Հայաստանը Ֆրանսիայի բարեկամը չէ, այլ՝ փոքրիկ քույրիկը

04/11/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մաթեմատիկոս եւ պատմաբան, ակադեմիկոս, խոշոր հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանն այն մարդկանցից է, ով միշտ իր գործը մեծ պրոֆեսիոնալիզմով է կատարում եւ նույնն ակնկալում է գործընկերներից:

Կլոդ Մութաֆյանը Երեւան էր բերել իր հոր` գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի կտավների ցուցահանդեսը, որն այս օրերին ցուցադրվում է Ազգային պատկերասրահում: «Երբ հայրս 1971 թվականին այցելեց Հայաստան, նրա աշխատանքների ոճը փոխվեց, գույները կարծես «վառվեցին» ու պայծառացան: Ես ցանկացա ցուցադրել նրա վերջին շրջանի այդ նկարները եւ նվիրեցի դրանք հորս 100-ամյակին»,- ասում է Կ-Ա. Մութաֆյանը:

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացված միջոցառումների շարքում Կլոդ Մութաֆյանը մեծ դերակատարություն ուներ, նա ամենատպավորիչ ցուցադրություններից մեկի` Մարսելում բացված «Հայաստան. գրերի մոգություն» ցուցահանդեսի համակարգողն էր: Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ Կլոդ Մութաֆյանը պատմեց Ֆրանսիայում կազմակերպած ցուցադրությունների խնդիրների մասին, որոնց Հայաստանում անտեղյակ էին: Նա գտնում է, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան արժանավայել կեցվածքով ներկայացնել հայկական հանճարեղ մշակույթը:

Կլոդ Մութաֆյանը դեռ 1993 թվականին Սորբոնի մատուռում նախաձեռնել էր Կիլիկիո թագավորության շրջանի պատմությանը նվիրված ցուցահանդեսի ստեղծումը: Իսկ 1999թ. նա ներկայացրեց միջնադարյան Հայաստանը Վատիկանի Սիքստինյան սրահում: «Հռոմ-Հայաստան» ցուցահանդեսի ենթատեքստում հայ-իտալական կապերն էին: Նա համոզված է, որ հայ-ֆրանսիական կապերն այս տարի շատ ամրացան, սակայն այդ կապերը ոչ թե պետական, այլ` մարդկային էին:

– Ֆրանսիայում Հայաստանի տարին հարթ չի անցել, եղել են եւ՛ գեղեցիկ ցուցադրումներ, եւ՛ բացթողումներ:

– Անհատական մոտեցումն անխուսափելի էր, քանի որ միջոցառումները շատ էին: Ցուցահանդեսները չէին կարող հավասար մակարդակի վրա լինել: Նշեմ, որ շատ ահավոր էր Սարյանի ցուցահանդեսը, որը տեղի ունեցավ Փարիզի հեռավոր արվարձանում` Խաղաքարտերի թանգարանում: Կուզեմ շեշտել, որ Հայաստանի տարին հաջող անցավ ցուցահանդեսների կազմակերպիչների, այլ ոչ թե՝ պաշտոնական մարմինների ջանքերի շնորհիվ: Ֆրանսիական եւ հայկական հանձնախմբեր էին ստեղծվել, որոնք ամեն ինչը պետք է համակարգեին, բայց այդ երկու խմբերի միջեւ մթնոլորտը շատ լարված էր: Լուվրի «Armenia sacra» ցուցահանդեսում շատ կարեւոր սխալներ կային: Հայկական կողմը պատրաստ էր շատ աննշան մանրուքների դեմ բողոքել, բայց մեծ սխալների վրա ուշադրություն չէր դարձնում: Օրինակ, 7-8-րդ դարի քարտեզի վրա, վերջիվերջո, նշվեց, որ մեր հարեւանը Ադրբեջանն է, մինչդեռ այդպիսի պետություն չկար, այդ դարերում դա Աղվանքն էր: Ցուցահանդեսի տախտակները ֆրանսիական կողմն էր պատրաստում, իսկ Էջմիածնի ներկայացուցիչներն այդ սխալի վրա ուշադրություն չդարձրին, բայց բողոքեցին այն ձեւակերպման դեմ, ըստ որի՝ հայերն Ավարայրի ճակատամարտում պարտվել են: Ախր ինչպե՞ս կարելի է պատմությունը փոխել, հայերը պարտվել են, եւ դա թաքցնել չես կարող:

Մարսելի ցուցահանդեսի պատասխանատուն ես էի, եւ գիտեմ, թե ինչպիսի սարսափելի խնդիրներ էին ծագում, որոնք հազիվ հաղթահարվեցին: Ցուցահանդեսը պետք է ապրիլին բացվեր, բայց մինչեւ մարտի վերջը Մարսելի քաղաքապետարանը չէր տվել իր համաձայնությունը: Հետո սկսեցին խնդիրներ ծագել «Ազգային տարի» մարմնի հետ, որի անդամների միակ մտահոգությունն այն էր, թե ինչպե՞ս պետք է աֆիշի ու ալբոմների վրա գրվեն իրենց անունները: Երկարատեւ թղթակցություն էինք վարում: Հայկական կողմը մտածում էր միայն, թե ինչպես պետք է իրենք ներկայացված լինեն, ինչպիսի տառերով է գրվելու նրանց անունները, եւ պատրաստ էին նույնիսկ ջնջել ցուցահանդեսը, եթե ամեն ինչն իրենց ուզածով չլիներ: Ես խոստացել էի, որ ամեն ինչը համաձայնեցնելու եմ նրանց հետ, բայց նրանք իմ խոսքին չէին հավատում ու Հայաստանի թանգարաններից բերվող նմուշները պատանդ էին պահել սահմանի վրա: Հայ պաշտոնական անձանց փառամոլությունը շատ էր խանգարում աշխատանքին: Հայաստանի փառքը նրանց չէր հետաքրքրում, ուզում էին միայն իրենց անունները նշել: Ես պատրաստ էի ֆրանսիական կողմի փառամոլության հետ բախվելուն, բայց Հայաստանից չէի սպասում: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ուզում էր, որ ֆրանսիացիների անունները հրավիրատոմսերի վրա չգրվեին, բայց դա անկարելի բան էր, քանի որ համատեղ հանձնաժողով էր: Աշխարհում ընդունված կարգ կա. կատալոգների մեջ առաջինը դրվում է տեղացիների խոսքը, իսկ հայերը ցանկանում էին, որ առաջինն իրենց ճառը լիներ: ՀՀ դեսպանը շատ էր բարկացել, որ իր խոսքը ֆրանսիացիներից հետո էր տպագրվել: Ոչ մեկին բուն ցուցահանդեսը չէր հետաքրքրում, դեսպանը նույնիսկ թանգարանի ներսը չմտավ: Երբ ցուցահանդեսի բացումից մի քանի օր առաջ իմացա, որ ցուցահանդեսը կարող է եւ չբացվել, իմ կյանքի ամենասարսափելի օրն ապրեցի: Ես երկու տարի աշխատել էի այդ ցուցահանդեսի վրա, ահագին մարդ էի ներգրավել գործի մեջ, Լոզանից մինչեւ Վարշավա նամակագրության մեջ էի: Հայաստանի տարվա պատասխանատուից նամակ ստացա, որտեղ գրված էր. «Ես ցուցահանդեսը չեմ ուղարկի», կարծես թե այդ նմուշները որեւէ մեկի սեփականությունն են: Ստիպված եղա մինչեւ վարչապետի աշխատակազմ հասնել, որպեսզի այստեղ հրահանգ տան՝ ցուցահանդեսին չխոչընդոտել: Այդ պատմության մեջ միակ դրական բանն այն էր, որ ես 6 կիլոգրամ նիհարեցի, ինչն ինձ շատ էր հարկավոր:

– Կարծում եք, որ այդ մեծամտությունը միայն հայերի՞ն է բնորոշ:

– Ոչ միայն հայը, մարդն է այդպիսին: Ֆրանսիական կողմն էլ շատ մեղքեր ուներ: Բոլորն այստեղ ասում էին` Ֆրանսիան շատ առատաձեռն է, մեր երկրի համար ամեն ինչ արեց… Ոչ մի բան էլ չարեց, նմուշների տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը հայկական կողմի ուսերի վրա էին: Իսկ դրանք հսկայական գումարներ էին: Ֆրանսիան բնավ էլ ոչ մի շահ չուներ Հայաստանը ներկայացնելու համար: Ֆրանսիայի համար միայն երկու տեսակի պետություններ կան` իրեն հավասարներն ու մյուսները: Իսկ Հայաստանի միակ կարեւորությունը Ֆրանսիայի համար այն է, որ Ֆրանսիայում հայեր կան: Վերջ: Կարեւոր կետը ֆրանսահայերի քվեներն են: Ֆրանսիան շատ արհամարհական վարվեց հայերի հետ, Հայաստանը կարծես Ֆրանսիայի փոքրիկ քույրիկն էր, այլ ոչ թե՝ ընկերը: Եթե Ֆրանսիայում Գերմանիայի կամ Իտալիայի տարին լիներ, Ֆրանսիան բնավ այդպես չէր վարվի: Նմուշներ ուղեկցողներին սովորաբար հյուրանոցով եւ օրապահիկով են ապահովում, եւ եթե, օրինակ, Բրիտանական թանգարանից երկու նմուշ բերած գիտաշխատողին օրական 150 եվրո են տալիս ու երեքաստղանի հյուրանոցով են ապահովում, ապա 30-40 նմուշ բերած հային տեղավորում էին երկու աստղանոց հյուրանոցում, իսկ օրապահիկն էլ իջնում էր ամենաշատը 30-50 եվրոյի: Եվ հաշվի առեք, որ Ֆրանսիան երբեք պաշտոնապես չհայտարարեց, որ ամբողջ ծախսերը Հայաստանից են գալիս: Լուվրի ցուցահանդեսի ծախսերի 95%-ը, եթե ոչ ավելին, Հայաստանն է արել: Ֆրանսիան ձրի ստացավ այդ ցուցահանդեսը, եւ երբեք չհայտարարեց այդ մասին: Ֆրանսահայերից շատերն ասում էին` օ՜, տեսեք Ֆրանսիան ինչեր արեց մեզ համար` մոռանալով, որ Ֆրանսիան ոչինչ էլ չարեց: Հայաստանի պաշտոնական անձինք շատ սխալ կեցվածք էին ընդունել:

Մշակութային շփումներն, անկասկած, շատ են պետք, բայց պետք է ընդունել, որ երկու կողմերն էլ պետք է արժանապատիվ կեցվածք ունենան: Իսկ մշակույթի տեսակետից մեր երկրներն իրավամբ հավասար են: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հայկական մշակույթը ֆրանսիական մշակույթին չի զիջել: Եվ աշխարհը տեսավ դա, հասկացավ, որ Հայաստանը միայն ջարդեր տեսած, հարեւան պետության հետ պատերազմող ու փախստականներ ունեցող երկիր չէ, որ քարտեզի վրա փոքրիկ կետ զբաղեցնող Հայաստանը հանճարեղ մշակույթ ունի, որով կարող է շշմեցնել աշխարհին:

– Պարզվում է, որ ամեն բան սահուն ու ճիշտ չի եղել, ինչպես այստեղ ներկայացվում է:

– Բայց այդ մասին խոսել է պետք, քանի որ հայկական թանգարանների աշխատողներն այդ մասին ասել չեն կարող: Ես դա ասում եմ, որպեսզի այստեղի մարդիկ իրենց վստահ զգան: Ես անգիր գիտեմ այստեղի մթնոլորտը, գիտեմ քծնողական մոտեցումը: Բայց դա պետք է շտկվի, քանի որ ցուցահանդեսների կազմակերպիչները շատ տանջվեցին: Նման խնդիրների պատճառով, օրինակ, տեղի չունեցավ հայ բնանկարիչների ցուցադրությունը, իսկ Ռուանում բացված Գյումրիի հնագիտական թանգարանի ցուցահանդեսը, որը շատ մեծ կարեւորություն ուներ Հայաստանի համար, քանի որ երկրաշարժ ապրած Գյումրիի վերածնունդն էր խորհրդանշում եւ շատ գեղեցիկ էր արված, բոլորովին արձագանք չստացավ:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ հրավիրատոմսի վրա Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի անունը բավականին մեծ տառերով գրված չէր, եւ նա բացմանը չգնաց: Իսկ թանգարանի տնօրենն ուղղակի խենթի պես էր աշխատել` ցույց տալու համար Գյումրիի այսօրվա կյանքն ու անցյալը: Ես այդ մասին բացեիբաց եմ խոսում, քանի որ Հայաստանում շատ բաներ մարդիկ չգիտեն: Ֆրանսիան արհամարհական կեցվածք ուներ, իսկ Հայաստանի իշխանությունները` փառամոլական:

– Իշխանություններն անցողիկ են, իսկ մշակույթը մնայուն է: Մի պահեք ձեր սրտում վիրավորանք:

– Ես դա հասկանում եմ:

– Վերջերս լարվածություն կար Մատենադարանում, որի ղեկավարությունը ամերիկյան «Հիլլ» թանգարանի հետ ձեռագրերը թվանշանայնացման պայմանագիր կնքեց, հետո այն անվավեր ճանաչեց:

– Լավ եղավ, որ չեզոքացվեց այդ սխալ պայմանագիրը: Բայց վատն այն է, որ եւ՛ պայմանագրի կողմնակիցները, եւ՛ նրանք, որոնք աղմուկ բարձրացրեցին պայմանագրի դեմ, սխալներ գործեցին: Որոշ հայագետներ մամուլում այնքան հայհոյանքներ տեղացին մեկը մյուսի գլխին, որ ուղղակի ամոթ էր: Երբ իմանում էի, որ պետք է որեւէ մեկին հանդիպեմ, նախ պարզում էի, թե ինչպե՞ս ինձ պահեմ, ո՞ւմ մասին կարելի է խոսել, իսկ ո՞ւմ մասին` չի կարելի: Կտրուկ ձեւակերպումները, անհատական թշնամությունն, իհարկե, միշտ էլ եղել են մարդկանց մեջ, բայց այս պայմանագրի շուրջ ստեղծված մթնոլորտը շատ վերքեր թողեց մարդկանց սրտում: Երկու կողմերն էլ սխալ էին:

– Թվանշանայնացումը կատարելու ամենալավ լուծումը ո՞րը կլինի:

– Անշուշտ, այդ գործը պետք է Հայաստանում անցկացնել: Պայմանագրի ընդունմանը գումարվեց նաեւ նոր տնօրենի ընտրությունը, եւ շատերը բոլորովին անհիմն սկսեցին հարձակվել նոր տնօրեն Հրաչ Թամրազյանի վրա: Բայց նա խելացի մարդ է, եւ կարծում եմ` ամեն բան ճիշտ կանի: Մատենադարանի շուրջ ծագած այդ աղմուկը շատ հիասթափեցրեց ինձ:

Հիմա նոր բաժանում, նոր ճեղք է բացվել հայագետների մեջ, հիմա կողմերից ամեն մեկն իր «թշնամիների» սեւ ցուցակն ունի: Նրանք պետք է կարողանան հաշտվել ու չվիրավորել միմյանց: Սխալ պայմանագիրը չեզոքացավ, վերջ, պետք է այդ էջը փակել:

– Լուսավոր կետեր տեսնո՞ւմ եք Հայաստանում:

– Այո, տեսնում եմ, բայց ինձ շատ զարմացրեց ու վշտացրեց Երեւանի գրախանութների փակումը: Երեւանի իմ տան մոտ «Նորք» գրախանութն էր գտնվում, եւ ես միշտ իմ այցելության առաջին օրերին նոր գրքեր գնելով էի զբաղվում: Եվ այս վերջին այցելությանս ժամանակ տեսա, որ այդ գրատունը դրամատուն է դարձել: Սա շատ խորհրդանշական եմ համարում:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր երկիրը դեմոկրատական է դառնում:

– Դա բարդ հարց է: Հայաստանը ոչ կրոնական, ոչ էլ դեմոկրատական երկիր է: Կրոնի ուժը շատ կարեւոր է, քանի որ կրոնը միշտ հակադեմոկրատական է: Եթե կրոնը շատ ուժեղ է, ինչպես, օրինակ, որոշ իսլամական երկրներում, ուրեմն այդ երկրները դեմոկրատական լինել չեն կարող: Ես անհավատ եմ եւ կարծում եմ, որ եկեղեցին ամենահետամնաց մտածողությունն ունի, իսկ Հռոմի Պապին ես ոճրագործ եմ համարում:

– Ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ կտրուկ բնութագրումը:

– Եկեղեցին հակաբեղմնավորման միջոցների դեմ է հանդես գալիս եւ այդ միջոցների օգտագործումը մեղք է համարում: Իսկ դա ոճրագործություն է, քանի որ աշխարհի այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսին են աֆրիկյան երկրները, երեխաները նապաստակների նման են ծնվում, եւ շատերը դեռ մանուկ ժամանակ սովից մահանում են: Դա ոճրագործություն է: Շատերը գիտեն, որ երեխաներին չեն կարող կերակրել, բայց, միեւնույն է, ծնում են երեխաների, քանի որ Հռոմի պապը դեմ է հակաբեղմնավորիչների օգտագործմանը: