Էվերեստի գագաթից ձնագունդ է պոկվել

04/11/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հոկտեմբերի 26-ի բազմահազարանոց հանրահավաքից ժամեր առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում շտապեց հայտարարել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության հիմնական թեկնածուն չի լինելու: Նա նշեց, թե կան ընդդիմության 2-3 թեկնածուներ, որոնց վարկանիշն ավելի բարձր է, քան առաջին նախագահինը, ուստի «իրենք» իրենց ուշադրությունը «ոչ հիմնական» թեկնածուի վրա չեն բեւեռի:

Առանց Ռ. Քոչարյանի այս հայտարարության էլ պարզ էր, որ իշխանությունները փորձելու են ընդդիմությանը թուլացնելու նպատակով «աշխատել» որոշ «ընդդիմադիրների» վրա՝ նրանց փորձելով ներկայացնել՝ որպես «ընդդիմության հիմնական թեկնածու»): Այդ «աշխատանքն» արդեն նկատելի է: Հեռուստաէկրաններին սկսել են երեւալ որոշ շատ թունդ «ընդդիմադիրներ»: Ու թեեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ՀՀ առաջին նախագահն առաջիկա ընտրության ժամանակ լինելու է ընդդիմության առանցքային թեկնածուն, սակայն ընդդիմադիր համարվող որոշ ուժեր դեռեւս զբաղված են «հիմնական թեկնածուի» փնտրտուքներով: Վազգեն Մանուկյանը փորձում է իր շուրջը համախմբել բազմաթիվ կտորների բաժանված ԱԺՄ-ն, Արամ Կարապետյանը ոչ մեկին չի միանում` մարզերով շրջում է ու հաղորդագրություններ բաց թողնում, Արթուր Բաղդասարյանը եւս չի միանում ոչ մեկին, Արտաշես Գեղամյանը չի բացառում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին սատարելը ու, թերեւս, հենց այդ նկատառումներով էլ կառաջադրվի, Արամ Գասպարիչը եւս չի բացառում, որ կսատարի Սերժ Սարգսյանին, սակայն Գասպարիչը չի առաջադրվի: Ընդդիմադիր համարվող որոշ ուժեր էլ շարունակում են «Մետելիցայում» սկիզբ առած հանդիպումների շարքը: Այդ հավաքներին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության (ԺՈՒԿ) ղեկավար Մանուկ Գասպարյանը երեկ մեզ փոխանցեց, որ իրենից բացի՝ միշտ հանդիպումներին պարտաճանաչ ներկայանում են Արտաշես Գեղամյանը, Պարույր Հայրիկյանն ու Շավարշ Քոչարյանը: Վերջերս ավելացել է նաեւ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: «Եթե մեր թեկնածուն չստացվի, կամ տվյալ պահին հաշվենք, որ մեր թեկնածուն անցողիկ չի լինելու կամ ֆինանսական ռեսուրսները բավարար չեն, մենք կարող է պաշտպանենք այլ թեկնածուի»,- նշեց Մ. Գասպարյանը: Նրա հավաստմամբ՝ իրենց հանդիպումների ընթացքում թեկնածուի կոնկրետ անուն չեն քննարկում, այլ ծրագրի վրա են աշխատում: «Հույս ունեմ, որ մինչեւ դեկտեմբեր մեր կառույցը պիտի գործի: Ինձ թվում է ՝Արթուր Բաղդասարյանն էլ, Վազգեն Մանուկյանն էլ ավելանալու են այստեղ, որովհետեւ իրադրությունը երկրում կամաց-կամաց փոխվում է ուրիշ ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանին լսեցի՞ք. ասեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդիմության հիմնական թեկնածուն չի,- ասաց մեր զրուցակիցը, եւ պատասխանելով մեր այն հարցին, թե մի՞թե այս օրերին հայրենի հեռուստաեթերում տիրող վիճակը չի հուշում, թե իշխանություններն իրականում ումից են վախենում, հավելեց,- «Իշխանություններն ուզում են, որ 3-4-5 թեկնածուներ լինեն (եթե իրենք չկարողանան դաշնակներին միացնել իրանց), որովհետեւ դա ընդդիմադիր ձայներն է կիսելու: Իրենք ուզում են, որ շատ թեկնածուներ լինեն: Նույնիսկ կարող է 1-2 թեկնածուի իրենք ֆինանսավորեն, խրախուսեն, որ նա անպայման մասնակցի ընտրություններին»: Մտավախություն չունե՞ք, որ մի քանի հոգով եւս մի թեկնածու առաջադրելով՝ դուք, կամա թե ակամա, նպաստում եք իշխանությունների այդ ցանկության իրականացմանը: Այս հարցին էլ Մ. Գասպարյանն այսպես պատասխանեց. «Եթե զգանք, որ մեր թեկնածուն տվյալ պահին հնարավորություն չունի անցողիկ դառնալու, մենք… ես ինքս այդպիսի խաղի չեմ մասնակցի: Եթե անգամ մեր տղաներից մեկը հայտարարեց, որ մենակ է գնալու, ես մենակ գնացող ոչ մեկին չեմ պաշտպանի. ո՛չ Արթուրին, ո՛չ Վազգենին, ո՛չ Գեղամյանին: Արամ Կարապետյանի մասին էլ չեմ խոսում: Ես «նյուխը» զգում եմ»: Եվ ի՞նչ է հուշում պարոն Գասպարյանին այդ «նյուխը»: Իսկ այդ «նյուխը» փաստում է, որ առաջին նախագահի վարկանիշն արագ տեմպերով աճում է: «Ժողովուրդը նույն ձեւի չէր սիրում Լեւոնին, նույն ձեւի չէր սիրում Ռոբերտին: Ես ամեն օր շրջում եմ տարբեր թաղերում, ժողովրդի «նյուխն» եմ զգում: Մի 3-4 ամիս առաջ Լեւոնի մասին խոսակցություն էիր բացում, հանկարծ խոսացողներից մեկը մի բառ օգուտով խոսում էր` հարձակվում էին մի 30 հոգի նրա վրա: Հիմա դա չկա: Ժողովուրդն արդեն կիսված է: Լեւոնին շատ բաներ արդեն ներում են, ասում են. «Երբ մութ ու խավար տարիներ կար, այդ ժամանակ չէ՞ որ մենք փողը մեր բերանից կտրում-ղրկում էինք Ղարաբաղ, որ Քոչարյանը տաք տեղում ապրեր: Քոչարյանն իրավունք չունի տենց բաներ խոսալու»: Քոչարյանը ռեյտինգ չունի, դրա համար իրա ասածը բորբոքում է ժողովրդին, ի օգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայներ է ավելացնում»,- վստահեցնում է նա ու հարցնում, թե՝ եթե իսկապես Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ գիտեր, որ ՀՀՇ-ն թալանով է զբաղվել, ինչո՞ւ քրեական գործեր չհարուցեց: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը Քոչարյանն էս էլ երկրորդ անգամ բարձրացնում է: Լ. Տեր-Պետրոսյանն այդ ռեյտինգը չէր ունենա, միտինգներն էլ այդ թափը չէին ստանա, եթե հոկտեմբերի 23-ին ոստիկաններին չհանեին մարդկանց ծեծելուգ »,- գտնում է ԺՈՒԿ ղեկավարը: Նա «գնացող» Քոչարյանին հարցնում է, թե «իրա համար ի՞նչ տարբերություն՝ էս երկրի հաջորդ նախագահն ո՞վ է լինելու: Նրա ինչի՞ն է պետք, որ ինքն էսպես ընկած դառել է սեւ PR-ի գլուխգործոց»: «Մարդը բերանից խոսքը չհանած՝ րոպեի տակ պատասխանում է»,- ասում է Մ. Գասպարյանը: Նրա խոսքերով՝ «ղարաբաղյան կլանը հենց ընենց նախագահի պաշտոնը չի հանձնելու»: «Այսօրվա դրությամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը, քանի որ Էվերեստի գագաթից մի ձնագունդ պոկվել է, գլորվելով դառնում է շատ մեծ բան, կարող է գա, այս իշխանություններին քշի-տանի: Եթե 1-2 անգամ էլ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից հետո այդպիսի վիճակում ընկավ, շատ հնարավոր է՝ արդեն էլ այլընտրանք չլինի. Լեւոն Տեր-Պետրոսյանն ակամայից դառնա միասնական թեկնածու»,- եզրափակեց մեր զրուցակիցը: