ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը հոկտեմբերի 22-23-ին արձանագրված շաքարավազի գնի կտրուկ բարձրացման հետ կապված՝ երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «մի խումբ մարդիկ տրամադրված էին աժիոտաժ ստեղծել եւ ստեղծեցին»: Սակայն նա չմանրամասնեց, թե ովքեր էին այդ «մի խումբ մարդիկ»: «Ես չգիտեմ, ես ԱԱԾ պետ չեմ, որ ասեմ ովքեր են արել,- ասաց պարոն Շահնազարյանը: -Ես ինքս խանութում լսել եմ, որ աշխատողներն ասում էին՝ գները բարձրանում են, վերցրեք»: Եվ այդպես, ըստ Ա. Շահնազարյանի, բոլոր խանութների տերերն իրար հետեւելով՝ բարձրացրել են շաքարավազի գինը: Հանձնաժողովը, սակայն, Ա. Շահնազարյանի խոսքերով, այդպես էլ չի փորձել պարզել, թե, ի վերջո, այդ օրն ո՞վ բարձրացրեց շաքարավազի գինը: «Մենք ստուգումներ չարեցինք, որովհետեւ դա կանխվեց 12-15 ժամվա ընթացքում,- ասաց պարոն Շահնազարյանը: -Այդ հարցը չէր էլ քննարկվելու, ուղղակի աժիոտաժ առաջացնողները սխալվեցին իրենց հաշվարկների մեջ»: Նման պայմաններում ոչ ոք չի կարող բացառել, որ այսուհետ էլ այդ «մի խումբ մարդիկ» պարբերաբար կորոշեն նման «աժիոտաժներ» առաջացնել եւ գերշահույթ ստանալ: Իսկ հանձնաժողովն աժիոտաժ ստեղծողներին գտնելու եւ պատժելու փոխարեն՝ այն միամիտ տպավորությունն է ստեղծում, թե շաքարավազի գինը մի քանի ժամվա ընթացքում բարձրացրին մանրածախ խանութները: Իրականում այդ փորձերը ընդամենը «մանրածախ» ծառայություններ են, որոնք մատուցում է հանձնաժողովը մեծածախ վաճառքով զբաղվող գործարարներին, ինչպես, օրինակ, շաքարավազ ներմուծողներին: Ավելի ճիշտ` ներմուծողին` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: