Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոց ոտք դնելուն պես տարօրինակ զգացում ես ապրում: Անդուռ, անպատուհան շենքերից դուրս եկող մարդիկ դանդաղկոտ մոտենում են ու տարակուսած հարցնում, թե՝ «Մեր տեղն ո՞վ է ասել, ո՞նց եք իմացել, որ էստեղ մարդիկ են ապրում»:
Այս տարածքի բնակիչները կարծես պատերազմից տուժածներ լինեն: Անծանոթ մարդ տեսնելուն պես տներից դուրս են գալիս հյուծված, դեմքի լարված արտահայտությամբ, ոտքից, ձեռքից հաշմանդամ մարդիկ, ու տպավորությունն այնպիսին է, ասես այստեղ ինչ-որ աղետից տուժած մարդիկ են հանգրվանել: Բոլորն ուզում են խոսել ու բոլորն էլ խնդրում են ժամանակ տրամադրել իրենց ընտանիքի պատմությունը լսելու համար: Լրագրողի ներկայությունն այս մարդկանց մեջ շատ կարեւոր բան է արթնացնում, իրենց հանդեպ ուշադրությունից այնպես են շոյվում, որ սկսում են վիճել, թե առաջինն ում տուն պետք է մտնեմ: «Եթե էս թաղամաս ոտք եք դրել, ուրեմն՝ ինչ-որ լավ բան ա կատարվում մեր երկրում: Էսքան տարվա մեջ մեզնով որեւէ մեկը չի հետաքրքրվել, չգիտեն էլ, որ ստեղ ահագին մարդ ա ապրում»,- ասում են տեղի բնակիչները:
47-ամյա Երջանիկը դժվարությամբ է տեղաշարժվում, խոնավության տհաճ սառնությունից ու ցրտից կծկվել է բազկաթոռի մեջ: «Տան» աննկարագրելի վատ կենսապայմանների պատճառով առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Կանացի ծանր վիրահատությունից հետո Երջանիկն ի վիճակի չի եղել պարբերաբար ստուգվելու, եւ հիմա նրա հիվանդությունը շատ է բարդացել. «Կես մարդ եմ դարձել: Ոչ կարողանում եմ աստիճան բարձրանալ, ոչ կռանալ, ոչ էլ քայլել: Ահավոր ցավեր ունեմ, բայց ռիսկ չեմ անում հիվանդանոց ոտք դնել: Վիրահատության ժամանակ համարյա մահացած վիճակում եմ եղել, հրաշքով փրկել են կյանքս, բայց հիմա մեր պայմաններն էնպիսին են, որ, եթե պրոբլեմ չունենաս էլ՝ հազար հիվանդություն կստանաս»,- ասում է նա, ում հաշմանդամության թոշակ նշանակելու համար անհրաժեշտ են բժշկական փաստաթղթեր, որոնք ձեռք բերելու համար պետք է հիվանդանոցում պառկի: Ամուսինը՝ Սամվելը, Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներից է, ոտքից հաշմանդամ է, սակայն թոշակ չի ստանում միայն այն պատճառով, որ գումար չունեն բուժհաստատությունում հետազոտվելու, այնուհետեւ՝ բժշկական հանձնաժողովին ներկայանալու համար: Երջանիկն ու Սամվելը երեք երեխա են մեծացնում սարսափելի վատ կենսապայմաններում: Նրանց տան պատերն անավարտ են, եւ դրսի քամին ներխուժելով ներս՝ սարսափելի սառնություն է բերում: Ավագ որդին շուտով պիտի գնա զինվորական ծառայության, իսկ մյուս որդիներն անչափահաս են: «Տղաս գնաց, շինարարության վրա մի քանի օր աշխատեց, մեջքը ծռվել էր, չէր կարում տեղից շարժվեր: Եկավ, ասեց՝ մամա, չեմ կարում աշխատեմ, շատ ծանր գործ ա: Ախր երեխեքի մեջ արյուն չկա, չեն սնվում, դրա համար էլ ծանրությանը չեն դիմանում»,- պատմում է Երջանիկն՝ ասելով, որ ներկայումս իրենց տանն աշխատող չկա: Ասում եմ՝ «Բայց հիմա աշխատանքի խնդիր չկա, ամենուր բանվորի աշխատատեղ կա»: Ասում է՝ «Դե՛, ես էլ ասում եմ, որ տղայիս մեջքը ծռվել էր՝ էնքան ծանր գործ էր: Ամուսինս էլ հաշմանդամ ա, ոտքն ընդհանրապես չի կարում շարժի: Ոտքի միջի ասկոլկեքը շատ են խեղճացնում: Ընդհանրապես ինքը շնորհքով, արհեստավոր տղա ա, բայց ֆիզիկապես ի վիճակի չէ: Մանավանդ էս եղանակներին ոտքի ցավից ոռնում ա: Պահ ա լինում, որ ընկնում ա գետնին, ոտքը միամիտ թուլանում ա»: Սամվելը ձեռնափայտով է տեղաշարժվում, սակայն խոնավ եղանակին գամվում է անկողնուն: «Հիմա իրա համար էլ, ինձ համար էլ ասում են, որ պիտի պառկենք հիվանդանոց, որից հետո նոր թոշակ կնշանակեն»,- վստահեցնում է Երջանիկը: Ասում է, որ ձմռանը հայտնվում են անելանելի վիճակում, որովհետեւ դրսի ցուրտը տան ջերմաստիճանից մեղմ է: «Վառարանը դնում ենք, ու երեխեքն ընկնում փողոցից ցելոֆան, թուղթ-մուղթ են հավաքում, որ մի քիչ տաքանանք: Ձմռանը շատ վատ ենք լինում, սառցակալում, մնում ենք»,- ասում է նա: Երջանիկն ասում է, որ օրերով քաղցած են մնում, եթե հարեւաններն ի վիճակի են լինում՝ սնունդի հարցով ձեռք են մեկնում: Սակայն այս տարածքի բնակիչներից բոլորն էլ նույն խնդիրներով են ապրում: Ասում է՝ «Ոչ թոշակ, որ Փարոս, ոչ մի բան չենք ստանում: Հենց նոր հարեւանը մի հատ հաց ա բերել, երեխեքով ցամաք հաց են կերել, դուրս են եկել»:
Ինչպես ՀՀ շատ քաղաքացիներ, այնպես էլ՝ այս ընտանիքն, իրենց բնակարանը վաճառել են դժվար տարիներին՝ կուտակված պարտքերը մարելու համար: Նախկին ուսումնարանի շենքի այս կիսաավերակը գնել են 2500 դոլարով, իսկ կենցաղային իրերը տարիների ընթացքում վաճառել են, որ հացի փող ունենան:
Երջանիկին խնդրում եմ, որ ինձ ուղեկցի իրենց սենյակներով, որտեղ մտնելիս բացի զարմանքից ու խղճահարությունից՝ ուրիշ ոչինչ չես զգում: Նրանց տան սանհանգույցը տեղադրված է ընդհանուր մի տարածքում, որտեղ պատեր չկան: Այս տունը ոչնչով չի տարբերվում շքամուտքերի աղբանոցներից, իսկ ամենաահավորն այն է, որ մարդիկ հարմարվել են այս սոսկալի կենսապայմաններին: Երջանիկի ընտանիքը հաշտվել է աղքատության, անհարմարավետության, ցրտի, հակահիգիենիկ վիճակի հետ: Այնպես են խոսում, ասես կյանքից այլեւս ոչ մի ակնկալիք չունեն ու հաղթահարում են այն օրերը, որոնք անցնում են ինչ-որ բան հայթայթելու բնազդով: