Չի հեռացել Թուրքիայից

09/11/2007

«Ակոսի» խմբագիր Արաթ Դինքը հերքել է լուրերը, թե հեռացել է Թուրքիայից ու թողել աշխատանքը թերթում: Ըստ նախօրեին տարածված լուրերի, Հրանտ Դինքի որդին որոշել է կնոջ ու 2 երեխաների հետ հեռանալ Թուրքիայից ու բնակվել Բելգիայում՝ թողնելով աշխատանքը թերթում: Որպես պատճառ՝ նշվում էր նրա դեմ հարուցված գործը. հոկտեմբերին Արաթ Դինքը եւ «Ակոսի» մեկ այլ աշխատակից՝ Սարգիս Սերոբյանը, 1-ական տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: «Ակոսի» լուրերի բաժնի համակարգող Արիս Նալջին ասել է, թե զարմացել է՝ լսելով այդ լուրերը: «Արաթը գնացել էր Բրյուսել միայն մեկ շաբաթով՝ այցելելու քրոջը: Երկուշաբթի օրը նա վերադարձել է եւ շարունակում է աշխատանքն «Ակոսում»,- հայտնել է Նաջին՝ մեկ անգամ եւս շեշտելով,- Արաթը մտադիր չէ հեռանալ Թուրքիայից ու գնալ ուրիշ երկիր: Նա վերադարձել է իր երկիրն ու իր թերթը»: