«Ալվարդ տոտա, ինձ օրհնի, մի անիծի, ես անիծված-պրծած եմ»

07/11/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տիկին Ալվարդն իր կիսաավերակ շինության փլատակից դուրս գալով՝ կոկորդը պատռելով, հարեւանուհու հետ վիճում է՝ «Ախչի Հասմի՛կ, քեզ ասեցի՝ տանդ զուգարանի պատը փակի, սաղ տունս խոլերայի բուն ա դարձել: Հոտից խեղդվում ենք: Աղջիկ ջան, դու ո՞վ ես, օրինակի համար, մի հատ արի իմ տուն ու տես՝ էս ինչ խոլերայում ենք ապրում: Էս Հասմիկի տան զուգարանի պատը փլված ա ու էդ փլվածքն էլ իմ կողմից կուխնիան ա, երեխեքս հիվանդանալու են, ինֆեկցիայի բուն ա»,- ասում է անծանոթ կինն, ով այնքան նյարդայնացած է, որ պատրաստ է հարեւանուհի Հասմիկին «հում-հում» ուտել: Հասմիկը կծկվում, վախենում է հարեւանուհու հարձակումներից ու խեղճացած ասում է՝ «Ո՞նց փակեմ, Ալվարդ տոտա, էս մի շաբաթ ա՝ լույս չունեմ, սովից մեռնում ենք, իսկ դու ասում ես՝ պատդ շարի: Էդ մթից ու ցրտից մարդս գժվել ա, գիշերը աչքին բաներ են երեւում, ես ի՞նչ անեմ, որ քեզ նեղություն չտամ, ա՛յ Ալվարդ տոտա ջան»: Հասմիկն ու Ալվարդ «տոտան» երկար վիճաբանում են ու որքան լսում եմ նրանց խոսակցությունն, այնքան ավելի դժվար է դառնում «Ալվարդ տոտայենց» կիսաավերակ ոտք դնելու վախը հաղթահարել: Տիկին Ալվարդի չարությունը հուշում է, որ ներսում սոսկալի տեսարան է լինելու: Երկու կանանց բղավոցը շենքի բնակիչների հետաքրքրասիրությունը շարժում է, ու բոլորը դուրս են գալիս տեսարանին մասնակցելու: Տիկին Ալվարդն ու Հասմիկը կողմնակալ հետեւությունից զերծ մնալու նպատակով՝ հարեւանների փոխարեն ինձ են ընտրում՝ որպես «դատավոր», ու ստիպելով տանում են Ալվարդենց տուն, որ արդար «դատեմ», թե ով է մեղավոր: Մտնում ենք շինություն, ու, որքան առաջանում ենք, այնքան սարսափը մեծանում է: Տիկին Ալվարդի վրդովմունքն ու բղավոցն ավելի խուճապահար են անում, որովհետեւ թվում է՝ հայտնվել եմ սարսափ ֆիլմում: Ալվարդի կիսաավերակով քայլելիս, կարծես մետրոյի թունելում լինես, որտեղի ելքը լաբիրինթոսի պես խճճված ու մութ է: Անհասկանալի փալասներով ծածկված անկյունում տեղադրված է սանհանգույցը, որի պատերը բացակայում են, եւ այն, այսպես ասած, բացօթյա զուգարան է ուղիղ տան մեջտեղում: Սրտխառնոցի ու գարշահոտի գլխապտույտից սթափվում եմ տիկին Ալվարդի բղավոցից, ով անխնա վիճում է՝ առանց մտածելու, որ անծանոթ մեկի համար այս տեսարանը սթրեսի պես մի բան է: «Դե՛, ասա, հիմա ես ո՞նց սրան չասեմ՝ պատդ շարի, հոտից խեղդվում ենք»,- կրկին նախահարձակ է լինում նա՝ ստիպելով Հասմիկին մեղադրել՝ իրեն վնաս պատճառելու համար: Հասմիկն իրեն մեղավոր զգալով՝ սկսում է լաց լինել ու հոխորտալով դիմում է ինձ՝ «Ախր ասում եմ՝ մարդս գժվել ա, դարդ ու ցավ ունեմ, փող չկա, որ մի քանի կիլո գաջ առնենք, փակենք: Գլուխս ո՞ր պատին տամ, երեխես սովից մեռնում ա: Ինքը մեծ կնիկ ա, գիտի մեր վիճակը, սաղ գիշեր մարդս ձեներ ա լսում, գոռում ա, ու իրանք էլ պատի հետեւից լսում են: Ալվարդ տոտա, ինձ օրհնի, է՛լի, դու ինձ մոր պես ես, մի անիծի, ես անիծված-պրծած եմ»: Տիկին Ալվարդին ասում եմ՝ «Լա՛վ, հանգստացե՛ք, եկեք նստենք մի քիչ խոսենք»: «Հա՞,- ասում է,- աղջիկ ջան, դու ո՞վ ես, էնքան ջղայնացած էի, որ սկի չհարցրի էլ»: Տիկին Ալվարդն իմ առաջարկից խուճապահար եղած՝ հարմար տեղ է ուզում գտնել, որ նստենք, բայց ամեն ինչ այնքան հակահիգիենիկ է, որ չի համարձակվում որեւէ տեղ առաջարկել նստելու համար: Ասում եմ՝ «Լրագրող եմ»: «Ա՛յ, քեզ բան, փա՜ռք քեզ, տեր Աստված: Ոչ մի բան պատահական չի, աղջիկ ջան, Աստված ա քեզ ուղարկել: Դրա համար էլ մեր հավատացյալներն ասում են, որ պիտի հավատաք, որ մի լույս բացվելու ա»: «Ի՞նչ հավատացյալ»,- հարցնում եմ: Պատասխանում է՝ «Ես Ավետարանի հավատքի եկեղեցում մասնակցում եմ ժողովների, ես հավատացյալ եմ»: «Ավետարանի հավատքի եկեղեցին ո՞րն է»,- հարցնում եմ: Ասում է, որ դա Էրեբունի համայնքում գտնվող «հավատացյալների» եկեղեցին է: Հարցնում եմ՝ «Էդ ժողովներին մասնակցելը ձեզ ի՞նչ է տալիս»: Պատասխանում է՝ «Մեզ ոչ մի օգնություն էլ չեն տալիս, մենակ միայնակներին են տալիս: Մեր նմաններին ասում են՝ դուք երեխեք ունեք, թող աշխատեն՝ ձեզ պահեն: Մենք գնում ենք, որ մի քիչ հոգու խաղաղություն ապրենք, թե չէ՝ աղջի՛կ ջան, հավատա՛, որ գժվում, ցնդվում ենք էս պրոբլեմներից: Մարդը երկար չի դիմանա սենց կյանքին, դրա համար էլ գնում, մի քիչ հույսով ենք լցվում: Իրանք ասում են, որ՝ պիտի հավատաք վաղվա օրվան, ու էդ հավատքով մի քիչ հեշտանում ա կյանքը: Օրինակ՝ քո գալը հո պատահական չէ՞ր, ուրեմն՝ Աստված ա քեզ ուղարկել»: Տիկին Ալվարդն անկեղծորեն ասում է, որ իրենց նման մարդկանց համար շատ կարեւոր է հույս տալը: «Եկեղեցու» ներկայացուցիչներն իրենց համոզում են, որ Աստված իրենց կյանքը փոխելու է, վաղվա օրը լավ է լինելու, իսկ այդ խոսքերը տիկին Ալվարդին ապրելու ուժ են տալիս: Չնայած նա մեկ-մեկ Հասմիկի տան պատի բացակայությունից չարանում ու սկսում է անեծքներ տեղալ, այդուհանդերձ, հուսով է, որ վաղն այդ պատը շարվելու է, իր չարությունը բարության է վերածվելու, ու ստիպված չի լինելու հավատացյալ «հալով» անիծել:

56-ամյա Ալվարդը երեք երեխաների մայր է, իսկ այս կիսաավերակում ապրում է որդու, հարսի եւ երեք թոռների հետ: Արդեն քանի օր է՝ հարսը երեխաների հետ հայրական տանն է ապրում, որովհետեւ երեխաները սովամահ էին լինում ու սառցակալում էին: Երեքն էլ մանկահասակ են եւ միեւնույն տան մեջ ապրում են բացօթյա սանհանգույցից դուրս եկող առնետների հետ: «Վախում եմ երեխեքի համար: Սաղ քունջ ու պուճախը հանում, մաքրում եմ, որ կռիսները վերանան, բայց ո՞նց վերանան, երբ որ էս տանը զուգարանը բաց ա, Հասմիկի տան զուգարանի ու իմ տան պատն էլ չկա: Ամեն մեկն էլ մի բռունցքի չափ են, որ երեխեքին մոտենան՝ կուտեն»,- ասում է տիկին Ալվարդը՝ վստահեցնելով, որ տղան բանվորություն է անում, սակայն մշտական աշխատանք` որպես այդպիսին, չունի: Ասում է, որ ինքն էլ տարբեր օբյեկտներում աման է լվանում, բայց քանի որ ձեռքի մատը կոտրված է՝ «ձեռիցս ընկնում՝ բաժակը կոտրվում ա, հանում, լարում են, ասում են՝ դու մեզ վնաս ես տալիս: Էդ ա, ուր մտնում ես, որ նորմալ աշխատես՝ մի բան գլխիդ գալիս ա, հանում-շպրտում են: Հիմա պիցայանոցում էի աման լվանում, հիվանդացա, ասեցին՝ տատիկ ջան, գնա, տանը նստի, դու աշխատելու ընդունակ չես»: Տիկին Ալվարդը դժվար տարիներին Վրաստանի իր բնակարանը վաճառել, տեղափոխվել է Հայաստան, սակայն անշարժ գույքի գների անսպասելի բարձրացման պատճառով՝ ի վիճակի չի եղել այստեղ բնակարան գնել: Տեղավորվել է մանկատանն ու որպես դայակ է աշխատել, իսկ երեխաներին ձեւակերպել է որպես մանկատան սան: Նրան տրամադրել են Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոցի նախկին ուսումնարանի շենքի այս կիսաավերակը, որն աղբանոցից քիչ է տարբերվում: «Շատ անտանելի վիճակ ա, էլ ներվերս չի դիմանում, արդեն գժվում ենք, աղջիկ ջան»,- ասում է նա ու ցույց է տալիս առանց ապակու պատուհանները: «Եկել ենք, ապակի չի եղել, ու էսքան տարի առանց դուռ, առանց լուսամուտ ձմեռներ ենք անցկացնում: Ի վիճակի չենք, ի՞նչ անենք»,- ասում է նա: Արդեն քանի շաբաթ է՝ նրանք հոսանքի չմուծված պարտքերի պատճառով էլեկտրականությունից զրկված են: Հարեւանուհին խղճացել եւ թույլ է տվել իր լույսից օգտվել, այլապես երեխաները մթությունից խելագարվում էին: Ջուրն էլ դույլերով բերում են հարակից շենքից: Տիկին Ալվարդը փողոցներից թղթեր, պլաստմասսայե շշեր է հավաքում, որ վառեն, տան ցուրտը մի քիչ կոտրեն: «Արդեն մարդ աներես ա դառնում էս պայմաններից: Քաղաքում որտեղ վառելիք եմ տեսնում, հավաքում, բերում եմ: Ավտոբուսի շոֆերները ջղայնանում, հայհոյում են, թե՝ ոտքի տեղը փակում եմ, բայց մարդիկ ճիշտ են ասում, ի՞նչ մեղադրես: Ասում եմ՝ տղա ջան, ոչինչ, մի նեղվի, ախր թոռներս մրսում են, ցավդ տանեմ, մի ջղայնացի»,- նեղսրտած ասում է տիկին Ալվարդը՝ նշելով, որ հագուստի հարցում օգնում են իր «հոգեւոր քույրիկները»:

Հեռանում եմ տիկին Ալվարդենց տանից, ում ձայնը երկար հեռավորությունից էլ անգամ արձագանքում է՝ «Ախչի Հասմիկ, մի՛ բան արա, էլ չենք կարա սենց ապրենք, հերիք եղավ»: Երկար ու ձիգ ճանապարհ եմ կտրում «մարդամեջ» դուրս գալու համար, որովհետեւ տիկին Ալվարդենց թաղամասը կարծես ռասիզմի հալածյալների համար նախատեսված, քաղաքից մեկուսացված վայր լինի: Այս թաղամաս ոտք են դնում միայն տեղի բնակիչները, իսկ ՀՀ քաղաքացիներին պաշտպանող հարյուրավոր օղակները, ամենայն հավանականությամբ, այս մարդկանց տեղն էլ չգիտեն: Այստեղ եկողները տեղի թշվառությունից սարսափում են, իսկ այստեղից դուրս եկողները միայն գնում են վաղվա օրվա հանդեպ հույս ներշնչողների մոտ` մխիթարվելու: