Սրանք մասնավոր դեպքեր են, բայց Հայաստանում բջջային կապի ի հայտ գալուն զուգահեռ՝ ձեւավորվեց Easy քարտերի սեւ կամ ստվերային շուկա, որը գոյացավ քարտերի սահմանափակ քանակությամբ թողարկման արդյունքում: Մարդիկ հերթագրվում են քարտի համար՝ հետագայում այն մի քանի անգամ ավելի թանկ վաճառելու հեռանկարով: Ոմանց համար քարտերի առեւտուրը հիմնական եկամտի աղբյուր է: Հեռախոսաքարտերի շուկայում գոյություն ունի համարների հիերարխիա, կան այսպես կոչված «գոլդ» եւ սովորական համարներ: Ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու համար փորձեցինք պարզել, որն է «գոլդը» եւ որը՝ «սիլվերը» հեռախոսահամարների դասակարգման մեջ եւ որքան գումարի դիմաց կարելի է ձեռք բերել նման «հարստություն»: Հույս չունենալով, որ լրագրողիս հետ քարտի բիզնեսով զբաղվողները պատրաստակամությամբ կկիսվեն իրենց գործի գաղտնիքներով, փորձեցինք յուրահատուկ իրավիճակ խաղարկել: Սցենարը հետեւյալն էր. ճանաչված ֆիրմայի տնօրենն ուղարկում է աշխատակցին հետաքրքրվելու «գոլդ» համարներով եւ պատրաստ է կլորիկ գումար վճարել դրա համար: Սարյանի փողոցում գտնվող «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի տարածքում քարտերի ամենաիսկական շուկան է: Այն սկսվում է փոստի դիմացի աստիճաններից, որտեղ մարդիկ կանգնած՝ Easy քարտ են վաճառում: Շենքի ներսում, տաղավարների վրա կարելի է գտնել հեռախոսահամարների ցուցակը՝ գներով հանդերձ: Ներսում վաճառողները երկուսն էին: Նրանց խնդրեցինք ցույց տալ «գոլդ» համարները, ասելով՝ «Շեֆս լավ համար է ուզում՝ զրոներով»: Առաջարկեցին Easy քարտերի երկու համար՝ 511001՝ 400 ԱՄՆ դոլար եւ 508000՝ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ: Գումարի առկայության դեպքում դրանք կարելի էր անմիջապես ձեռք բերել տեղում: «Իսկ ուրիշ ի՞նչ համար կա»՝ իմ հարցից վաճառողները ոգեւորվեցին ու, զգալով, որ «կպնող» գործ է, սկսեցին գրեթե աստղաբաշխական թվեր «կրակել»: Այսպես, Easy քարտերի հեշտ հիշվող համարները, հատկապես նույն թվերի կրկնությամբ, ասենք՝ 500000, 522222, 533333 կամ կլոր թվերով, օրինակ` 500800, որոնք հավանաբար խոսում են տիրոջ գրպանի ծավալների մասին, արժեն 600-ից մինչեւ 3000 ԱՄՆ դոլար: Վաճառող տղաների խոսքերով, նույնիսկ այսպիսի գին ունեցող քարտն ունի իր հաճախորդը: Ավելի «ասիմետրիկ» հեռախոսահամարները, օրինակ՝ 511001, 508000, 500567, երկրորդ կատեգորիայի քարտերն են, եւ արժեն 400-500 դոլար: Մնացած «ստից» հեռախոսահամարները կարելի է գնել մինչեւ 150 դոլարի սահմաններում: Գործարքը կատարվում է գումարը եւ քարտը ձեռքից ձեռք փոխանցելով: Եթե ընտրած համարով քարտը տեղում չկա, ապա վաճառողը կապվում է քարտը բերող մեկ այլ անձի հետ, որը քարտեր է մատակարարում: Այն հարցին, թե հնարավո՞ր է 3000 դոլարանոցի գումարը հաշվից հաշվին փոխանցել, երիտասարդը պատասխանեց՝ «Մենակ «քեշով»: Քուր ջան, 30 հատ հարյուր դոլարը կբերես, քո աչքի առաջ կզանգեմ էդ մարդուն, կբերի»: Ծանոթությունը քարտավաճառների հետ ավարտվեց հեռախոսահամարների փոխանակմամբ: Ամեն ինչ կախված էր երեւակայական «շեֆից»:
Ում ձեռքերով
Եթե «ԱրմենՏելն» իր թողարկած քարտերն ամբողջությամբ բաշխում է հեռախոսակայանների միջեւ, կարելի է ենթադրել, որ փաստորեն, բաշխելուց հետո լվանում է ձեռքերը: «Երրորդ» անձանց, այսպիսով, պետք է փնտրել հեռախոսակայանների աշխատակիցների շրջանում, որոնք էլ, ըստ ամենայնի, «զտում» են թանկարժեք համարները: Կա նաեւ մեկ այլ ուշագրավ փաստ. եթե մեկ ամսվա ընթացքում հերթագրված անձը չի ներկայանում քարտը ստանալու համար, ապա կորցնում է իր իրավունքները տվյալ Easy քարտի նկատմամբ: Այսպիսի քարտերը եւս մնում են ATC-ներում:
Արդյոք ի՞նչ ճակատագրի են դրանք արժանանում: Ի դեպ, ի տարբերություն մեզ, հույները «գոլդ» համարների նկատմամբ հավասար են շնչում՝ համարը մնում է համար՝ զրոներով, թե առանց զրոների: Մեր տվյալներով, սակայն, վերջերս, նկատելով այն աշխուժությունը, որը տիրում է «գոլդ» (ոսկյա) համարների շուրջ եւ անկասկած տեղեկանալով, թե ինչ գումարներ են շրջանառվում, որոշել է կանոնակարգել այս դաշտը, ինքնուրույն որոշելով «գոլդ» համարների գինը: Դեռեւս անհայտ է, թե ինչ գին կսահմանի հունական կողմը, բայց որ, ըստ սովորության, հայերն իրենց կրակի մեջ գցեցին, դա փաստ է:
Չմոռանանք նաեւ հարցի տնտեսական մասը: Ակնհայտ է, որ քարտեր վերավաճառողներից եւ ոչ մեկը հարկատու չէ, բայց եթե օրական վաճառի թեկուզ մեկ սովորական քարտ, ապա 100 ԱՄՆ դոլար օրական իր եկամուտն ապահովված է:
Մեր իրականության աբսուրդներից մեկը բջջային հեռախոսաքարտերի պատմությունն է: Աբսուրդ, որովհետեւ սովորական հեռախոսաքարտ, որը պետք է ազատ վաճառվի ցանկացած կրպակում իր նոմինալ գնով, որը կազմում է ընդամենը 12.500 դրամ, այսօր սեւ աղվեսի գին ունի եւ ավելին, դարձել է ՀՊՇ՝ հայ պիժոնական շարժման խորհրդանիշ: Սա՝ ժողովրդի լեզվով ասած: