Կոմկուսի քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ քննադատել է նախկին եւ ներկա իշխանություններին եւ անդրադառնալով Լեւոն
Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացմանն ու նախագահի թեկնածու առաջադրվելու մասին նրա հայտարարությանն՝ ասել է, թե «առաջին նախագահը չունի արժանապատվություն եւ պատվախնդրություն, որպեսզի նորից չդիմի այն հանրությանը, ով իրեն հեռացրել է տասը տարի առաջ»:
Ավելին, Ռ. Թովմասյանի հավաստմամբ` Տեր-Պետրոսյանն այդպես էլ չի հասկացել, թե որոնք կարող էին լինել այն ելման կետերը, որոնց վրա կարող էր ինքը հենվել վերադարձի մասին խոսք ասելու համար: «Ես չգիտեմ, թե հանդիպումներն ինչպիսի արդյունք են տալիս, ինչպես են գնում, բայց ես հաճախակի եմ լինում Եղեգնաձորում, Վայքում: Ես միշտ այնտեղ այդ հարցը տալիս եմ, ում հետ որ այնտեղ հանդիպում եմ: Ես չեմ ուզում այդ նախադասությունները կրկնեմ, թե ինչպիսի գնահատականներ են տրվում նրան: Այդ գնահատականները, փաստորեն, դրանից քիչ պակաս կամ ավելի, տրվում են նաեւ գործող իշխանություններին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ռուբեն Թովմասյանը` վստահեցնելով, թե ժողովրդի վիճակն այնքան «չարքաշ» է, որ մինչեւ հիմա ոչինչ չի մոռացել այդ տարիներից: Ընկեր Թովմասյանի հավաստմամբ` հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի իր ելույթում Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ նորություն չասաց: «Ինչ-որ մի նորություն ասե՞ց: Ինչ տվել ես, նա էլ թողել ես ու նա էլ այսօր վայելում ես: Ինչի՞ մասին է խոսքը»,- դժգոհում էր կոմունիստ Թովմասյանը: ՀԿԿ-ն, ըստ նրա՝ որեւէ ուժի կողմ չի թեքվելու եւ չի անցնելու որեւէ մեկի ճամբարը, քանի որ ունի իր ուրույն գաղափարախոսությունը, որը չի համընկնում «որեւէ մեկի գործողության» հետ:
Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք այն լուրերը, թե Հայաստանի իշխանական երեք կուսակցություններն օգնում են կոմունիստական երեք կուսակցություններին` սովորական, նորացված եւ առաջադիմական կոմունիստներին, որպեսզի նրանք կարողանան հոգալ կուսակցական գոյության ծախսերը, Ռ. Թովմասյանը պատասխանել է. «Ես այդպիսի տեղեկություն ձեզանից իմացա: Առաջին անգամ եմ ես լսում, որ կարող ա պատահի՝ իշխանական կուսակցությունները մեզ օգնեն: Ինչի՞ պետք է օգնեն: Իմ ասած խոսքից երեւո՞ւմ է, որ ես օգնվող կուսակցության ներկայացուցիչ եմ: Այդպիսի բան չկա, դա ուղղակի հերյուրանք է, զրպարտություն, բանսարկություն, որը տարածվում է Հայաստանի Հանրապետության Կոմունիստական կուսակցության հանդեպ»:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի փնտրտուքին, Ռ. Թովմասյանն ասել է, թե ինքը երբեք էլ հույս չի ունեցել, թե այդպիսին լինելու է. «Որեւիցե փնտրտուք այսօր ավելորդ է, որովհետեւ այն մարդիկ, որոնք մտածում էին, թե իրենք կդառնան ընդդիմության միասնական թեկնածու, արդեն առանձին-առանձին հայտարարել են առաջադրվելու մասին: Ում ուզում եք` վերցրեք, բոլորն էլ հույս ունեին, որ իրենք են դառնալու միասնական թեկնածու, եւ այդ միասնական թեկնածուն չառաջացավ, ընդհակառակը` հավաքվեցին, խոսցեին, վիճեցին նույնիսկ գաղտնիության պայմաններում, բայց այդ թեկնածուն չառաջացավ: Այնպես որ` ես գտնում եմ, որ այդ միասնական թեկնածուին ոչ թե պետք է գնահատեն ու գտնեն առանձին կուսակցություններ, այլ պետք է ժողովուրդն ինքն առաջ քաշի եւ հավատա այդ թեկնածուին: Եթե Ժողովուրդն ինքը չի հավատում` ինչքան ուզում եք շատ՝ 30-70 կուսակցությամբ միացեք, ժողովուրդը, միեւնույն է` չի հավատում եւ իր կարծիքն ունի այսօրվա դերակատարների մասին, որոնք իրենց համարում են, որ իրենք թեկնածու են նախագահական ընտրությունների»: