Ոչ ոք հաճույքով չի վճարում հարկերը

07/11/2007

Հարկային պետական ծառայության գործունեության, մասնավորապես` կանխավճարներ հավաքագրելու մասին լրագրողների հարցին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախօրեին պատասխանել է, թե՝ «Հարկային մարմինների կողմից կանխավճարներ հավաքելու մասին լուրերն ինձ էլ են հասել, եւ ես բոլոր փաստերը հանձնարարել եմ ստուգել: Որեւէ անգամ, որեւէ փաստ չի հաստատվել, երբ հարկային մարմինները կանխավճար վերցնեն»,- ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ հարկեր հավաքելը բարդ գործընթաց է, եւ բոլոր գործարարները չէ, որ հաճույքով ուզում են հարկ վճարել: «Այս թեման իմ եւ Հարկային ծառայության պետի ամենօրյա խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն է: Նա խիստ հանձնարարություն ունի, որպեսզի հարկային մարմինները չչարաշահեն իրենց դիրքը եւ չճնշեն գործարարներին, սակայն մյուս կողմից էլ՝ հարկերը պետք է հավաքվեն, որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրներ լուծել, մարդկանց թոշակ տալ, աշխատավարձ բարձրացնել»,- ընդգծել է Ս. Սարգսյանը: Նրա դիտարկմամբ` Երեւանում կան մեծ խանութներ, որոնք 300-400 մլն դրամի շրջանառություն ունեն, սակայն վճարում են ընդամենը 20-30 հազար դրամ հարկ. «Բնական է, որ այդ մարդիկ պետք է լուրեր տարածեն եւ դժգոհ լինեն: Ես նրանց կոչ եմ անում, որ այն ծախսերը, որ նրանք կատարում են, վճարեն պետական բյուջե, ոչ թե իրենց հարցերը լուծեն պետական չինովնիկների հետ»,- ասել է վարչապետը` ընդգծելով, որ ՀՊԾ պետը հանձնարարություն ունի ընդունել ցանկացած գործարարի, ում մոտ նման խնդիրներ են առաջանում: «Բոլորին կոչ եմ անում դիմել նրան, եթե խնդիրը չլուծվի`թող դիմեն ինձ, սակայն հարկերը պետք է հավաքվեն»,- նշել է վարչապետը: