«Վայքի շրջանի Արենի գյուղում այս պահին պեղում ենք Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակի մի հուշարձան, որի հողաշերտերի մեջ առկա նյութն իր կառուցվածքն ու արտաքին տեսքը չի փոխել: Գունավոր թելերն ու փայտե իրերը պահպանվել են այնպես, ինչպես որ եղել են: Աշխարհում նման հուշարձաններ հազվադեպ են պատահում: Սա եզակի հնարավորություն է: Այս հողը գին չունի: Սա ուղղակի սենսացիա է, որ 6 հազար տարվա պատմություն ունեցող հուշարձանը պահպանվել է այնպես, ինչպես որ կա»,- պատմում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Աշխարհին զարմացնելու եւ սենսացիաներ անելու այս նախադեպը, պարզվում է, առաջինը չէ: Պավել Ավետիսյանը մի դեպք էլ է հիշում: Մասնագիտությամբ հնագետ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը 1980-ականներին Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրում մի իշխանավորի դամբարան է պեղել, եւ գտածոներից մեկն էլ մի արծաթե գավաթ է եղել, որը հին արեւելյան կիրառական արվեստի գլուխգործոց է եւ փառք ու պատիվ կբերեր ցանկացած թանգարանի: Այս գավաթը ներկայումս ցուցադրվում է Պատմության պետական թանգարանում: Քրիստոսից առաջ 22-21-րդ դարերի նշյալ գավաթի վրա պատկերված է ասիական հագուստով արքայի պատկեր, մարտի, գլխատման տեսարաններ, որոնք վկայությունն են այն բանի, որ հազարամյակներ առաջ այս տարածքում եղել է ասիական թագավորություն: Արծաթյա գավաթի հետ հայտնաբերվել է նաեւ ոսկյա գավաթ, որի վրա չկա որեւէ պատկեր, ուստի իր ինֆորմացիոն նշանակության առումով այն քիչ ավելի արժեքավոր իր է համարվում: «Հայաստանն այնքան հարուստ է հուշարձաններով, որ եթե անգամ յուրաքանչյուր չորս մարդուց մեկին պահակ կարգես, միեւնույն է, հուշարձաններին չես փրկի ավերումից: Անտեղյակության կամ սխալ կառավարման արդյունքում սեփականաշնորհվել են հատուկ պահպանվող հողերը, եւ ներկայումս ստիպված ենք սեփականատերերին համոզել, որ այդ տարածքում շինարարություն չձեռնարկեն: Արմավիրի Ակնալիճ գյուղում մարդն ուզում է իր սեփական հողում տուն կառուցել, սակայն մենք այդ շրջակայքում դամբարան ենք պեղել: Ծաղկալանջի հուշարձանախմբի տարածքը նույնպես սեփականաշնորհված է»,- ստեղծված իրավիճակն այսպես է ներկայացնում ինստիտուտի տնօրենը: Արմավիրի տարածքում հունական արձանագրությամբ քարերն էլ շուրջը սփռված երեք գերեզմանատների պատճառով հայտնվել են շրջափակման մեջ: «Գերեզմաններն ընդհուպ հասել են քարերին, եւ չի բացառվում, որ մի օր էլ այս քարերը չեն շպրտի մի կողմ ու մարդ չեն թաղի»,- ասում է Պ. Ավետիսյանը: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոն ենթակա չէ վաճառքի եւ համարվում է միմիայն պետության սեփականությունը: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ իրենց հողատարածքներում հայտնաբերած իրերը վաճառում են ներքին շուկայում՝ չիմանալով դրա իրական գինն ու արժեքը: «Հուշարձանների ավերման պրոցեսը միշտ էլ եղել է: Առաջ գոնե դրանք պահպանվում էին անջրդի հողերում, հիմա այդ հողերն էլ են սեփականաշնորհվել: Երեւանում Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրով զգալի տուժեցին 19-20-րդ դարի հուշարձանները: Պաշտոնյաները վստահեցրել են, որ այդ հուշարձանները հետագայում կցուցադրվեն ինչ-որ թանգարանում: Սակայն, ի տարբերություն Երեւանի, յուրաքանչյուր քաղաք անպայման պահպանում է իր պատմական միջուկը: Պեղված գտածոն կարելի է լավ բիզնես դարձնել տուրիստների համար: Հիմա մենք մի քանի եկեղեցի ենք կարգի բերել՝ տուրիստներին մշտական ցույց տալու համար, իսկ մնացածը բուլդոզերով քանդում ենք. հեռանկար չկա»,- ասում է մեր զրուցակիցը: Պեղված իրը կամ առարկան դեռեւս պետք է մշակվի եւ անցնի համապատասխան լաբորատոր անալիզներ: Այդ կարգի անալիզները դրսում կազմակերպելու համար էլ գումար է պետք, պարզ է, որ Հայաստանի համար նշյալ կարգի լաբորատորիաները ճոխություն կլինեին: Միջազգային հիմնադրամները պատրաստ են ֆինանսավորել պեղումներ կազմակերպելու համար, սակայն ոչ երբեք՝ լաբորատորիաներ գնելու նպատակով: Դրսում պատրաստ են անգամ անվճար փորձաքննության ենթարկել պեղած գտածոն, որովհետեւ ցանկացած առարկա կարող է լրացնել պատմության սկզբնաղբյուրը: Նման մի ծրագրով էլ` Դվինի ուսումնասիրությունն ընթանում է Կալիֆոռնիայի համալսարանի Կոստենի հնագիտության ինստիտուտի աջակցությամբ: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին 2007թ. պետբյուջեից հատկացվել է 106մլն դրամ, որի արդյունքում վերսկսվել են Հայաստանի պատմական մայրաքաղաքներ Արմավիրի, Արտաշատի եւ Դվինի պեղման աշխատանքները: Այս աշխատանքները կարող են նյութ ապահովել մարդաբանության, ազգագրության, ճարտարագիտության, արվեստի եւ այլ ճյուղերի պատմության համար: Ինստիտուտի տնօրենը չի բողոքում պետության հատկացումներից եւ նշում է, որ զգալիորեն բարձրացել է ոլորտի մասնագետների աշխատավարձը: Պատկերավոր լինելու համար նշենք, որ գիտության դոկտորն ամսական վաստակում է 64.000 դրամ՝ նախկին 20-25.000-ի փոխարեն: Ոլորտի ամենամեծ խնդիրը մասնագետների պակասն է: Հայաստանում ունենք 30 հնագետ, եւ նրանց մեծ մասն էլ տարիքն առած մարդիկ են եւ չեն կարող դուրս գալ դաշտային աշխատանքների: Պավել Ավետիսյանը հույս ունի, որ նորավարտ երիտասարդներից կկարողանան համալրել հնագետների նոսրացած շարքերը: