Մեղքը մեր վրա է գցում

09/11/2007

«Եթե Հայաստանը չհրաժարվի ցեղասպանության վերաբերյալ պահանջներից ու չդադարի հարցն արծարծել տարբեր երկրների խորհրդարաններում, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը՝ երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում: «Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար Թուրքիան մեղավոր չէ: Ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակը ստեղծվել է Թուրքիայի նկատմամբ ՀՀ-ի վարած՝ միջազգային նորմերին չհամապատասխանող քաղաքականության եւ այլ պետության՝ Ադրբեջանի տարածքները գրավելու պատճառով: 1991թ. Թուրքիան ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, պաշտոնական Երեւանին հրավիրեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն, թեեւ ՀՀ-ն դուրս էր այդ տարածաշրջանից: Այդուամենայնիվ, չնայած մեր գործադրած ջանքերին, ի հայտ եկան խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ՝ հայտարարել է նա: