Եթե ծանոթ չլինեինք այս գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեությանը, կմտածեինք` սրանք բոլորովին ուրիշ են, որովհետեւ մինչեւ սեփական աչքով չեն տեսնում այս կամ այն փաստաթուղթը, սեփական կարծիք չեն արտահայտում:
Սակայն պարզից էլ պարզ է, որ նրանց այս նոր «աշխատելաոճը» պայմանավորված է նրանով, որ նրանց հրահանգված է՝ սեփական կարծիքը, եթե նույնիսկ այն համապատասխանում է իշխանությունների տեսակետներին, բարձրաձայն չարտահայտել, եթե նրանց կոնկրետ հանձնարարություն տրված չէ: ԱԺ պատգամավորների մասին նույն կարծիքին են նաեւ հատուկենտ անկախ պատգամավորները, ովքեր դեռեւս ազատ խոսելու եւ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից զրկված չեն: Այդ անկախ պատգամավորներից մեկի գնահատմամբ` այն պատգամավորները, ովքեր նման «զգուշավորություն» են ցուցաբերում, ոչ թե աչալուրջ են, այլ` նրանց դեռեւս հայտնի չէ, թե այդ հարցում ինչպիսի քաղաքական կուրս են որդեգրել իրենց կուսակցության շեֆերը, եւ արդյոք նրանք իրավունք ունե՞ն թեկուզ իրենց վերադասների գնահատականներին համահունչ տեսակետ արտահայտել լրատվամիջոցներում, թե՞ ոչ:
Այս շաբաթ լրանում է այն վերջնաժամկետը, երբ Հայաստանի նախագահը պետք է ԱԺ-ին ուղարկի այն թեկնածուի անունը, ում նա ցանկանում է տեսնել բազմաթիվ լիազորություններով օժտված Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը չէր կողմնորոշվում, թե ում վստահի այդ գերլիազորություններ ունեցող կառույցի ղեկավարի պաշտոնը: Ասում են, որ մինչեւ վերջերս էլ Ռ. Քոչարյանը տատանվել է իր խորհրդական, Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի եւ ԱԺ, «ԲՀԿ»-ական փոխնախագահ Իշխան Զաքարյանի թեկնածությունների միջեւ: Բայց երեկ Ռոբերտ Քոչարյանն արդեն կողմնորոշվել է, որ այդ պաշտոնի համար ամենահարմար թեկնածուն Իշխան Զաքարյանն է, եւ երեկ առավոտյան ժամը 11:00-ին նախագահական է կանչել Իշխան Զաքարյանին ու տեղեկացրել, որ իր նախընտրած թեկնածուն այդ կարեւորագույն հաստատության ղեկավարի պաշտոնում հենց ինքն է: Կես ժամ տեւած խորհրդակցությունից հետո Ռոբերտ Քոչարյանը թելադրել է իր դիմումն ու ԱԺ-ին հանձնարարել ուրբաթ օրն արտահերթ նիստ գումարել Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահի հարցով:
Սակայն երեկ, երբ պատգամավորներից փորձում էինք իրենց տեսակետներն իմանալ Ռոբերտ Քոչարյանի այդ որոշման եւ այն մասին, թե արդյո՞ք Իշխան Զաքարյանն այն թեկնածուն է, որը կկարողանա լավագույնս ղեկավարել այդ կարեւոր կառույցը` ոչ մի պատգամավոր չցանկացավ պատասխանել` ասելով. «Ո՞վ է ասում, որ Իշխանն է, մեզ նման բան չեն ասել», «Մեր իմանալով էլ` Ցոլակյանն ա, հիմա ես իմ իմացածի՞ն հավատամ, թե՞ ձեր: Հենց նամակը ստանանք` կասենք մեր կարծիքը»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեցինք` արդյոք թեկնածու Իշխան Զաքարյանը կկարողանա՞ իրականացնել Վերահսկիչ պալատի նախագահի պարտականությունները, որին նախորդ գումարման ԱԺ-ն բավականին մեծ լիազորություններ ու իրավունքներ է վերապահել օրենքով: Ի պատասխան՝ նա ասաց. «Հարցն այն է, որ ես չեմ տեսել Իշխան Զաքարյանի քաղաքական կամքի կամ քաղաքացիական դիրքորոշման որեւէ դրսեւորում: Ես իրեն ճանաչում եմ ընդամենը որպես ԱԺ նախագահի տեղակալի, եւ պետք է ասեմ, որ ինքն իրեն շատ կոռեկտ է պահել: Նա վերին աստիճանի օրինապահ է, եւ դրանով, կարծում եմ` շատ-շատերի հարգանքն է վայելել: Բայց այն պաշտոնը, որն իրեն առաջադրվում է, պահանջում է իրապես եզակի քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշում եւ դրսեւորումներ: Դրա համար, ես այս պարագայում կսպասեմ, այսպես ասած, թե ինչ ցույց կտա կյանքը: Ես ցանկանում եմ իրեն հաջողություններ»: Լարիսա Ալավերդյանը խոստացավ Իշխան Զաքարյանի քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները հարցերի միջոցով պարզել այսօր նրա հետ հանդիպման ժամանակ, երբ նա կհանդիպի ԱԺ խումբ-խմբակցությունների հետ:
Երեկ մեզ հաջողվեց զրուցել նաեւ Վերահսկիչ պալատի ներկայիս նախագահ Գագիկ Ոսկանյանի հետ: Մեր հարցին, թե Իշխան Զաքարյանը կկարողանա՞ ղեկավարել այդ կառույցը, եւ ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա ՎՊ նախագահը, նա պատասխանեց. «Եթե նրան են առաջադրել, ուրեմն` կկարողանա»: Այնուհետեւ ավելացրեց. «Իշխան Զաքարյանը մեծ փորձառություն ունեցող մարդ է: Ճանապարհ է անցել, նա եղել է պատգամավոր, նախարար, փոխնախարար է աշխատել: Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ պարտադիր չէ զուտ ֆինանսական խնդիրների տիրապետելը: Նա պետք է կարողանա ներկայացնել այն խնդիրները, որոնք դրված են Վերահսկիչ պալատի առջեւ, իսկ իր անցած ճանապարհը հուշում է, որ ինքն այդ ամեն ինչն ունի»,- ասաց Վերահսկիչ պալատի ներկայիս նախագահ Գագիկ Ոսկանյանը:
Ի դեպ, վերջինս դեռեւս տեղյակ չէ, թե ինչով է զբաղվելու, երբ ԱԺ-ն ՎՊ նախագահ կնշանակի Իշխան Զաքարյանին. «Տեսնենք, էլի, մի բանով կզբաղվեմ»,- ասաց նա:
Երեկ ԱԺ-ում արդեն քննարկվում էր նաեւ այն հարցը, թե ով է զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի աթոռը, որը թափուր կմնա Իշխան Զաքարյանի` ՎՊ նախագահ դառնալուց հետո: Այս պաշտոնն ԱԺ-ում համարում են թոշակառուին «սազական» պաշտոն, եւ գտնում են, որ այն պետք է զբաղեցնի այնպիսի մեկը, որն աշխատելու «հավես» չունի: Քանի որ այդ պաշտոնը կոալիցիոն հուշագրով վերապահված է «Բարգավաճ Հայաստանին», ուստի հենց այդ խմբակցության անդամներից մեկն էլ պետք է դառնա Իշխան Զաքարյանի իրավահաջորդը: Մինչեւ երեկ ԱԺ-ում որպես ամենահավանական թեկնածու՝ շրջանառվում էր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի անունը, սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ փոխնախագահ է դառնալու այդ պաշտոնին հավակող նույն խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանը, ով արդեն մեկ ամիս է՝ իշխանության տարբեր թեւերի հետ բանակցություններ է վարում «դաբրո» ստանալու համար: Ասում են` նա իր թեկնածությունն առաջադրելու համար որպես համոզիչ փաստարկ բերում է այն, թե միջազգային կառույցները կողջունեն` իմանալով, որ Հայաստանի ԱԺ-ն իր ղեկավար կազմում ընդգրկում է կին փոխնախագահ: Մեր տեղեկություններով` իշխանությունների մոտ Ա. Պետրոսյանի մատնանշած փաստարկն «աշխատել» է, եւ ԱԺ փոխնախագահ է ընտրվելու հենց Ա. Պետրոսյանը: