Այն փաստը, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերթական անգամ հեռուստախցիկների առաջ տուգանեց մոնոպոլիստներին, ոչ թե բավարարության զգացում է առաջացնում երկրում մոնոպոլիաների դեմ պայքարի ուժեղացման առումով, այլ ավելորդ անգամ հաստատում է այդ պայքարի թվացյալ բնույթը: Նույնիսկ տուգանքների կտրուկ ավելացված չափերը չեն փոխում հարցի էությունը:
Իսկ հարցի էությունն այն է, որ հանձնաժողովի գործողությունները բացարձակապես չեն նպաստում երկրում մրցակցության իրական պաշտպանությանը եւ շուկաների իրական դեմոնոպոլիզացիային, ինչը հանձնաժողովի գլխավոր գործառույթը պետք է լիներ: Մոնոպոլիստները հանգիստ վճարում են տուգանքները եւ շարունակում անթույլատրելի, հանցավոր մեթոդներով շուկայից դուրս շպրտել մրցակիցներին: Շուկաների մոնոպոլիզացիայի գործընթացը Հայաստանում այսօր միայն թափ է առնում` չնայած հանձնաժողովի գոյությանը:
Երբ ամերիկացիները կասկածեցին իրենց ազգային հպարտության` Microsoft ընկերության մոնոպոլիզացիոն նկրտումներին, մրցակցություն առաջացնելու նպատակով քննարկվեց նույնիսկ ընկերության` երկու մասի հարկադիր բաժանման հարցը, քանի որ ամերիկացիների համար մրցակցությունն ավելի կարեւոր է, քան նույնիսկ Microsoft-ը: Եվրամիությունը շուկայի նման մոնոպոլիզացիայի համար տուգանեց Microsoft-ին, միաժամանակ ընկերությանը պարտավորեցնելով գաղտնազերծել վիճելի ծրագրերի ելքային կոդերը, այսինքն՝ դեմոնոպոլիզացիայի գործնական քայլեր ձեռնարկեց:
Ասվածի իմաստն այն է, որ եթե մոնոպոլիստների դեմ պատժամիջոցները չեն ուղեկցվում շուկաների փաստացի, հարկադիր դեմոնոպոլիզացիայի միջոցառումներով եւ նրանցում հարկադիր մրցակցության ստեղծմամբ, ապա այդ պատժամիջոցները ոչ միայն անօգուտ են, այլեւ վնասակար, քանզի դրանց համար վճարելու է սպառողը: Դա եւս երեւում է Microsoft-ի օրինակից: Այն 2 մլն դոլարը, որն ամեն օր Եվրամիությանը վճարվում է որպես տուգանք, մինչեւ վեճի վերջնական լուծումն ընկերությունն ուղղակի դրել էր իր արտադրանքի ինքնարժեքի մեջ…
Այդ իսկ պատճառով միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանում, իրական հակամենաշնորհային պայքարի բացակայության պայմաններում, հանձնաժողովի կողմից սահմանված բոլոր տուգանքները վերջին հաշվով վճարվելու են մեր սպառողների կողմից` ներքին շուկայում մենաշնորհային գների հետագա աճի մեխանիզմով: Այդ ամենը մենք այսօր տեսնում ենք: Ավելին` մոնոպոլիստներին թույլատրելով շարունակել մենաշնորհային դիրքեր զբաղեցնել ու երբեմն միայն պետության հետ կիսել մենաշնորհային գերշահույթի փոքր մասնաբաժինները (հանձնաժողովի որոշմամբ), պետությունը փաստացի ինքն է դառնում գնային դավադրության կողմ եւ փայատեր մոնոպոլիստի հետ` սպառողի հաշվին: Այս ամենը նշանակում է, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայիս գործունեությունն իրականում միայն նպաստում է երկրում գների աճին: Որքան բարձր են տուգանքների չափերը, այնքան մեծ է հանձնաժողովի ներդրումը սղաճում, այսինքն՝ հանձնաժողովն ինքը դառնում է սղաճի հավելյալ ներքին աղբյուր` «ի ուրախություն» Կենտրոնական բանկի, որը կոչված է զսպելու այն եւ որն առանց այդ էլ լեցուն հոգսերի մեջ է` համաշխարհային շուկաներից սղաճի ներկրման պատճառով: Ուստի, այսօր հնչող առաջարկները մոնոպոլիստներից գանձվող տուգանքները տարեկան շրջանառության ծավալի 2%-ից 5%-ի հասցնելու մասին կոնտրպրոդուկտիվ են եւ ինֆլյացիոգեն:
Այսպիսով, խոշոր ներկրող-մոնոպոլիստների շահերն այսօր հակասում են հանրության շահերին եւ արգելք են դառնում երկրի հետագա զարգացման համար: Նրանց գործունեությունը հանգեցնում է գնագոյացման կոպիտ խեղումների, սպառողներին խաբելուն, արհեստական գերշահույթների ստացմանը, ցածր վարձատրվող աշխատատեղերի պահպանմանը, կոնկրետ ոլորտում օտարերկրյա ներդրումների բացակայությանը, սղաճի ավելացմանը եւ այլն… Առանձին շուկաներում մենք ունենք ոչ միայն գերակշռող դերակատարներ, այլեւ 100%-անոց մոնոպոլիստներ: Սահմանափակվել պնդումով, թե նրանք չեն չարաշահում գները, նշանակում է՝ զբաղվել ինքնախաբեությամբ: Շուկաների մոնոպոլիզացիայի եւ երկրում գների շուրջ զանգվածային պայմանավորվածության պրակտիկայի կիրառման լավագույն ապացույցը դրամի կուրսի խիստ ամրապնդման պայմաններում դրամային գների չիջնելն է: Ընդհակառակը, մենք տեսնում ենք ներկրված ապրանքների դրամային գների աճ: Դա նշանակում է, որ Հայաստանում մրցակցության մեխանիզմը չի աշխատում, ուստի նման տնտեսությունը չի կարելի անվանել շուկայական: Ցավոք, մեր իշխանությունը մինչ այսօր կամ չի զգացել խնդրի ամբողջ լրջությունը, կամ էլ ինչ-որ պատճառներով, որոնց մասին կարելի է ենթադրել, շահագրգռված է նման ստատուս-քվոյի պահպանման մեջ:
Իրավիճակը շտկելու համար, քանի դեռ մոնոպոլիզացիայի թակարդը վերջնականորեն չի փակվել, անհրաժեշտ է անցնել մոնոպոլիստների հետ թվացյալ պայքարից` իրականի: Դրա համար երկու պայման է հարկավոր` իշխանության ներքին շարժառիթների փոփոխություն եւ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին նոր օրենքի ընդունում: Վերջինիս նպատակը պետք է լինի ոչ թե մոնոպոլիստների անօգուտ տուգանումը, այլ հանձնաժողովին շուկաներում հարկադիր մրցակցություն ստեղծելու իրավասություն տալը: Հանձնաժողովի գործը չէ տնտեսվարող սուբյեկտներից գների իջեցում պահանջելը, նրա գործն ու հիմնական կոչումն է` հասնել իրական դեմոնոպոլիզացիայի: Պետությունն այդ խնդիրը բաց է թողել եւ հիմա դեմոնոպոլիզացիայի համար դժվարին պայքար է սպասվում: Եթե պետությունն այդ գործում չհաղթանակի, ապա Հայաստանի տնտեսությանը երկարատեւ հեռանկարում ստագնացիա է սպասվում:
«Դելովոյ էկսպրես»