Կարմիր, կապույտ, ծիրանագույն…

04/11/2007

«Քաղաքական դաշտը միայն սեւ ու սպիտակ կամ միայն սեւ տեսնելն այնքան էլ ճիշտ չէ: Պետք է տեսնել ծիածանի բոլոր գույները»,- անդրադառնալով վերջին շրջանում երկրում տիրող իրավիճակին տրվող բացասական գնահատականներին՝ երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Իսկ որքանո՞վ է հանդուրժողականության եւ արդարության շրջանակում տեղավորվում այն, որ հանրային միջոցներից սնվող լրատվամիջոցները, որոնք պարտավոր են անկողմնակալ լիարժեք տեղեկատվություն հաղորդել, եթեր են հեռարձակում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ` առանց հրապարակելու այն ելույթը, որի դեմ հանդես է գալիս ՀՀ նախագահը: Այս հարցադրմանն ի պատասխան, Մ. Մինասյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ Լ. Տեր-Պետրոսյանը հնարավորություն չի ունենալու «Հ1»-ով խոսելու: Երբ նա առաջադրվի նախագահի թեկնածու, ըստ օրենքի` նա բոլոր թեկնածուների հետ հավասար իրավունք է ունենալու օգտվել հանրային եթերից: Առաջին նախագահի ելույթը տպագրված է որոշ թերթերում, եւ ցանկացողները կարող են ծանոթանալ»: Ավելին` նրա կարծիքով, քանի դեռ Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու չէ, հանրային լրատվամիջոցները պարտավոր չեն տեղեկատվություն տալու: Ուշագրավը, թերեւս, նրա հետեւյալ ձեւակերպումն էր. «Շատ մարդ շատ բան է ասում: Երկրի նախագահի պատասխանը տեւել է մի քանի րոպե, իսկ մեկ ժամից ավելի հեռուստատեսությունը զբաղեցնել չի կարելի»: