Լարվածությունը մեծանում է

07/11/2007

Վրաստանի ընդդիմությունը, որ նոյեմբերի 2-ից բողոքի տեւական ցույց է անցկացնում, երեկ սկսել է պիկետներով շրջապատել երկրի պետական հաստատությունները: Առաջին պիկետն անցկացվել է Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց: Երիտասարդները կազմել են, այսպես կոչված, «ամոթի միջանցքը», որով ստիպված են անցնել այդ հաստատությունների աշխատակիցները: Ընդդիմության կողմնակիցները նրանց կոչ են անում չծառայել իշխանությանը եւ անցնել ընդդիմության շարք: Համանման պիկետներ են անցկացվելու Գլխավոր դատախազության եւ կառավարության շենքերի առաջ: Վրաստանի ընդդիմությունը, որ իշխանությունից պահանջում էր խորհրդարանի վաղաժամկետ ընտրություն, այժմ արդեն հանդես է գալիս Սահակաշվիլիի հրաժարականի կոչով, խոստանալով՝ հակառակ դեպքում սկսել քաղաքացիական անհնազանդության շարժում: Մ.Սահակաշվիլին նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, ուր մերժել էր ընդդիմության պահանջը եւ ասել, թե Վրաստանի նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն սահմանադրական ժամկետներում: Ի դեպ, արդեն նրա որոշ թիմակիցներ հայտարարել են, որ ընդդիմադիրների պահանջներն իրավացի են, եւ միացել են ընդդիմությանը: