Երեկ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մեկնարկել է Վրաստանի ընդդիմության կազմակերպած հանրահավաքը:
Այն անցնում է «Վրաստանն՝ առանց նախագահի» կարգախոսով: Հանրահավաքի մասնակիցների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում: Երեկ երեկոյան, 20:30-ի տվյալներով, ըստ միջազգային լրատվամիջոցների, հանրահավաքին մասնակցում էր մոտ 30-40 հազար մարդ, իսկ Վրաստանի ընդդիմությունը եւ ռուսական լրատվամիջոցները նշում էին 50 հազար մասնակիցների մասին: Սակայն, ի տարբերություն ՀՀ իշխանությունների, Վրաստանի իշխանությունները կարծեք թե չեն փակում շրջաններից մայրաքաղաք տանող ճանապարհներն ու այլ խոչընդոտներ չեն ստեղծում: Համենայն դեպս, այդ մասին ոչինչ չի հաղորդվում: Փոխարենը հաղորդվում է, որ ավտոբուսներով շարունակվում է մարդկանց հոսքը դեպի Վրաստանի մայրաքաղաք ու սպասվում է, որ հանրահավաքի մասնակիցների թիվը կարող է հասնել մինչեւ 100 հազարի: Թբիլիսիի՝ հանրահավաքի վայրին մոտ գտնվող դպրոցներում ընդհատվել են դասերը, Ռուսթավելի պողոտայում դադարեցված է երթեւեկությունը: Միավորված ընդդիմադիրները՝ մոտ 10 կուսակցություն, երկրի նախագահից պահանջում են հրաժարական տալ եւ իշխանությունը փոխանցել խորհրդարանին: Ընդդիմադիրների համակարգող խորհուրդը հանրահավաքում ներկայացրել է իրենց հիմնական պահանջները: Դրանք չորսն են: Առաջին՝ խորհրդարանի ընտրությունն անցկացնել 2008-ի մարտ-ապրիլ ամիսներին, այլ ոչ թե հաջորդ տարվա աշնանը, երկրորդ՝ ընտրական հանձնաժողովները ձեւավորել պարիտետային սկզբունքով, երրորդ՝ փոխել ընտրական օրենսգիրքը եւ չորրորդ՝ ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին»: Ընդդիմադիրները հայտարարել են, որ հանրահավաքը կդադարեցնեն միայն նշված պահանջների վերաբերյալ բանակցություններն ավարտելուց հետո: Իշխանությունները ժխտում են, որ երկրում քաղբանտարկյալներ կան: Ընդդիմադիրները նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրում են «Վարդերի հեղափոխությանը» դավաճանելու մեջ»: Ի դեպ, ընդդիմադիրների կազմակերպած հանրահավաքը ոչ միայն որեւէ կերպ չի խոչընդոտվել ու չի խոչընդոտվում, այլեւ ուղիղ եթերով հեռարձակվում է «Իմեդի» հեռուստաընկերությամբ, մի բան, որն այսօր ուղղակի անհնար է պատկերացնել Հայաստանում: Վրաստանը Հայաստանից դրական իմաստով տարբերվում է նաեւ այլ առումով. այդ երկրի նախագահը ոչ միայն ընդդիմադիրներին «չարացած ու թունավոր» չի որակում, ոչ միայն չի փորձում նրանց ամեն կերպ աննորմալ կամ դավաճան ներկայացնել, այլեւ պատրաստ է լսել նրանց ու բանակցել նրանց հետ: Վրաստանի իշխանությունները համաձայն են ընտրությունների սկզբունքների շուրջ բանակցությունների նստելու առաջարկին: Ընդդիմադիրները վստահեցրել են, որ հանրահավաքը խաղաղ է լինելու, իրենք գործելու են բացառապես Սահմանադրության շրջանակներում, եւ «գունավոր հեղափոխություն» ծրագրված չէ: Ի դեպ, նախօրեին անսպասելիորեն երկիրը լքել է ընդդիմադիր առաջնորդներից՝ երկրի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վերջինս երկրի նախագահին մի քանի լուրջ մեղադրանքներ ներկայացրեց, նշեց, թե նախագահն իրեն մեկ անգամ չէ, որ հանձնարարել է սպանել գործարար Բադրի Պատարկացիշվիլիին: Իր այս հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց Օքրուաշվիլին կալանավորվեց: Նա մեղադրվում էր փողերի լվացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Կալանավորվելուց օրեր անց պաշտպանության նախկին նախարարը մոտ 6 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ այնուհետեւ հրաժարվեց իր հայտարարություններից: Եվ ահա նախօրեին էլ նա անսպասելիորեն ընտանիքի հետ լքել է երկիրն ու, ըստ որոշ տեղեկությունների, մեկնել Գերմանիա: Փոխարենը Վրաստան է վերադարձել գործարար Բադրի Պատարկացիշվիլին, ով ֆինանսավորում է ընդդիմությանը: Գործարարը հայտարարել է, թե ինքը չի մասնակցի ընդդիմության հանրահավաքին, սակայն կաջակցի ընդդիմադիրներին: Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ երկրի իշխանություններին հորդորել է փոխզիջման գնալ ընդդիմության հետ եւ թույլ չտալ արյունահեղություն: Շեւարդնաձեն ասել է, որ տվյալ իրավիճակում երկրում շատ բան կախված է կառավարությունից: «Փոխզիջում պետք է գտնվի ամեն դեպքում: Միակ բանը, ինչ չի կարելի թույլ տալ եւ ինչը պետք է բացառվի, արյունահեղությունն է: Եթե արյուն հեղվի, այդժամ Վրաստանում քաոս ու դժբախտություն կտիրի, հնարավոր է, որ քաղաքացիական պատերազմի վտանգ ծագի: Ուստի հարկ է, որ կառավարությունն ավելի մեծ համբերություն ու ճկունություն ցուցաբերի»,- հավելել է Շեւարդնաձեն: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն վստահեցրել է, որ իշխանությունը երաշխավորում է բոլորի սահմանադրական իրավունքները: «Մեկ անգամ եւս հավաստում եմ, որ հանրահավաք անցկացնելու իրավունքը եւ կարծիք հայտնելու իրավունքը բոլորին կերաշխավորվի Սահմանադրության շրջանակներում, թեեւ կոնկրետ հարցեր լուծելու համար հանրահավաքը լավագույն վայրը չէ»,- ասել է Բուրջանաձեն: Նա նշել է, որ «խորհրդարանում մեծամասնության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը չի դադարել»: Երեկվա տվյալներով՝ ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքն անցնում էր առանց միջադեպերի: