Առաջարկել են պատգամավոր դառնալ

04/11/2007

2008թ. հունվարի 13-ին ԼՂՀ երկու ընտրատարածքներում կայանալու են ԼՂՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ: Դրանցից մեկը տեղի կունենա Ստեփանակերտի թիվ 4 ընտրատարածքում, որտեղից մինչ ԼՂՀ վարչապետ նշանակվելը պատգամավոր էր ընտրվել Արա Հարությունյանը: Այս ընտրատարածքում ընտրությունների հանդեպ որոշակի հետաքրքրություն կարող է առաջանալ այն պատճառով, որ ամենայն հավանականությամբ այդտեղ, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ կառաջադրվի ԼՂՀ նախագահի ընտրություններում հաղթած Բակո Սահակյանի հիմնական թեկնածուն` Մասիս Մայիլյանը: Վերջինս ընտրություններում պարտվելուց հետո, ինչպես հայտնի է, Բակո Սահակյանի հրամանագրով ազատվեց ԼՂՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնից, ինչն, ի դեպ, ոչ միանշանակորեն ընկալվեց եւ՛ ԼՂՀ-ում, եւ՛ հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում: Ըստ Ստեփանակերտի մեր աղբյուրների` իրավիճակը փոքր-ինչ մեղմացնելու նպատակով հենց իշխանություններն են առաջարկել Մասիս Մայիլյանին՝ մասնակցել ԱԺ լրացուցիչ ընտրություններին` բնականաբար, խոստանալով նաեւ որոշակի աջակցություն նրա ընտրվելու գործում: Իհարկե, պետք է նշել նաեւ, որ առանց այդ աջակցության էլ` անգամ ԼՂՀ նախագահի ընտրության պաշտոնական տվյալներից է երեւում, որ Մասիս Մայիլյանի դիրքերը Ստեփանակերտում բավականին ամուր են: