Այս օրերին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2008թ. պետական բյուջեի նախագիծը: Այս քննարկումներից հետո նախագիծը պետք է ընդգրկվի ԱԺ օրակարգում եւ քննարկվի (քվեարկվի) լիագումար նիստում: ՀՀ բյուջեն, ավանդույթի համաձայն, ԱԺ ներկայացնելուց հետո որեւէ անուն է «ստանում»: Անցյալ տարի, օրինակ, ներկայացնողները բյուջեն կոչեցին «սոցիալական», որովհետեւ սոցիալական ոլորտներին հատկացված գումարների ծավալը մեծ էր: Այս տարի նույնպես սոցիալական ոլորտներին ուղղված հատկացումները մեծ կշիռ ունեն` մոտ 40 տոկոս: Այդուհանդերձ, 2008թ. բյուջեն «սոցիալական» անունը չստացավ: Այն ստացավ ավելի հնչեղ անուն՝ պարզապես «երկուսուկես միլիարդանոց բյուջե»: Դեռեւս ամռանը, երբ հայտարարվեց, որ 2008թ. բյուջեն կազմելու է 2,5 մլրդ դոլար, բազմաթիվ կարծիքներ հնչեցին այն մասին, որ դա շատ հավակնոտ թիվ է, հայտարարողները չեն գիտակցել այդ թվի մեծությունը, եւ, որ եկող տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, դրա համար էլ մեր իշխանությունները «թիվ են» կրակել: Հնչեցին նաեւ այլ կարծիքներ, որոնց համաձայն՝ մինչեւ 2008թ. դոլարը կարժեզրկվի այնքան, որ Հայաստանի բյուջեն կարող է կազմել ոչ թե 2,5, այլ 3 եւ ավելի մլրդ դոլար: Սակայն 2008թ. բյուջեն այս տարվա համեմատ դրամային արտահայտությամբ էլ բավականին մեծ է: Եթե 2007թ. բյուջեի եկամտային մասն առանց պարտադիր սոցիալական ապահովության վճարների կազմում էր 458,8 մլրդ դրամ, ապա 2008թ.՝ 595 մլրդ դրամ: Այս գումարները պետք է հավաքեն հարկային ու մաքսային մարմինները: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ասելով՝ 595 մլրդ դրամի մոտ 60 տոկոսը կամ մոտ 360 մլրդ դրամը բաժին է ընկնելու Հարկային պետական ծառայությանը (ՀՊԾ): Այս տարվա բյուջեով հարկայինի մասնաբաժինը 278,7 մլրդ դրամ է: Իսկ 2008թ. հարկայինը պետք է 85 մլրդ դրամով կամ 261 մլն դոլարով կամ էլ միանգամից մոտ 35 տոկոս ավելի գումար հավաքագրի: Հիշեցնենք, որ այս տարի ճիշտ այդքան լրացուցիչ գումար պետք է հավաքեն հարկային ու մաքսային մարմինները միասին: Երկար ժամանակ է, ինչ խոսակցություններ կան, թե Հարկային պետական ծառայությունում մեծ լարվածություն է ստեղծվել 2008 թ. գումարները հավաքագրելու հետ կապված: Բացի այդ, հարկայինը դեռ պետք է կարողանա ապահովել նաեւ այս տարվա բյուջեով նախատեսված գումարները: Մամուլում հրապարակում եղավ այն մասին, թե ՀՊԾ նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական տվեց, որովհետեւ հասկացել էր, որ այս պայմաններում այդքան գումար չի կարողանա հավաքել: Ըստ նույն հրապարակումների, պարոն Ցոլակյանն առաջին կիսամյակում հարկատուներից արդեն նախատեսվածից ավելի շատ գումար էր հավաքագրել եւ երկրորդ կիսամյակում արդեն խնդիրներ էր ունենալու: Հայտնի է, որ օլիգարխները կամ իշխանությունների հովանավորությունը վայելող հարկատուները մեծամասամբ գործում են ստվերում եւ քվոտավորված են հարկ վճարում, նրանցից ավելին պահանջելը պարզապես անհնար է, իսկ մանր ու միջին հարկատուները բյուջեի համար չեն կարող միլիարդներ ապահովել: Այս խնդիրների մասին զրուցեցինք ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ, ով երեկ ԱԺ-ում մասնակցում էր բյուջեի քննարկումներին, եւ փորձեցինք ճշտել, թե Հարկային ծառայությունում իսկապե՞ս լարվածություն կա` կապված հաջորդ տարվա հարկային մուտքերի մեծ ծավալի հետ:
– 2,5 մլրդ դոլարանոց բյուջեն Ձեզ հավակնոտ չի՞ թվում: Հարկային ծառայությունը 2008թ. կկարողանա՞ կատարել բյուջեով նախատեսված հարկային մուտքերի հավաքագրումը:
– Մենք հետեւում ենք մամուլին եւ տեղյակ ենք, թե ինչ են ասում: 2008-ի պետական բյուջեն կատարման ենթակա է: Վարչարարական միջոցառումները, օրենսդրական փոփոխությունները եւ տնտեսական աճի նախատեսվող ցուցանիշները մեզ հիմք են տալիս ասելու, որ 2008թ. պետական բյուջեի հարկային մարմիններին վերաբերող մասը կատարման ենթակա է:
– Ի՞նչ միջոցների հաշվին պետք է հավաքագրվի այդ գումարը, եւ բյուջեի ավելացումն ավելի շատ ո՞ր հատվածի տնտեսվարողների վրա է ծանրանալու:
– 542 մլրդ-ից ավելին իրականացվում է տնտեսական աճի հաշվին, մնացած մասը նախատեսված է վարչարարության, բարեփոխումների եւ օրենսդրական փոփոխությունների հաշվին:
– Իսկ ստվերային տնտեսության կրճատման հաշվին որքա՞ն գումար կմուտքագրվի 2008թ. պետական բյուջե:
– Վարչարարական բարեփոխումներն իրենց մեջ ներառում են նաեւ ստվերային շրջանառությունների կրճատումը:
– Հարկային բեռի ավելացումը լարվածություն չի՞ առաջացրել հարկային մարմիններում:
– Ես ձեզ համոզված ասում եմ, որ լարվածություն հարկայինում միշտ կա այն առումով, որ մենք բյուջեով նախատեսված ցուցանիշը ժամանակին պարտադիր կատարել ենք, որպեսզի ծախսերն էլ ժամանակին կատարվեն: Անկախ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներից, պետական բյուջեն օրենք է, եւ հարկային մարմինները պարտավոր են այդ օրենքը ճիշտ ու ժամանակին կատարել:
– Խոսակցություն կա, թե ՀՊԾ նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանն առաջին կիսամյակում նախատեսվածից ավելի շատ հավաքագրումներ է կատարել, եւ այժմ հետագա հավաքագրումների համար խնդիրներ են առաջացել:
– Այդպես չէ, ես չեմ կիսում այդ կարծիքը: Առաջին կիսամյակում հավաքվել էր նախատեսված հարկային եկամուտների 45-46 տոկոսը, երկրորդ կիսամյակում 54-55 տոկոսն է նախատեսված: Եվ քանի որ 1 տոկոսային կետի կշիռն արդեն ազդեցիկ է, կազմում է շուրջ 2,5-2,8 մլրդ դրամ, հետեւաբար, բնական է, որ երկրորդ կիսամյակում դրված խնդիրն ավելի ծանր է: