Կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանը բուռն գործունեություն է ծավալել 1990-ականներին, երբ դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար։ Այդ ժամանակ նրա անունը հայտնի էր բոլորին, իսկ նվագախմբի ամենշաբաթյա անվճար համերգների ժամանակ դահլիճը «պայթում» էր հանդիսատեսի քանակից։
Ցուրտ բնակարաններում կամ փողոցներում գտնվելու փոխարեն մարդիկ Ֆիլհարմոնիայի տաք ու լուսավոր դահլիճ էին գալիս եւ դասական երաժշտություն լսում։ Ֆենոմենալ մի երեւույթ էր ստեղծել, որը, սակայն, երկար չտեւեց։ Արդեն 21-րդ դարի սկզբին Պարսկաստանում ծնված ԱՄՆ-ի քաղաքացի Լորիս Ճգնավորյանը հեռացավ Հայաստանից։ Հեռացավ շատ արագ, եւ, թվում էր, որ այլեւս չի վերադառնա, քանի որ այդ ժամանակ լուրջ ընդհարումներ եղան կոլեկտիվի ու ղեկավարի միջեւ։
Այս օրերին Լորիս Ճգնավորյանը կրկին Հայաստանում է եւ իր շնորհակալությունն է հայտնում մեր երկրի վարչապետին, ով «ջերմագին շնորհավորանքներ» է հղել Ճգնավորյանի 70-ամյակի եւ նրա «մարդասիրական եւ հայրենասիրական մղումներով» հագեցած գործունեության առիթով։ Շնորհավորական ուղերձում ասվում է, որ դիրիժորը «հույսի եւ լույսի ճանապարհ» բացեց Հայաստանի համար։ Ճգնավորյանն ինքն էլ շատ երջանիկ ժամանակահատված է համարում իր ղեկավարման շրջանը։ «Հոյակապ տարիներ էին։ Ես եկա Հայաստան երկրաշարժից հետո, եւ իմ ոգում էլ երկրաշարժ տեղի ունեցավ։ Ես ծառայեցի իմ հայրենիքին, հետո ծառայությունս ավարտվեց։ Իմ աշխատանքի վերջը պիտի գար, ինչպես ավարտվում է ամենալավ կոնցերտը»,- ասաց նա։ Ճգնավորյանն ասաց նաեւ, որ ցանկություն չունի հանդիպել Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հետ եւ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչպե՞ս են աշխատում առանց իրեն. «Չեմ հետեւում օրկեստրի աշխատանքներին ու ելույթներին։ Ես բազմիցս ասել եմ, որ մեկ ձեռքը ծափ տալ չի կարող»,- խորհրդավոր ասաց նա։ Սակայն չդիմացավ գայթակղությանն ու ներկայացրեց հայկական մշակույթի վերակառուցման իր մոդելը, որը միակ ճիշտ ճանապարհն է համարում։ Ճգնավորյանը վստահ է, որ հարկավոր է Հայաստանի բոլոր նվագախմբերից հավաքել լավագույն երաժիշտներին ու մեկ նվագախումբ ստեղծել։ «Ես այդպես էի արել»,- ասաց նա։ Նա առաջարկում է նաեւ իրար միացնել Ֆիլհարմոնիայի եւ Օպերայի դահլիճները եւ մեկ ընդհանրացված կառույց ստեղծել, որն ինքը «մշակութային կենտրոն» է անվանել։ «Հիմա ես ո՛չ պաշտոն, ո՛չ աշխատանք չեմ ուզում Հայաստանից։ Ես զգացի վարչապետի ու ժողովրդիս սերը, եւ արդեն երջանիկ եմ։ Տեսնում եմ, որ Հայաստանը բարգավաճում է, հայերը միշտ էլ հնարագետ ու շինարար ժողովուրդ են եղել։ Հիմա հայերն ամեն անկյունում ինչ-որ բան են կառուցում։ Բայց ես տեսնում եմ, որ լավ երաժիշտները պակասում են, իմ բացակայության ութ տարիների ընթացքում շատ երաժիշտներ հեռացան Հայաստանից»,- ասաց նա։ Եվ վստահեցրեց, որ անձամբ ինքը երաժիշտների հետ որեւէ շփման հնարավորություն չի տեսնում։ «Եթե ինձ Հայաստան հրավիրեն, ես կհնազանդվեմ ու կրկին կծառայեմ հայրենիքիս, բայց՝ որպես խորհրդական կամ մշակույթի դեսպան»,- ասաց նա ու պատմեց, որ Հայաստանից հեռանալուց հետո սկսել է ավելի շատ ստեղծագործել. «Այստեղ ես որպես կոմպոզիտոր զրո էի, իսկ այժմ շատ պատվերներ եմ ստանում ու ակտիվորեն ստեղծագործում եմ»։