«ԳԱԼԱ»-ին զրկել են գովազդատուներից

04/11/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում մի քանի օր շարունակ անցկացվող հարկային ստուգումների արդյունքում առայժմ ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Փոխարենը, հեռուստաընկերությունը զրկվել է գովազդատուներից: 26-27 գովազդատուից մնացել են 3-ը, որոնք էլ, ըստ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Խաչատրյանի` շուտով դուրս կգան: «ԳԱԼԱ»-ի «ողջ դժբախտությունն» այն է, որ համարձակվել է եթեր հեռարձակել ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մյուս ընդդիմադիրների ելույթը:

Վ. Խաչատրյանը նշում է, որ տարբեր կառույցներից զգուշացումներ եղել են, որպեսզի ելույթը չհեռարձակվի, սակայն ինքը բոլորին մերժել է. «Հիմա էլ Ներքին գործերի վարչությունն է հարցաքննում այն մարդկանց, ովքեր վերջին յոթ տարիների ընթացքում (ինչ ես Գյումրիում եմ) ինչ-որ կերպ առնչություն են ունեցել իմ հետ: Նրանց հրավիրում են Ոստիկանություն, ուզում են ինչ-որ բան գտնել իմ դեմ»:

Վ. Խաչատրյանի հավաստմամբ` մինչ այդ հեռարձակումը, ինքը ոչ ոքի հետ ոչ մի խնդիր չի ունեցել: Նա հիմա էլ իրեն չի համարում Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցը, սակայն, իր իսկ ասելով` ցանկանում է եթեր տրամադրել բոլորին անխտիր` թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Վ. Խաչատրյանը մտադիր է հեռուստաընկերության գովազդային բլոկների փոխարեն խոսքի ազատության վերաբերյալ հատվածներ մեջբերել ՀՀ Սահմանադրությունից: «Ինձ ուղղակի ասվել է, որ եթե ես շարունակեմ նույն ոճով, այսինքն`շարունակեմ օբյեկտիվ լուսաբանել այդ գործընթացները, կլինեն ստուգումներ, որոնց արդյունքում կլինեն տույժեր, ես կկորցնեմ իմ ամբողջ սեփականությունը եւ, ի վերջո, ստիպված կլինեմ հեռանալ Հայաստանից: Ինձ ակնարկել են նաեւ, որ կարող են «գործ սարքել» ու ձերբակալել ինձ: Ակնարկներ եղան, որ քանի որ նախկինում` 7 տարի առաջ ես զբաղվել եմ բենգալյան կրակների արտադրությամբ, հիմա կարող են հիշել, որ մոտավորապես այդ ժամանակ, օրինակ, ինչ-որ պայթյուն է գրանցվել եւ այլն: Դե, այդ տեխնոլոգիաներին իրենք երեւի ավելի լավ են տիրապետում»,- ասում է «ԳԱԼԱ»-ի տնօրենը:

Հեռուստաընկերության հետ կապված խնդիրներին արձագանքել են նաեւ մի շարք լրագրողական կազմակերպություններ: Երեկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նախաձեռնել էր երեւանյան մի շարք լրատվամիջոցների մեկնումը Գյումրի: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս ստուգումները թաքնված գրաքննության տեսակ են: Բացի այդ, համաշխարհային ժուռնալիստիկայի պրակտիկայում նման չգրված օրենք կա. ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ լրատվամիջոցներում առհասարակ ոչ մի ստուգում չի անցկացվում, որպեսզի դա իբրեւ քաղաքական ճնշում չդիտվի. «Առաջին անգամ հեռուստաընկերության ղեկավարն իշխանություններին բացեիբաց հայտարարեց, որ նրանց ուզածով չի լինելու, ինքը եթեր տրամադրելու է բոլորին: Մինչդեռ նրան բոլոր ճանապարհներով հորդորում էին ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործիչների ելույթների հեռարձակումից: Դա է պատճառը, որ մենք լրագրողական կազմակերպություններով մեր պարտքը համարեցինք սատարել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը: Այսօրվա այցը, բացի լուսաբանումից, լրագրողական համերաշխության քայլ է: Եթե լրագրողները համերաշխություն չցուցաբերեն, առանձին-առանձին նրանց ավելի հեշտ կլինի ճնշելը»:

«ԳԱԼԱ»-ում հարկային ստուգումներ էին իրականացվում նաեւ երեկ: Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին զուտ այն պատճառով, որպեսզի, իր ձեւակերպմամբ` «ամեն ինչ չքաղաքականացվի». «Մեր ստուգումները բյուջեի հետ փոխհարաբերությունները ճշտելու հերթական ստուգում են: Այսօր կատարվող ամեն մի ստուգում բոլորը կարող են քաղաքականացնել: Իսկ պետական մարմինները չեն կարող հետաձգել իրենց պլանային հերթական ստուգումները: Ամեն ինչ չի կարելի դնել քաղաքական ռելսերի վրա: Եթե նման ձեւով մոտենանք հարցին, մեր բոլոր տնտեսվարող սուբյեկտների մեջ ինչ բացթողում հայտնաբերվի, բոլորը կարող են դա իբրեւ քաղաքական խնդիր ներկայացնել»,- ասաց նա:

Զրուցեցինք նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ, ով, իր իսկ հավաստմամբ` ընդհանրապես տեղյակ չէր «ԳԱԼԱ»-ի խնդիրներից: Նա նշեց, որ տվյալ հեռուստաընկերության հետ իրենք այսօր շարունակում են աշխատել այնպես, ինչպես նախկինում: Իսկ մարզպետարանի կողմից «ԳԱԼԱ»-ին ընդդիմադիրների ելույթը չհեռարձակելու պարտադրանք կամ դիմում չի եղել: Օրեր առաջ իշխանամետ թերթերից մեկում գրվել էր, թե «ԳԱԼԱ»-ում հարկային ոլորտում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Հարկային տեսչությունը նույնպես սկսել էր ստուգումները` խախտումները նշելով: Հետաքրքիրն այն է, որ խախտումների մասին խոսակցությունները սկսվել են նախքան ստուգումներ իրականացնելը: Եվս մեկ հետաքրքիր փաստ. եթե խախտումներ իսկապես կան, ապա դրանք տեղի են ունեցել ներկայիս մարզպետ Լիդա Նանյանի օրոք, երբ նա Գյումրիի Հարկային վարչության պետն էր: Տիկին Նանյանը, սակայն, նշեց, որ իր պաշտոնավարման տարիներին հարկային դաշտում «ԳԱԼԱ»-ի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել. «Ստուգման գործընթացն այսպես է` եթե մարդիկ ժամանակին հարկերը վճարում են, հաշվետվությունները ներկայացնում են, ստուգումներ իրականացնելու կարիք չի լինում: Հատուկ պատճառ չի եղել, որ ընդամենը 2 տարի գործող հեռուստաընկերությունը մենք ստուգենք: Մարդիկ հարկերը ժամանակին վճարել են, բարեխիղճ հարկատու են եղել»,- ասաց Նանյանը:

Ի վերջո, թե հարկայինն ինչո՞ւ հանկարծ որոշեց ստուգումներ անցկացնել «ԳԱԼԱ»-ում, այդպես էլ պարզ չէ: Սակայն պարզ է մի բան. այդ քայլով իշխանությունները հեռուստաընկերության համար հրաշալի PR-ակցիա ապահովեցին: Եթե նախկինում «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մասին ընդամենը գիտեին Շիրակի մարզի բնակիչները (այն էլ՝ երեւի ոչ բոլորը), այսօր այդ հեռուստաընկերության մասին տեղյակ են գրեթե բոլորը: Հետո էլ ասում են` իշխանություններից ոչ մի օգուտ չկա: