Հաղթողը Սեւակ Ամրոյանն է

07/11/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագիծը մոտեցավ ավարտին: Չորս ամիս տեւած նախագծի նախնական լսումներին մասնակցած 400 երիտասարդներից եզրափակիչ փուլ էին անցել 14 մասնակիցներ, որոնք էլ յուրաքանչյուր շաբաթ` համերգից հետո, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, հերթով թողնում էին նախագիծը:

Արդյունքում՝ մնաց երեք մասնակից, որոնցից մեկ շաբաթվա քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Երկրորդ տեղում Արմեն Դավթյանն էր, երրորդ տեղում` Նարեկ Պողոսյանը: Սեւակը նախագծի ամենաերիտասարդ մասնակիցն էր` 17 տարեկան։ Այս տարի ավարտել է դպրոցը, այժմ սովորում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի առաջին կուրսում: Նախագծի ժյուրիի անդամ, դերասան Ազատ Գասպարյանի խոսքերով` Սեւակի հաղթանակն անսպասելի չէր, հակառակը՝ շատ տրամաբանական էր. «Նա ամենակրտսերն ու ամենաուշիմն էր: Բայց բոլոր տասնչորս մասնակիցն էլ ընտրյալ են, նրանք ինձ համար «ժողովրդական երգիչ» անվան կրողներն են: Այս դեպքում հաղթող դուրս եկավ ամբողջ նախագիծը: Երբ բոլորն ուրախացան եւ շնորհավորեցին իրենց ընկերոջը, դա ապացուցեց, որ նախագիծն է հաղթել: Ինչպես որ մեր ժողովրդական երգի մեջ կա բարություն, սեր, այնպես էլ այս տասնչորսն էին իրենց վարքով այդպիսին»: Սեւակի մայրը` տիկին Սաթիկը, չափազանց ուրախ էր որդու հաջողության համար: Նա ասաց, որ որդին դեռ մանկուց է սիրել ժողովրդական երգը. «Սեւակի ծնվելուց հետո ժողովրդական երգ չի լսվել, ու ինձ հետաքրքիր էր նրա գենետիկ հիշողությունը: Սեւակը ասում էր, որ պետք է աշուղական երգեր երգի, այլ ժանր բացարձակ չի սիրել: Ես էլ զարմանում էի, թե ինչպե՞ս կարելի է չլսված երգերը սիրել, ինքը ոչ հեռուստատեսությամբ էր լսել, ոչ էլ այլ կերպ»:

Սեւակ Ամրոյանը մրցութային վերջին համերգից հետո դուրս մնաց նախագծից, սակայն գլխավոր պրոդյուսեր Հակոբ Ռուբինյանը նրան թողեց նախագծում, ինչի շնորհիվ եզրափակչում հայտնվեց երեք մասնակից: Հ. Ռուբինյանն ասում է, որ ինքը ցանկանում էր, որ եզրափակիչը ոչ թե երկու, այլ երեք մասնակից ունենա, ինչը շատ ավելի բազմաժանր համերգ կապահովեր: Բացի այդ, Սեւակին եւս մեկ հնարավորություն տրվեց, ինչից, փաստորեն, հետագայում նա կարողացավ օգտվել. «Ես առանձին թե՛ Նարեկին, թե՛ Արմենին հարցրել եմ՝ կարո՞ղ է խնդիրներ առաջանան իրենց մոտ: Երկուսն էլ միաբերան նշեցին, որ շատ ուրախ են Սեւակի մնալու համար: Իսկ որ արդյունքում հենց նա կդառնար հաղթող, ես այդ պահին կանխատեսել չէի կարող: Եթե անձամբ ինձ տրվեր իրավունքը, ես երեւի երեքին միանգամից կտայի «Ժողովրդական երգչի» կոչումը: Բայց խաղի կանոններն այսպիսին էին, հաղթողին ընտրեց ժողովուրդը: Կարող եմ ասել, որ մեկ շաբաթ տեւած քվեարկության ընթացքում առաջին իսկ օրվանից Սեւակը գտնվում էր առաջին տեղում»: «Շանթի» հիմնադիր-նախագահ Արթուր Եզեկյանի կարծիքով` «Ժողովրդական երգիչ» նախագիծն այն բացառիկներից է, որն ամեն ինչով կարելի է ստացված համարել` թե՛ իր հետաքրքրությամբ, թե՛ բարձր ռեյտինգներով. «Առանց չափազանցնելու՝ կարող եմ ասել, որ սա մեր լավագույն նախագծերից էր: Հազվագյուտ դեպքերից է, որ եւ՛ կոմերցիոն տեսակետից, եւ՛ բարոյական հաջողություն ունեցավ»: Ա.Եզեկյանը նշեց, որ այս նախագծի գաղափարն առաջացել է դեռեւս «Հայսուպերսթարի» լսումների ժամանակ, երբ երեխաները ժողովրդական երգեր են երգել. «Այն նախագծի ժյուրիի անդամները շատ տպավորված էին, ասում էին, որ ափսոս են այդ երեխաները, անհրաժեշտ է նրանց ներգրավել ինչ-որ նախագծում»:

Նախագիծը սկսելուց առաջ, ըստ Ա. Եզեկյանի, միակ մտավախությունն այն է եղել, որ հնարավոր է՝ բավարար թվով մասնակիցներ չհավաքվեն. «Կարող է սկսեինք, ու հանկարծ նախագիծը ձախողվեր՝ քիչ մասնակիցների պատճառով: Բայց հետո մեծագույն ուրախությամբ նկատեցինք, որ մասնակիցների խումբը շատ մեծ է: Պարզվեց, որ շատ երեխաներ կան, ովքեր լրջորեն զբաղվում են ժողովրդական երգով, եւ առանց երկար մտորումների՝ եկան մասնակցելու: Իսկ այն, որ նախագիծը հաջողություն կունենա, դրանում ոչ մի կասկած չկար: Յուրաքանչյուրս էլ մեր ընտանիքում գիտենք, թե որքան հաճելի է այդ երաժշտությունը: Ժողովրդական երգերը հատկապես երիտասարդների կատարմամբ նորովի են հնչում ու միշտ էլ հաճելի են: Համերգներից էլ երեւաց, որ տարիքային սահմանափակում չկար, լսարանը թե՛ երիտասարդներն էին, թե՛ ավելի տարիքով հեռուստադիտողները: Հիմա քննարկման պրոցեսում է «Ժողովրդական երգիչ» երկրորդը: Եվ անմիջապես սկսելու տարբերակը կա, եւ՝ փոքր-ինչ դադարից հետո: Բայց միանշանակ լինելու է, ինչպե՞ս կարելի է սկսած գործը կիսատ թողնել»:

Նախագծի ավարտից հետո արդյունքներից դժգոհ էին եզրափակիչ անցած մյուս մասնակցի` Արմեն Դավթյանի մտերիմներն ու ծանոթները: Նրանք նշում էին, որ Արմենը միայն մեկ անգամ է հայտնվել վտանգավոր գոտում, եւ նա արժանի էր հաղթանակի: Մասնավորապես` երգչուհի Արուս Գուլանյանը, ով նաեւ Արմենի ուսուցչուհին է, նշեց, որ ինքը Սեւակի դեմ ոչինչ չունի, բայց նա մի քանի անգամ սխալներ է գործել. «Նա միշտ ընկճված է եղել, բոլորի մեջ Արմենը բացառություն էր, դա իմ մասնագիտական կարծիքն է: Ես բավականին շատ եմ շփվում ժողովրդի հետ, եւ միանշանակ բոլորը վստահ էին, որ Արմենն է հաղթելու, քանի որ նրա մոտ ամեն ինչ իդեալական է: Բայց, այսպես թե այնպես, նա ժողովրդի երգիչն է, եթե թեկուզ առաջին տեղ չի ստացել: Միշտ էլ կարեւորը ժողովրդի գնահատականն է, թե չէ՝ ում ուզում են, նրան էլ ընտրում են»:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս բողոքներից անձամբ Արմենը տեղյակ չէր: Ավելին, վերջինն անկեղծորեն ուրախ էր ընկերոջ հաղթանակի համար: Բացի այդ, թե՛ եզրափակիչ անցած երեք մասնակիցները, թե՛ նախագծից դուրս մնացած մասնակիցներից մի քանիսն իսկապես հրաշալի էին երգում, եւ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի էր հաղթանակի: Սեւակը հիանալի ձայն ունի եւ բավական մեծ թվով երկրպագուներ (ինչպես նաեւ՝ մյուս երկու մասնակիցը), այնպես որ, նրա հաղթանակը տրամաբանական է: Իսկ դժգոհողներ յուրաքանչյուր մրցույթից հետո էլ լինում են:

Ավելացնենք նաեւ, որ Սեւակ Ամրոյանը ստացավ նաեւ դրամական մրցանակ` մեկ միլիոն դրամ: Իսկ «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր մասնակիցներն առաջիկայում` նոյեմբերի 27-ին, համերգ կունենան Գյումրիում, իսկ դեկտեմբերի 1-ին եւ 2-ին` Երեւանում, Արամ Խաչատրյան համերգասրահում: