Երեկ Ազգային ժողովի համար յուրահատուկ օր էր. գործի էին եկել նաեւ այն պատգամավորները, ովքեր հազվադեպ են մասնակցում ԱԺ նիստերին: Նրանք եկել էին ընտրելու Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
Հիշեցնենք, որ Ի.Զաքարյանի թեկնածությունն, ըստ Սահմանադրության` ԱԺ-ին ներկայացրել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք նաեւ, որ միայն այս տարվա ընթացքում սա Քոչարյանի կողմից արված երրորդ առաջադրումն էր: Առաջինը՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նորից Տիգրան Սարգսյանի առաջադրումն էր, երկրորդը՝ Գլխավոր դատախազի պաշտոնում գործող դատախազ Աղվան Հովսեփյանի առաջադրումն էր: Ինչպես նախորդ առաջադրումների դեպքում, այս անգամ էլ Ռ.Քոչարյանի առաջարկը կատարվեց սրբորեն:
ՎՊ նախագահի թեկնածու Ի.Զաքարյանն իր ելույթի սկզբում ինքն իրեն հարց տվեց ու պատասխանեց. «Ի՞նչ սկզբունքներ պետք է լինեն աշխատանքի ընթացքում: Այստեղ ես որեւէ նոր բան չեմ ուզում ասել: ՎՊ օրենքի երրորդ հոդվածը դնում է շատ հստակ սկզբունքներ, որոնք ինձ հոգեհարազատ են: Առաջինը՝ ՎՊ-ի անկախությունը, երկրորդը՝ անաչառությունը եւ հրապարակային գործունեությունը: Հաջորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ ԱԺ նախկին ՎՊ աշխատակիցները մեխանիկորեն կհամարվեն նորընտիր ՎՊ-ի աշխատողներ՝ արդեն որպես քաղծառայողներ: Նախկին ՎՊ լավագույն մասնագետներն անպայման կընդգրկվեն աշխատանքներում: Ես խոստանում եմ, որ կադրային անտեղի ջարդ չի լինելու: Հավատացնում եմ, որ ձեր հավանությանն արժանանալուց հետո այս բոլոր սկզբունքները պահպանելու եմ»:
«Ումի՞ց եք շնորհակալ,- հարցրեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ու հավելեց,- ձեզ առաջադրել է նախագահը, նրանից շնորհակալ եղեք: Մեզանից շնորհակալ կլինեք ընտրվելու դեպքում»:
Հատկապես «Ժառանգության» պատգամավորներին հետաքրքրում էր, թե արդյոք Ի.Զաքարյանն ու իր կողմից ղեկավարվող կառույցը կկարողանա՞ն դիմակայել նախագահի, վարչապետի, նախարարների եւ պատգամավորների ճնշումներին, կկարողանա՞ն աշխատել ազնիվ, անկախ ու անաչառ: «Ամեն տեղ չէ, որ մենք պետք է փնտրենք վատը, ամեն տեղ չէ, որ մենք պետք է փնտրենք բացասական երեւույթները, բայց միաժամանակ ձեզ վստահեցնում եմ, որ լավին լավ եմ ասելու, վատին՝ վատ»,- խոստացավ Ի.Զաքարյանը: Նա խոստացավ նաեւ, որ ընտրվելուց հետո կասեցնելու է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Իր գովեստների մեջ առանձնապես շռայլ էր անկախ պատգամավոր, Իշխան Զաքարյանի 30 տարիների ընկեր Վիկտոր Դալլաքյանը: «Նա ամենակոռեկտն է այս եռյակից,- մատնացույց անելով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին ու ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին՝ ասաց Լարիսա Ալավերդյանը: -Սակայն երկրին վերաբերող կարեւորագույն հարցերի քննարկումների ժամանակ երբեւէ չեմ լսել Ի.Զաքարյանի դիրքորոշումը»: Լ. Ալավերդյանը միայն դժգոհեց այն փաստից, որ ԱԺ-ն զրկված է ՎՊ ղեկավարի պաշտոնի համար այլ թեկնածու առաջադրելու իրավունքից: Իսկ նրա կուսակից Ստեփան Սաֆարյանն էլ ասաց, թե «քանի որ ընտրությունը փակ եւ գաղտնի է, ուրեմն իր կուսակիցները կքվեարկեն խղճի մտոք»: Երեկ, ըստ էության, ոչ մի պատգամավոր առարկություն չներկայացրեց Իշխան Զաքարյանի անձի դեմ:
Ի դեպ, երեկվա նիստը նշանավոր էր նաեւ մեկ այլ կարեւոր իրադարձությամբ: Առաջին անգամ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ նաեւ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ի.Զաքարյանը մեր խմբակցության հիմնադիրներից է եղել, աշխատել ենք, մեծ լումա ունի կուսակցությունում, պատրաստի քաղաքական գործիչ է,- ասաց պարոն Ծառուկյանը: -Գովելու խնդիր չունի ինքը. իմանալով իր կենսագրությունը, իր ապրածը. ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, կարմիր դիպլոմով ավարտել է համալսարանը, մեծ փորձ ունի աշխատանքի, հազար համակարգում է աշխատել: Եվ այսօր եթե երկրի նախագահը վստահել է իր թեկնածությունը, ինքը մեծ պատասխանատվություն ունի երկրի նախագահի եւ մեր պատգամավորների առաջ: Նա պետք է կարողանա իրականացնել բոլոր պատգամավորների հույսն ու հավատը, լիարժեք կարողանա այդ ծանր բեռը տանել: Մեզ համար շատ դժվար է, որ մեր կուսակցությունից գնում է, բայց քանի որ այդ անհրաժեշտությունը կա, մեզ համար մեծ պատիվ է: Ես կարծում եմ, որ Զաքարյան Իշխանն այդ պաշտոնում լիարժեք կիրականացնի բոլորիս նպատակներն ու հույսերը: Այսքանը»:
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանի Վերահսիկչ պալատի նախագահը, համաձայն Սահմանադրության, ընտրվում է 6 տարի ժամկետով: