Երեկ առավոտից Հարկային պետական ծառայության աշխատակիցները ստուգումներ էին անցկացնում Սուքիասյանների ընտանիքին պատկանող, այս անգամ արդեն՝ «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ում: Գործարանի «գործունեության հետ կապված որոշ հարցեր պարզաբանելու» պատճառաբանությամբ՝
«6-րդ վարչություն» են տեղափոխել նաեւ այս գործարանի 5 աշխատակիցներին: Մինչ այդ` առաքման դուրս եկած 14 մեքենաներից 7-ն արդեն աշխատանքի ընթացքում տեղափոխել էին վարչություն: Երեկ ընդհանուր թվով 12 հոգի մինչեւ ուշ գիշեր դեռ գտնվում էին վարչությունում: Հարցին, թե՝ ի՞նչ եք պատրաստվում անել, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ պատասխանել է. «Ի՞նչ է, պետք է ըմբոստանանք, գնանք հետները կռվե՞նք: Պարզ է` ինչքան հնարավոր է՝ պետք է պայքարենք օրենքի շրջանակներում: Կարծում եմ` նրանք օրենքն օգտագործում են այն հատվածում, որով իրենց է ձեռնտու: Ի վերջո, կան երկու կողմի իրավունքներ, կա եւ՛ տնտեսվարող սուբյեկտ, հարկատու, եւ՛ կա պետական մարմին, կարծում եմ` ոչ մեկի իրավունքները չպետք է ոտնահարվեն»: Ի դեպ, ստուգումներ իրականացնողներից ոչ ոք երեկ այդպես էլ չներկայացավ, թե ինչու` հայտնի չէ:
Համաձայն ՀՊԾ պետի գրության` գործարանում իրականացվում էին «բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությունը ստուգող աշխատանքներ»: Հարկայինի հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության վերահսկողության աշխատակիցներին էին կցվել նաեւ Օպեր-հետախուզության վարչության 11-րդ բաժնի գլխավոր օպեր-լիազոր Կարեն Աբգարյանն ու թվով յոթ օպեր-լիազորներ եւ հատ-հատ հաշվում էին գործարանի պահեստում եղած բջնիի շշերը, դատարկում էին նույնիսկ առաքման մեկնող մեքենաները: Ավելի ուշ գործարանի տնօրեն Արթուր Խաչատրյանն ասաց, որ առաքման դուրս եկած 14 մեքենաներից 7-ը տեղափոխել են «6-րդ վարչություն»: «6-րդ վարչությունից» մարդիկ կային նաեւ գործարանում, չնայած նրանց այցելության մասին ոչ մի տեղ արձանագրված չէր: Նրանցից մեկը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը «6-րդ վարչությունից» է, այդուհանդերձ, չնշեց իր անունը` ասելով. «Հարկայինի աշխատողներին ասեք` կասեն, նրանք բոլոր հարցերին կպատասխանեն»: «Ինչո՞ւ եք եկել» հարցին էլ հեգնելով պատասխանեց. «Հյուր ենք եկել»: Իսկ Հարկայինի աշխատակից ներկայացողներն ասում էին, թե իրենք տեղյակ չեն, որ այդ վարչությունից գործարանում առհասարակ մարդ կա: Ի դեպ, Հարկայինից ու «6-րդ վարչությունից» ներկայացողների թիվը գերազանցում էր ՀՊԾ պետի հանձնարարագրով գործարանում ստուգումների եկածների թիվը: Իսկ թե ինչո՞ւ էին նրանք թաքցնում իրենց ով լինելը` այդպես էլ պարզ չդարձավ: Գործարանի տնօրեն Ա. Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուլիսի 15-ին ՀՊԾ-ն արդեն նման ստուգում անցկացրել էր, սակայն փաստեց, որ գործարանի գործունեության տարիներին երբեւէ նման «ձեւով» ստուգումներ չեն եղել: Գործարանը դադարեցրել էր իր աշխատանքները, քանի որ Հարկայինի աշխատակիցներ ներկայացող որոշ մարդիկ պնդում էին, թե գործարանի համակարգիչներն իրենց հետ տանելու են: Ավելի ուշ էլ ասացին, որ ոչ միայն համակարգիչներն են տանում, այլեւս գործարանի 5 աշխատակիցներին` «որոշ հարցեր պարզաբանելու համար»: Տնօրեն Ա. Խաչատրյանը, որին նույնպես սպառնում էին տանել իրենց հետ` չասելով, թե ուր, մեզ հետ զրույցում փաստեց, որ ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի արձանագրվել, իսկ թե ինչու են իրեն ցանկանում «հրավիրել» ինչ-որ տեղ` իրեն նույնպես հայտնի չէր: «Ասացին` հարցաքննության»: Նույն սենյակում գտնվող մի տղամարդ, որը ոչ միայն չներկայացավ, այլեւ մեզ հորդորեց իրեն այլեւս հարցեր չտալ, քանի դեռ ինքը հարցերին «նորմալ ա պատասխանում», ուղղեց Ա. Խաչատրյանի «հարցաքննություն» բառը` ասելով. «գործունեության հետ կապված որոշ հարցեր պարզաբանելու համար ենք հրավիրում»: Թե ո՞ւր` նա դարձյալ չասաց: Չասաց նաեւ, թե ով է ինքը: Գործարանի տնօրեն Ա. Խաչատրյանն էլ մինչեւ վերջին պահը չգիտեր, թե ովքեր էին այդ մարդիկ: «Չեն ներկայանում, ի՞նչ անեմ»,- մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ չեք պահանջում, որ ներկայանան, ասաց Ա. Խաչատրյանը: Վերջինս, պահեստապետերը եւ հաշվապահը հրաժարվում էին «ստուգողների» հետ գնալ իրենց ուզած տեղը` սպասելով իրենց փաստաբանին ու իրավաբաններին: Փաստաբանի գալուց հետո նրանց տեղափոխեցին «6-րդ վարչություն», բայց այնտեղ արդեն ներս չեն թողել փաստաբանին: Արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ «6-րդ վարչություն» էին տեղափոխել «Բջնի» գործարանի 12 աշխատակիցների:
«Սիլ կոնցեռնի» հիմնադիր եւ պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի ընտանիքին էլ պատկանում է «Բջնի» գործարանը, վստահ է, որ իր ընտանիքին պատկանող գործարաններում, ընկերություններում վերջին օրերին սկսված «տոտալ ստուգումները» կապված են իր քաղաքական կողմնորոշման հետ: «Այո, ես այս գործողությունները կապում եմ դրա հետ, որովհետեւ տարբեր տեղեկություններ ունեմ տարբեր անձերի, կազմակերպությունների, պետական մարմինների կողմից, որ բոլոր այն մարմինները, որոնք հնարավորություն ունեն փաստաթղթեր հավաքելու` մեր ընտանիքի ունեցվածքն ուսումնասիրելու են: Մինչեւ անգամ Բնապահպանության նախարարությունում են քննարկել, թե ինչ կարող են գտնել մեր դեմ: Քաղաքական է այս ամենը, եւ, կարծում եմ, որ մենք կպայքարենք մինչեւ վերջ, եւ ես շատ հանգիստ եմ վերաբերվում այս բոլոր ճնշումներին: Երբ ես որոշում եմ կայացնում եւ համամիտ եմ իմ գործողությունների հետ, ես ցանկացած գործողություն հանգիստ եմ ընդունում, որովհետեւ ես այս ամեն ինչը հաշվի էի առել ու գիտեի, որ կարող է նման իրավիճակում հայտնվեմ: Պարզ է, որ սա անընդունելի է, դատապարտելի է, եւ պարզ է, որ այսպիսի պետություն ունենալն էլ է շատ վատ, երբ գիտես, որ այս ամենը պայմանավորված է նրանով, թե տվալ անձը քաղաքական ինչ կողմնորոշում ունի: Մենք միշտ էլ ուշադրության կենտրոնում ենք եղել, եւ «Սիլ կոնցեռնի» ցանկացած ձեռնարկություն աշխատել է մաքսիմում օրենքի շրջանակներում»: Հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե այսուհետ իր թիմակիցների նկատմամբ գործադրված ցանկացած «բռնություն կամ քաղաքացիների ընտրական իրավունքի հանցավոր խախտում, եւ այդպես էլ ներկայացվելու է ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային ատյաններին», Խ. Սուքիասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Լ. Տեր-Պետրոսյանն իր դեմ գործադրվող ճնշումները կանխելու համար: Մեր այս հարցին ի պատասխան, Խ. Սուքիասյանն ասաց. «Ճիշտն ասած` չեմ ուզենա, որ Լ.Տեր-Պետրոսյանն ինչ-որ մի բան անի: Նա քաղաքական հայտարարություն արեց, ի՞նչ պետք է անի Լ. Տեր-Պետրոսյանը: Ուղղակի ես պետք է ըմբռնումով մոտենամ, ավելի վստահ ու կայուն լինեմ: Ի՞նչ պետք է նա անի: Նա պետք է քաղաքական իր գործընթացը շարունակի»: Դիտարկմանը, թե կարող է գոնե հայտարարություն անել, Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, իր հետ չեմ խոսել եւ մինչեւ անգամ անհարմար կզգամ իր հետ նման թեմայով քննարկում անել, որովհետեւ մեր նպատակը ոչ թե «Սիլ կոնցեռնում» ստուգումներ չսկսելն է, այլ այն, որ Լ.Տեր-Պետրոսյանն ընտրվի ՀՀ նախագահ: Մնացածը, կարծում եմ` այդ արժեքը չունեն, որ մենք դրա համար չգիտեմ ինչ անենք: Թող անեն: Փաստորեն, դուրս է գալիս, որ դրանից ելնելով՝ մենք պետք է խուսափենք եւ մեր գաղափարական ցանկություններն անտեսենք: Ոչ: Ես պատրաստ եմ եւ սպասում եմ ցանկացած ոտնձգության, ճնշման, ցանկացած պետական մարմնի հարձակման, ստուգման: Համակարգը պատրաստ է»: «Ինչո՞ւ գնացիք նման քայլի» հարցին Խ. Սուքիասյանն այսպես արձագանքեց. «Ինչ-որ մեկը պիտի՞ գնար նման քայլի: Լավ, ի՞նչ կար, թող մեկն էլ գնար նման քայլի, ի՞նչ է պատահել»: Նաեւ հետաքրքրվեցինք, թե մտավախություն չունե՞ք, որ կխժռեն ձեր բիզնեսը, ինչին ի պատասխան՝ Խ. Սուքիասյանն ասաց. «Կարո՞ղ է` մի կիլո միս ենք, որ խժռեն, թող խժռեն, կտեսնենք, թե ով ում կխժռի: Չեն կարողանա, մենք էլ իրենց կխժռենք ու, կարծում եմ` օրենքի սահմաններում պիտի խժռեն կամ չխժռեն»:
Ինչ վերաբերում է Խ. Սուքիասյանի գործարար ընկերներին, որոնք չեն աջակցում իրեն (համենայնդեպս, որեւէ հայտարարություն չեն արել այս կապակցությամբ), ապա Խ. Սուքիասյանն ասաց. «Ես իմ բոլոր ընկերներին հարգում եմ, ես իրենց հետ եմ, եւ, կարծում եմ, եթե իմ ընկերները նման նեղություն ունենան՝ ես իրենց կողքին կկանգնեմ եւ ինչ-որ ձեւով կարձագանքեմ»: Ըստ Խ. Սուքիասյանի` իրեն որեւէ գործարար աջակցության փորձ չի արել, սակայն կարծում է, որ նրանք «սրտով» աջակցում են: «Կարծում եմ` նրանք գաղտնի կիսում են Տեր-Պետրոսյանի տեսակետները»: «Եթե հնարավոր է գաղտնի աջակցել, ինչո՞ւ դուք էլ նույն կերպ չվարվեցիք» մեր հարցին ի պատասխան էլ՝ Խ. Սուքիասյանն ասաց. «Բոլոր քննարկումների, ասուլիսների ժամանակ, ԱԺ-ում ես իմ համակրանքը Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ չեմ թաքցրել: Եթե մի մարդ չի թաքցնում, չեմ կարծում, թե նա չպետք է բացահայտ կանգնի նրա կողքին: Ես պետք է բացահայտ կանգնեի նրա կողքին»: