Հրազենի ծակով խաղալիք մեքենան

12/05/2005

Հրազենի կրակոցի անցքով ՎԱԶ 21-06 մակնիշի այս կապույտ ավտոմեքենան Օրբելի 33 շենքի բակում հայտնվել է «Տէց-ի կռուգի» հայտնի դեպքերից հետո: Բնակիչները պատմում են, որ մեքենան սկզբում առանց համարանիշի է եղել: 64 ՍՕ 196 համարանիշը հայտնվել է մի քանի օր առաջ: Պարբերաբար բնակիչներին անծանոթ երիտասարդներ են հայտնվել, մեքենան տարել են, հետո նորից հետ բերել: Այդ օրերին բաց պատուհաններով մեքենան դարձել է բակի երեխաների «խաղալիքը»: Ի դեպ, անփույթ ներկած կապույտ գույնի տակից զգացվում է, որ մեքենան «նախորդ կյանքում» եղել է սպիտակ: Անցած շաբաթ ՀՀ Ոստիկանության ծառայության Հասարակական կապերի եւ լրատվության վարչությունից պարզաբանում խնդրեցինք մեքենայի հետ կապված: Պարզվեց, որ նրանք այդ մասին տեղեկացան միայն մեր հարցումից հետո: Տվյալ վարչությունից Արմեն Մալխասյանը մեզ պատասխանեց, որ իրենց դեռ ոչինչ հայտնի չէ, եւ համապատասխան մասնագետները ուսումնասիրություն են կատարում: «Դուք հայտարարություն տվեք ու պարզեք, թե ինչ մեքենա է եղել»,- այսպիսի խորհուրդ տվեց նա մեզ: Պարոն Շիրինյանի խորհրդին հետեւելով՝ մենք պարզեցինք, որ մեր հարցումից հետո, ոստիկանության ուսումնասիրությունների ընթացքում, այդ առեղծվածային մեքենան տվյալ բակից աննկատ անհետացել է: Մնում է պարզել՝ մեքենան մե՞ր, թե՞ ոստիկանության «օպերատիվ աշխատանքի» արդյունքում անհայտացավ:

Ա.Ա.