երկու պետություններն էլ ավելի մեծ ազդեցություն կգործեն տարածաշրջանային գործընթացների վրա, այդ թվում եւ՝ համատեղ խոշոր էներգետիկական ու տրանսպորտային նախագծերի իրացման շնորհիվ»: