Ոչինչ չի մոռացվում

04/11/2007

«Կարեն Դեմիրճյանն իր պաշտոնից ազատվեց 1988թ. մայիսին` իր դիմումի համաձայն»,- հակադարձելով «Հայլուրին»՝ երեկ «Ա1+»-ին ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Այդ խոսակցություններն անհեթեթություն են:1988-ի մայիսին որտե՞ղ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդեն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Կարեն Դեմիրճյանը գլխավորեց «Հայէլեկտրո» գործարանը` 1991 թվականից»: Նա նաեւ նշել է, թե Կարեն Դեմիրճյանին, ինչպես նաեւ մյուս հանրապետությունների փորձառու ղեկավարներին ուզում էր հանել Միխայիլ Գորբաչովը. «Այն ժամանակ Կ.Դեմիրճյանը չգնաց շարժումը կոտրելու ճանապարհով, ինչի համար, իմիջիայլոց, Մոսկվան նրան մեղադրում էր նացիոնալիզմի մեջ: Նա չգնաց նաեւ՝ շարժումը ղեկավարելու ճանապարհով, գերադասեց հեռանալ ասպարեզից»: Ստեփան Դեմիրճյանը նաեւ հիշեցրել է, որ շնորհիվ Կարեն Դեմիրճյանի, այն ժամանակ հնարավոր եղավ խուսափել արյունահեղությունից: