ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերջերս կայացած նիստում քննարկվել էր կարագի եւ ձեթի գների թանկացման հարցը:
Ըստ հանձնաժողովի` որքան էլ այդ թանկացումները պայմանավորված են եվրոպական շուկայում տեղի ունեցած գների բարձրացմամբ, սակայն, եթե, օրինակ, Եվրոպայում ֆիննական կարագը թանկացել էր ընդամենը 17 տոկոսով, ապա Հայաստանում թանկացել էր կրկնակի անգամ: Հանձնաժողովի այդ նիստին, ներկրողներից բացի, հրավիրվել էին նաեւ իրացնող կազմակերպությունները: Ներկա էր «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության ներկայացուցիչը: Հանձնաժողովն այդ թանկացումը որակել էր որպես հակամրցակցային համաձայնություն եւ տնտեսվարող սուբյեկտներին տուգանել շրջանառության 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի շատ, քան 300 մլն դրամը:
«Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որով ներկայացնում էին իրենց մեկնաբանությունները:
«Հոկտեմբերի 20-22-ը հայաստանյան ԶԼՄ-ներն ու տպագիր մամուլն անդրադարձան կարագի եւ բուսական յուղի (ձեթի) շուկայում արձանագրված գների բարձրացմանը եւ դրա առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ հոկտեմբերի 19-ի նիստին, որտեղ քննարկվում էր հիշյալ ապրանքատեսակների շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնություններին վերաբերող հարցեր։ ՏՄՊՊ հանձնաժողովում իբրեւ հակամրցակցային համաձայնության եկած տնտեսվարող սուբյեկտ մատնանշվել էր նաեւ «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի անունը, ինչը դարձավ մեր Ընկերության բարի համբավի շահարկման առարկա։
Այս առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ.
1. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից «Հայր եւ որդի Երիցյաններ» ՍՊԸ-ից պահանջվել էր ներկայացնելու կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման ու իրացման գները՝ ընդհանուր կարգով։ ՏՄՊՊ հանձնաժողովի այդ պահանջը չէր վերաբերում Ընկերության կողմից ձեռք բերված ապրանքի եւ այն իր սեփականության իրավունքով պատկանող հացի արտադրության մեջ՝ որպես հումք օգտագործվող կարագին եւ բուսական յուղի ձեռքբերման գներին։ Մինչդեռ Ընկերության ներկայացուցիչը ՏՄՊՊՀ-ին էր ներկայացրել նաեւ որպես հումք օգտագործված կարագի եւ բուսական յուղի գնման գները, որը Հանձնաժողովը դիտել էր որպես Ընկերության կողմից սպառողներին վաճառված ապրանք։ Իրականությունը, սակայն, այն է, որ մեր Ընկերության կողմից 1 կգ-ն 800 դրամով ձեռք բերված նորզելանդական կարագը ոչ թե վաճառվել, այլ՝ օգտագործվել է հացի եւ հրուշակեղենի արտադրության մեջ, որի շնորհիվ Ընկերությունը հնարավորություն է ունեցել իր արտադրած հացի գինը չբարձրացնել այն դեպքում, երբ ընդհանուր շուկայում տեղի է ունեցել գների աճ։ Հանձնաժողովը ենթադրել է, որ Ընկերությունը իր հացի արտադրության համար օգտագործվող
1 կգ-ն 800 դրամով ձեռք բերած կարագը վաճառել է 2300 ՀՀ դրամով։ Բայց փաստն այն է, որ Ընկերությունը վաճառքի հանված նորզելանդական կարագի 1 կգ-ն օգոստոս ամսին ձեռք է բերել տոնավաճառից 1400 դրամով եւ վաճառել՝ 1700 դրամով, օգոստոս ամսվա վերջին գնել է 1450 դրամով եւ վաճառել՝ 1750 դրամով, սեպտեմբեր ամսին՝ 1700 դրամով եւ վաճառել է 2100 դրամով, սեպտեմբեր ամսվա վերջին՝ 1850 դրամով եւ վաճառել՝ 2200 ՀՀ դրամով, իսկ հոկտեմբերի վեցին ձեռք է բերել 2000 դրամով եւ վաճառել՝ 2300 դրամով։
2. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը պահանջել էր ներկայացնել կարագի ձեռքբերման հիմնավորված փաստաթղթեր եւ տվյալներ, որոնք Ընկերությունը չէր ներկայացրել այն պատճառով, որ կարագը Ընկերության կողմից ձեռք էր բերվել տոնավաճառից։ Վերը նշված տեղեկության հիմնավորված տարբերակը հոկտեմբերի 30-ին արդեն ներկայացվել է Հանձնաժողովին, եւ ընդունվել է այն։ Հասարակության մեջ տեղ գտած սխալ կարծիքը այն մասին, որ Ընկերությունը հանդիսանում է նշված ապրանքների ներմուծող կազմակերպություն, չի համապատասխանում իրականությանը։
3. «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունն իր երկարամյա գործունեության ընթացքում երբեք անբարեխիղճ չի եղել սպառողների հանդեպ եւ թեկուզ իր գործարար համբավը չվտանգելու նպատակով երբեք հակամրցակցային պայմանավորվածությունների չի եկել եւ չի գնա։
Հարգանքներով՝ Հ. Երիցյան»: