ԵԱՀԿ/ԺՀՄԻ-ն ափսոսանքով է ընկալում այն փաստը, որ առաջին անգամ իր պատմության մեջ մի պետությունից հրավեր է ստանում, որն իր մեջ սահմանափակումներ է պարունակում: Այս մասին հայտարարել է գրասենյակի մամլո խոսնակ Ուրդուր Գունարսդոտիրը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ-ում դեկտեմբերի 2-ին անցկացվելիք ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից ընդամենը 70 դիտորդ հրավիրելու փաստը: «Սա աննախադեպ է: Այժմ մենք ուշադրությամբ քննության ենք առնում ուղարկված հրավերը, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ բարդություններ կարող է այն ի հայտ բերել՝ հստակ ու պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնելու ճանապարհին»,- ասել է նա: 2003թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ՌԴ տարբեր մարզերում ընտրությունների ընթացքին հետեւել էր ԵԱՀԿ-ի ավելի քան 400 դիտորդ: Արեւմտյան մամուլի գնահատմամբ՝ ռուսական կողմի այս առաջարկը ԵԱՀԿ-ի դեմ պաշտոնական Մոսկվայի ծավալած լայնածավալ հարձակման տրամաբանական շարունակությունն է: Անցած շաբաթ «Նյու Յորք թայմսը» տեղեկացրել էր, որ ՌԴ-ն սեպտեմբերի 18-ին պաշտոնական փաստաթուղթ է հղել ԵԱՀԿ անդամ պետություններին՝ առաջարկելով սահմանափակել կազմակերպության հովանու ներքո գործող դիտորդական առաքելությունների լիազորությունները: Մասնավորապես, առաջարկվում է դիտորդների թվի կրճատում մինչեւ 50 հոգի: Բացի այդ, ՌԴ-ն առաջարկում է արգելել ԵԱՀԿ դիտորդներին՝ ընտրությունների ընթացքին եւ մթնոլորտին վերաբերող գնահատականներով հանդես գալ մինչեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը: ՌԴ-ի այս նախաձեռնությունը պաշտպանել են ԱՊՀ անդամ մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանը: