«Մարդուն առաջ է մղում իր ուսին դրված բեռը»,- ասում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

09/11/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Քանդակը քանդակ չի դառնա, եթե մեջը չզետեղենք որոշակի գաղափար եւ որոշակի մարդկային երեւույթ։ Քանդակելուց առաջ պետք է գաղափար ունենալ։ Ինձ համար բնորդը նշանակություն չունի, կարեւորն իմ ներքին զգացողությունն է, որը վերջիվերջո քանդակ է դառնում»,- ասաց Արտո Չաքմաքչյանը, ով «Նարեկացի» արվեստի կենտրոն էր եկել՝ իր ընկերների ու երկրպագուների հետ հանդիպելու համար։

Արտո Չաքմաքչյանի մտերիմներն ու այն մարդիկ, որոնց դիմակներն է կերտել քանդակագործը, խոստովանում են, որ արձանի համար բնորդ ծառայած մարդիկ հետագայում շատ են նմանվում իրենց արձաններին եւ պորտրետներին։ Ներքին մեծ էքսպրեսիայով օժտված ու ընթացքի մեջ գտնվող Արտո Չաքմաքչյանի արձանները կարծես կանգնեցնում են այն պահը, երբ մարդը հանում է իր սովորական դիմակը, մերկ ներքինով ձուլվում բրոնզի մեջ ու իր «մաքուր», իրական դեմքով մնում դիտողների հիշողության մեջ։ «Յուրաքանչյուր մարդ իր կյանքում գոնե մեկ դիմակ է ունենում։ Եվ այդ մեկ դիմակ ունեցողին մենք մաքուր ու ազնիվ ենք անվանում, իսկ երկու կամ երեք դիմակներ ունեցողին սկսում ենք արդեն երկերեսանի կամ էլ խաբեբա անվանել։ Դիմակ ունենալը նորմալ, բնական մարդկային վիճակն է։ Մարդը միշտ էլ ուզում է իր որոշ հատկանիշները ծածկել, չհայտարարել դրանց մասին։ Մարդիկ միշտ դիմակի պահանջ ունեն։ Թող զարմանալի չթվա, բայց ես ինչ-որ բանալի եմ գտել մարդկանց դիմակները պատռելու համար։ Ես նրանց առանց դիմակների եմ տեսնում»,- մեզ հետ զրույցում ասաց քանդակագործը։

Քանդակագործ ու նկարիչ Արտո Չաքմաքչյանը ծնվել է Եգիպտոսում, իսկ 15 տարի անց ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան։ Դժվարին է եղել Ա.Չաքմաքչյանի ստեղծագործական ճակատագիրը։ Խորհրդային տարիների պարտադրված սոցռեալիզմին նա հակադրում էր իր ներքին ռեալիզմը, որն անպատճառ պետք է բախման մեջ մտներ իշխող իդեոլոգիայի հետ։ Նրա կոտրտված դիմագծերով կերպարներն ու ընդհանրացումները չէին կարող ընդունվել մի երկրում, որտեղ բոլորը ձեւացնում էին, որ նույն կերպ են տեսնում իրականությունը։ Մի անգամ խորհրդային տարիներին Հայաստանի մշակույթի նախարար աշխատած մի պաշտոնյա իր մոտ է կանչել Արտո Չաքմաքչյանին ու խիստ ձայնով հարցրել նրան. «Որտե՞ղ է ձեր քանդակած դիմանկարի քիթը։ Ի՞նչ է, դուք չգիտե՞ք, որ սոցռեալիզմն առանց քթի չի կարող լինել»։ Ինչին քանդակագործն ամենայն անկեղծությամբ պատասխանել է. «Եթե ձեզ հետաքրքրում է քիթը, ես կարող եմ առանձին քիթ քանդակել ձեզ համար»։

Առաջին անգամ Չաքմաքչյանը ակադեմիկոս Ուլիխանյանի շնորհիվ ցուցադրվեց ֆիզիկայի ինստուտուտի սրահում։ Ավելի լուրջ դահլիճների սրահները նրա համար փակ էին։ Եվ համարձակվել ենթադրել նույնիսկ չէր կարելի, որ պետությունը Արտո Չաքմաքչյանին որեւէ գործ կպատվիրի ու կտեղադրի քաղաքի փողոցներում կամ պուրակներում։

Արտո Չաքմաքչյանն ուշագրավ մի դրվագ պատմեց։ Տարիներ առաջ Հայաստանում քանդակի հանձնաժողովը մերժեց Արտո Չաքմաքչյանի՝ Կոմիտասի արձաններից մեկը, ասելով, որ արձանը ոչ թե Կոմիտասն է, այլ՝ Դոն Քիշոտը։ Մեկ տարի անց քանդակագործը կրկին հանձնաժողովին նույն քանդակը ներկայացրեց՝ արդեն «Դոն Քիշոտ» անվան տակ, իսկ հանձնաժողովն իրեն պատասխանեց՝ ո՞ւմ ես ուզում խաբել, սա Կոմիտասն է։ «Ես դիտմամբ իմ ալբոմում այդ քանդակը «Կոմիտաս-Դոն Քիշոտ» անվանեցի, քանի որ պատմությունն արդեն իսկ միացրեց այդ երկու անունները։ Ես համոզված եմ, որ անվանումներն ու անունները շատ հարաբերական են եւ հաճախ ոչ մի կապ չեն ունենում քանդակի էության հետ»,- պատմեց Ա.Չաքմաքչյանը։

1975թ.՝ տեսնելով, որ իր՝ Կոմիտասի արձանը արվեստանոցի մուտքի առջեւ ջարդուփշուր է եղած, Ա.Չաքմաքչյանը հասկացավ, որ ՀՀ-ից հեռանալու ժամանակը եկել է. «Ամեն մարդ ինքն իրեն է պատասխան տալիս։ Ես գիտեի, որ ուզում եմ շարունակել սիրել Հայաստանը։ Այդ պատճառով էլ թողեցի ու դուրս եկա այս երկրից, որպեսզի շարունակեմ սիրել այն։ Ես սխալ չէի, ես կարողացա ապացուցել, որ հեռացա ոչ թե դրամ շահելու, այլ՝ մեր հայ արվեստն աշխարհին ցույց տալու համար։ Ես գիրք հրատարակեցի, որտեղ ամբողջացված էր հայկական քանդակի ողջ պատմությունը»։ Նա ընտանիքի հետ Կանադա տեղափոխվեց, որտեղ եւ այժմ ապրում է։ «Երբ ինչ-որ խանգարիչ բաների ես հանդիպում, մտածում ես՝ վիճե՞լ, թե՞ չվիճել, պայքարե՞լ, թե՞ չպայքարել։ Կարծում եմ, ճիշտը չվիճելն է։ Պետք է թողնել ու հեռանալ։ Իսկ երբ խանգարողները վերանան, դու կմոտենաս քո ուզածին»,- արդեն այսօրվա իր տեսակետն է հայտնում համաշխարհային համբավ ձեռք բերած քանդակագործը։ Իսկ 30 տարի առաջ նա հազիվ էր զսպում իր բարկությունն ու լիակատար անզոր էր իրեն զգում։ «Հիմա ես կարող եմ վերադառնալ Հայաստան, քանի որ այն մարդիկ, որոնք ինձ խանգարում էին, արդեն չկան»,- ասում է նա։ Չկան նաեւ այն բոլոր քանդակները, որոնք վարպետը թողել էր Հայաստանում։ «Իմ այդ 40 արձանները ես կորսված ստեղծագործությունների շարքին եմ դասել»,- ասում է նա եւ ավելացնում, որ իր որոշ հայաստանյան քանդակների գտնվելու տեղը գիտի, բայց չի կարող դրանք վերադարձնել, քանի որ քանդակների տերերը գնել են դրանք այն մարդկանցից, որոնք իրենց հերթին նույնպես գնել են դրանք։

Կորսված կերպարների շարքում շատ էին Կոմիտասի քանդակները։ Արտո Չաքմաքչյանի համար Կոմիտասը դարձավ այն կերպարը, որի միջոցով քանդակագործն արտահայտեց ցավերը, պոեզիան, սպասումներն ու պատմությունը։ Մի քանդակում Կոմիտասը վարդապետ է, մյուսում՝ խենթ պոետ, իսկ երրորդում՝ ոգի։

«Կոմիտասի միջոցով ցանկացել եմ արտահայտել ազգիս ցավը, ընդհանրապես այն, ինչ ուզել եմ արտահայտել, Կոմիտասի միջոցով եմ արտահայտել»,- ասում է 30-ից ավելի Կոմիտասի փոխակերպումներ ստեղծած քանդակագործը։

Իսկ իր Նարեկացու արձանի մասին նա պատմում է. «Այդ արձանը ստեղծել եմ ներքին մենախոսության սկզբունքով։ Ռոդենի «Մտածողը» հայտնի քանդակն արտաքին մտածողության դրսեւորում է, բայց Նարեկացու դեպքում ես ցանկացա մարդու ներքին մտածողությունը պատկերել»։ Սարյանի քանդակը վարպետն այսպես է բնութագրում. «Ես տեսա նրա մեջ այն հրաբխային ուժը, որը ժամանակին ժայթքել է, իսկ հիմա հանդարտ վիճակում է, սակայն հրաբխի հետքերը դեռ պահպանվել են Սարյանի դեմքին։ Ես քանդակեցի Սարյանի ուժը, հանգած հրաբուխը՝ աչքերի մեջ»։

Արտահայտիչ, բեկված ու բազմաթիվ թաքնված շերտերով հագեցած քանդակների շարքում կա Արտո Չաքմաքչյանի մոր կերպարը։ Քանդակագործը պատմեց, որ երբ իր ծեր մայրը տեսավ իր պատկերը, հոգոց հանեց ու ասաց. «Բոլորին ծուռումուռ ես քանդակել, գոնե մորդ ճիշտ քանդակեիր»։ Արտո Չաքմաքչյանը միշտ անձի ներաշխարհ է պատկերում, իսկ ներքին ճակատագիրը շատ ոլորապտույտ ուղի է ունենում։

Գաղափարն ու ֆիզիկականը

«Մոնումենտալությունը չափի մեջ չէ, դա մտածողություն է։ Փոքր արձանը կարող է մոնումենտալ գործ լինել, իսկ շատ մեծ արձանն իրականում շատ փոքր ասելիք ունենա»,- ասում է Ա.Չաքմաքչյանը, ում բոլոր, նույնիսկ ամենափոքր ու կամերային գործերը մոնումենտալ հնչեղություն են ունենում։

1964 թվականին նրա «Հիրոսիմա» արձանը Մոսկվայի խաղաղության կոմիտեն լավագույն խորհրդային ստեղծագործությունը համարեց, իսկ ճապոնացիները նրան իրենց երկիր հրավիրեցին՝ մասնակցելու համար քանդակի տեղադրման գործերին։ «Հիրոսիման» մարդկային դեմք է, որը սառել է ճիչի պահին, աչքերի ճեղքերից արեւը թափանցում է եւ բնական կրակի է նմանվում, իսկ աչքի մեջ կախված երկաթյա գունդը՝ քամու շարժման հետ մեկտեղ, սկսում է ժանգոտած մետաղի ձայն արձակել, որը մահվան զանգի խորհրդանիշը պետք է լիներ։ «Հիրոսիման» մի նախագիծ էր, որը միջավայրի մեջ նոր տագնապալի միջավայր էր ստեղծում։ Ոչ արձանը, ոչ էլ հեղինակը Ճապոնիա չմեկնեցին։ «Քանդակի իմաստը ֆիզիկական մարդուն կրկնելը չէ, քանդակը պետք է գաղափարի, փիլիսոփայության վերածել, որպեսզի նրանով դիտողը մշակվի։ Իսկ երբ ուզում ես նույնիսկ մեկ կոճակը ճիշտ կրկնել ու վերարտադրել քանդակի միջոցով, պետք է մտածես՝ իսկ ինչո՞ւ է դա պետք։ Չէ՞ որ կոճակն արդեն կյանքում կա, եւ բնավ էլ հարկավոր չէ այն արձանի վերածել։ Արձանը գաղափար է»,- ասում է նա։

Իսկ այսօրվա անկախ Հայաստանում արձանի վերածված գաղափարների մասին նա շատ զուսպ է արտահայտվում. «Ճիշտն ասած, ես մի քիչ վախենում եմ, որ մենք սխալ ուղղությամբ ենք գնում։ Ես նկատեցի, որ այսօրվա հայ երիտասարդների մեջ մի փոքր անտարբերություն կա, շատերը չեն ուզում մեր մշակութային անցյալն ուսումնասիրել։ Արվեստը գիտություն է, որն իր օրենքներն ունի։ Պետք է տիրապետել պատմությանը, նույնիսկ, եթե հետագայում չես օգտագործելու այն։ Եթե մարդուն ասում ես, որ նա տաղանդավոր է, մարդը կարծում է, որ՝ վերջ, այսուհետ իր տաղանդը պետք է բոլոր դռներն իր առջեւ բացի։ Այդպես չէ, տաղանդը գործիք է, որը պետք է մշակել։ Հոգեկանի հետ միանալով՝ միայն տաղանդն արդյունք կտա։ Կարող են ասել՝ տաղանդավոր ծնվեց, տաղանդավոր մահացավ, բայց ոչ մի արդյունք չտվեց»։

Արտո Չաքմաքչյանը սիրում է աշխատել ու խորհուրդներով օգտակար լինել երիտասարդ քանդակագործներին, նա համոզված է, որ միայն Հայաստանում հինգ ուսանողներից երեքն անպայման տաղանդավոր կարող են լինել։ «Իսկ այդ հինգից մեկն էլ՝ լենինականցի»,- կատակում է նա։

«Իմ դիմաքանդակներում կան գործեր, որոնք ընդունված շրջանակներից դուրս են։ Դրանք զուտ իմ մտահղացմամբ ստեղծված կերպարներ են»,- ասում է քանդակագործը։ Եվ իր վերջին ստեղծագործություններից նշում է երկուսը՝ «Ռեքվիեմը», որը ժողովրդի ու ժողովրդի կողմից ընտրված կուռքի փոխհարաբերությունների գաղափարի շուրջ է ստեղծվել, եւ «Դատապարտվածը». «Մենք բոլորս դատապարտված ենք։ Նույնիսկ նորածին երեխան՝ իր ծննդյան առաջին իսկ վայրկյանից, մահվան է դատապարտված։ Շատ ավելի դժվար է նվազագույն միջոցներով արտահայտել ցանկացած գաղափար։ Իսկ երբ դա հաջողվում է, գաղափարը առավելագույնս է դրոշմվում դիմացինի մեջ, քանի որ ոչ մի խանգարիչ ու նյութից հեռացնող էլեմենտ չի մնում։ Իմ «Դատապարտվածը» ֆիզիկական էլեմենտներ՝ ձեռք, ոտք չունի, փոքր չափի է, բայց մոնումենտալ է»։

Մարդը եւ ազգը

Ազգային արվեստի մասին խոսելն Ա. Չաքմաքչյանը սխալ է համարում։ «Քանդակը հիմք է, որը պետք է մարդկանց հետ շփման մեջ մտնի։ Նշանակություն չունի՝ ո՞ւմ ես պատկերում՝ իտալացո՞ւն, հոլանդացո՞ւն, թե՞ հային, բայց դու միշտ մարդ ես պատկերում։ Եվ հետո միայն մարդկայինի մեջ ազգային ես տեսնում։ Մի մոռացեք, որ մենք բոլորս նախեւառաջ մարդ ենք ծնվում, եւ հետո միայն՝ հայ։ Երբեք մի վախեցեք մարդկայինը պատկերել ու փորձել ազգային էլեմենտները «դնել» ձեր արածի մեջ, որպեսզի գործը ազգային դարձնեք։ Ազգայինն ինքնըստինքյան է հայտնվում մարդկայինի մեջ։ Ինձ համար Արշիլ Գորկին հայ է, որովհետեւ մարդկային խնդիրներ է լուծում, իր ներքին հիշողության մեջ նա կարողացավ այնպիսի շերտեր բացել, որոնք մինչեւ հիմա չեն բացահայտվել։ Նա համաշխարհային անուն դարձավ այն պատճառով, որ այդ շերտերը միայն իրեն են պատկանել։ Պատահական չէ, որ հրեաներն ուզեցին Գորկուն հրեա դարձնել։ Բայց չստացվեց. նա հայ էր։ Մենք բնավ էլ փոքր ազգ չենք, մենք շատ հարստություն ունենք։ Մեր այսօրվա Կոմիտասը Տիգրան Մանսուրյանն է։ Ինչո՞ւ ենք սպասում, որ նա հեռանա մեզանից, եւ հետո միայն գնահատենք նրան»։

Ա.Չաքմաքչյանի համար Սփյուռքն ու հայրենիքը միասնություն չդարձան. «Սփյուռքի ու Հայաստանի միջեւ արմատական տարբերություն կա։ Ես արմատներով կապված եմ Հայաստանի հետ, եւ սփյուռքի մտածելակերպն ու ապրելաձեւն ինձ համար խորթ են։ Իհարկե, այնտեղ կենցաղն ավելի բարձր որակ ունի, բայց հոգեւորի մեծ պակաս կա։ Սփյուռքում արվեստ չկա»։

Հիմա Ա.Չաքմաքչյանին Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես քանդակ է պատվիրել, Հյուսիսային պողոտայի ու Տերյան փողոցի հատման կետում տեղադրվելու է նրա երեքմետրանոց, հուժկու քայլեր անող «Քայլող մարդը», որը խորհրդանշելու է նոր Հայաստանն ու նորին ձգտող մարդուն։ Նա լավատեսորեն է նայում Երեւանի վաղվա օրվան. «Իրական Երեւանը մենք դեռ կտեսնենք, ճիշտ Երեւանը վերադառնալու է։ Ես մեծ ցանկություն ունեմ իմ բոլոր գործերը Հայաստան բերել։ Եվ հիմա պաշտոնական վերաբերմունքի եմ սպասում, որպեսզի կարողանամ բոլոր գործերս բերել»։

«Մտավախություն չունե՞ք, որ ձեր հավաքածուն կարող է Մարկոս Գրիգորյանի հավաքածուի ճակատագիրն ունենալ ու ցուցադրման վայր չունենալ» հարցին նա պատասխանեց. «Չի բացառվում, որ իմ այդ որոշումը սխալ լինի, բայց ես, միեւնույն է` պիտի փորձեմ իմ քանդակները Հայաստան բերել»։

Զրույցի վերջում խիստ փիլիսոփայական հարց տվեցինք Ա.Չաքմաքչյանին՝ ինչո՞ւմն է կյանքի իմաստը։ Նա ասաց. «Ամեն մարդ կյանքում իր բեռն ունի, եւ այդ բեռն է նրան կյանքի կանչում։ Եթե բեռ չունենաս՝ կմեռնես։ Քո ուսին դրված բեռն է քեզ առաջ մղում։ Ես մի արձան եմ արել, որը կոչվում է՝ «Բեռը», այդ արձանի գլուխը ես պոկել ու բեռի վրա եմ դրել, ուզել եմ ցույց տալ, որ մարդն իր բեռով է ամբողջական»։