Խնդրել է աջակցել

04/11/2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մասնակցել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էներգակենտրոնի գործարկմանը: Հայաստանում, ինչպես նաեւ՝ ողջ տարածաշրջանում առաջին անգամ կիրառվող կոգեներացիոն մեթոդով գործող ջերմապահովման կենտրոնում օգտագործվում են ամերիկյան հանրահայտ «Կատերպիլեր» ընկերության սարքավորումները:

Բժշկական համալսարանի նորակառույց կենտրոնը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզիայով եւ հաստատագրված սակագնով արտադրելու եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը վաճառելու է ժամում 4 մեգավատտ էլեկտրաէներգիա: «Կատերպիլերի» կոգեներացիոն սարքավորումն էլեկտրաէներգիայի արտադրությանը զուգահեռ, որպես կողմնակի արդյունք, թույլ կտա ստանալ 4,6 մեգավատտ ջերմային էներգիա, ինչն առանց լրացուցիչ ծախսերի կապահովի համալսարանի ուսումնական եւ կլինիկական բոլոր մասնաշենքերի ջեռուցումը: Հատուկ սարքավորումները ջերմային էներգիան կփոխակերպեն սառը օդի` ապահովելով համալսարանի մասնաշենքերի հովացումն ամռան ամիսներին: Կոգեներացիոն սարքավորումն ամբողջությամբ ավտոմատացված է, որի մոնտաժման աշխատանքներն իրականացրել է «Կատերպիլերի» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Զեփելին Արմենիա» ընկերությունը: Էներգակենտրոնի շինարարությունն իրականացրել է «Հորիզոն» կազմակերպությունը: Ռ. Քոչարյանը կատարված աշխատանքը համարել է ուսանելի` նշելով, որ փորձը կարելի է կիրառել այլ հիմնարկներում եւս, քանի որ եւ՛ տեխնիկան է լավ, եւ՛ մեթոդը: Ռ.Քոչարյանը երեկ այցելել է նաեւ համալսարանի նորակառույց վարչական մասնաշենք, մասնակցել բուհի գիտխորհրդի դռնփակ նիստին: Բուհի ռեկտոր Գոհար Քյալյանը տեղեկացրել է, որ գիտխորհրդում ՀՀ նախագահին խնդրել են աջակցել վերականգնել այն ուսանողական ավանը, որը ժամանակին եղել է Բժշկական համալսարանի շուրջ` Կորյունի փողոցից մինչեւ Շարիմանյան փողոցը, ներառյալ Աբովյանի պուրակը: Գ. Քյալյանի խոսքերով` այդ ամենը 1995թ. հանձնվել է համալսարանին, սակայն տարիների ընթացքում համալսարանը ծանր պայմաններում է հայտնվել, որոշ կառույցներ սեփականաշնորհվել են, որոշ շենքեր փլուզվել, եւ քանի որ ներկայումս համալսարանն ի զորու է դրանք պահել, խնդրել են իրենց վերադարձնել այդ տարածքները: Նրա հավաստմամբ` իրենք պատրաստ են փոխհատուցել կրպակների կամ շինությունների տերերին: Համալսարանը ներկայումս 5000 ուսանող ունի եւ, Գ.Քյալյանի համոզմամբ` միջազգային չափանիշներին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար տարածքն անհրաժեշտ է ուսումնական կլինիկաներ բացելու, պրակտիկ գործունեությունը զուգահեռաբար կազմակերպելու համար: ՀՀ նախագահը խոստացել է ուսումնասիրել առաջարկը, եթե այն ներկայացվի գրավոր` հիմնավորող նախագծերով եւ փաստաթղթերով: