Ո՞ւմ են տվել Թեղուտը

07/11/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Ցանկացած հանքարդյունաբերությունն, ի վերջո, բնությանն օգուտ չի տալիս, սակայն այստեղ կարեւոր է, թե աշխատանքն ինչպես է կազմակերպվում: Այս առումով անհանգստանալու կարիք չկա, քանի որ կառավարության որոշման մեջ ամրագրված են խաղի կանոնները եւ կառավարությունը մշտապես վերահսկելու է գործընթացի այս կողմը»,- շաբաթ օրը հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի մեկնարկի միջոցառման ժամանակ:

Նշենք, որ ամիսներ շարունակ բնապահպանական եւ հասարակական կազմակերպություններն ահազանգում էին, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն ահռելի վնասներ է հասցնելու տարածաշրջանի էկոհամակարգին: Սակայն, ինչպես արդեն ակնհայտ է, Կառավարությունն այլեւս գտել է հանքավայրի շահագործման թույլտվության ձեւը, եւ բնապահպանական խնդիրներից բացի՝ մտահոգիչ է նաեւ այն, թե ում հետ է այս հարցում հույսեր կապել Կառավարությունը, որը Թեղուտի հանքավայրը շահագործելու իրավունքը տվել է «Մանես-Վալեքս» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանին: Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների փորձ ունեցող Մեջլումյանը, պետք է, որ հիասթափեցրած լիներ Կառավարությանը` «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում» խոստացած նախնական ծրագրերը չիրագործելու առումով: Մեջլումյանին պատկանող «Մանես-Վալեքս» ընկերությունը 1998-ին է ձեռք բերել Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը: Այս ընկերությունը պարտավորվել էր կատարել համապատասխան ներդրումներ եւ նախնական պղնձի խտանյութի ստացումից անցնել մաքուր պղնձի ստացմանը: Ըստ Մեջլումյանի հավաստիացումների, ուղիղ 10 տարի հետո կոմբինատը պետք է անգամ պղնձալարեր արտադրեր, բացի այս, պետք է կրկնապատկվեր աշխատատեղերի քանակը: Սակայն այս ընթացքում կոմբինատի սեփականատերն այս հիշեցումներին որպես պատասխան՝ հոխորտում էր ընդհանրապես փակել «Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը»: Այստեղ 10 տարի առաջ աշխատում էր 1000 մարդ, այդ թիվն առնվազն չի ավելացել: Զավեշտի է հասնում նաեւ կոմբինատում միջին աշխատավարձի շեմը` 45-50 հազար դրամ, որը Քաջարանի համապատասխան կոմբինատի աշխատողների վարձավճարների հետ ընդհանրապես համադրելի չէ: Իսկ ահա Ալավերդու հարեւանությամբ գտնվող Դրմբոնի հանքավայրում մարդիկ ամսական միջինը վաստակում են 120-130 հազար դրամ եւ օրական 3 անգամ անվճար սնունդ են ստանում: Որպես պղնձի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկություն՝ «Մանես-Վալեքսը» 2002թ. վերանվանվեց ACP` Հայկական պղինձ ծրագիր, սակայն, ինչպես ասում են, անունը կա, ամանումը` ոչ: Անցած 9 տարում ACP-ն հասցրել է նաեւ զգալի էկոլոգիական վնասներ պատճառել շրջակա միջավայրին եւ փոխարենը՝ գրեթե ոչինչ չի հատուցել: Վաղ առավոտյան Ալավերդի քաղաքը պարուրվում է թանձր մշուշի մեջ, որի պատճառը կոմբինատի արտանետած ծծմբի երկօքսիդն է: Ծծմբի երկօքսիդի արտանետումների նորմը կոմբինատը գերազանցում է մոտ 12 անգամ, եւ այս իրավիճակի համար ACP-ն բնապահպանական տուգանքներ չի վճարել, քանի որ, ըստ խոստումների՝ 2008-ին գործարանում պետք է տեղադրվեին ֆիլտրող սարքավորումներ: Սակայն նման ֆիլտրերը բավականին թանկ են եւ գործարարի համար բնապահպանական տուգանքները վճարելն ավելի էժան է համարվում, քան նշյալ սարքավորումների ձեռքբերումը: Ստեղծված իրավիճակում, պարզվում է՝ ACP-ն կարող է շահագործել նաեւ Թեղուտի հանքավայրը, որն իր պաշարներով զիջում է միայն Քաջարանին: Թեղուտն ունի 400մլն տոննա հանքաքար, որից` 1.6մլն տոննան՝ պղնձի եւ 100 հազար տոննան՝ մոլիբդենի պարունակությամբ: Հայաստանի ընդերքում առկա 7.2մլն տոննա պղնձից 1.6-ը` Թեղուտում է: ACP-ն կրկին խոստանում է հանքավայրի շահագործման` 30-40 տարվա ընթացքում մոտ 300մլն դոլարի ներդրումներ կատարել եւ կրկին 1500-2000 աշխատատեղ բացել: 40 տարում 300մլն դոլարի ներդրումը ACP-ն վերադարձնելու է 2-3 տարում: Սկզբնական շրջանում նախատեսվում է տարեկան արդյունահանել 7մլն տոննա հանքաքար, եւ նշվում է, որ պղնձի միջազգային գները հասել են 1 տոննան՝ 7-8 հազար դոլարի: Հետագայում տարեկան արտադրվելու է 20-25 հազար տոննա պղինձ եւ 800 տոննա մոլիբդեն: Ստացվում է, որ ACP-ն 30-40 տարվա ընթացքում միայն պղնձից ունենալու է մոտավոր հաշվարկներով` մոտ 6մլրդ դոլարի եկամուտ` ներդնելով 300մլն դոլար: Այստեղ հաշվի չենք առել մոտ 100 հազար տոննա մոլիբդենից սպասվող եկամուտները, որն ACP-ի եկամուտները կարող է համալրել եւս 3մլրդ դոլարով: Մոտ 9մլրդ դոլարի եկամտի հեռանկար ունեցող ACP-ն խոստանում է վերատնկել մոտ 350 հա անտառ, որը վերացնելու է հանքավայրի շահագործման տարիներին: Նշյալ տարածքը համարվում է բնության հրաշալիք, որտեղ առկա են նաեւ պատմական հուշարձաններ, դամբարանաշերտեր, որոնք պետք է տեղափոխվեն, սակայն դեռեւս որոշված չէ, թե՝ որտեղ:

Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ Թեղուտի հանքավայրը հիմնականում աշխատատեղ է ապահովելու Թեղուտ եւ Շնող գյուղերի համար: Շնողի համայնքապետ Հայկազ Քոչինյանից տեղեկացանք, որ գյուղի գործազուրկ տղամարդկանց թիվը 150-200-ի է հասնում, եւ, հավանաբար, 2000 աշխատատեղի պակասը պետք է լրացվի Տավուշի մարզի մոտակա գյուղերից: Համայնքապետն ասում է, որ հետեւողական է լինելու իրենց տարածքում ոչնչացված անտառների վերատնկման հարցում: «Բարձր աշխատավարձի դեպքում այս ծրագիրը կարելի է իմաստավորված համարել: Անտառից բնակիչներն այնքան էլ օգուտ չունեն: Գյուղացին որտե՞ղ պետք է իրացնի անտառից հավաքած բերքն ու բարիքը: Անտառից ստացած մեր միակ «օգուտն» աֆրիկյան ժանտախտն է. արդեն 1000 գլուխ անասուն է սատկել»,- ասում է Հայկազ Քոչինյանը: