«Քաղաքականության մեջ կոմպրոմատների եւ ատելության մթնոլորտը մեր երկրին ոչ մի լավ բան չի բերի: Մրցակցությունը պետք է ընթանա ոչ թե կոմպրոմատների եւ վարկաբեկումների, այլ ծրագրերի միջեւ, եւ միայն այդ դեպքում երկիրը կշահի»,- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո իշխանությունների հայտարարությունների կապակցությամբ երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: 2008թ. նախագահական ընտրություններում հանրապետության առաջին նախագահի թեկնածության առաջադրման փաստը Դալլաքյանը այսպես է գնահատել. «Դա վկայում է, որ նա լուրջ հավակնություններ ունի, եւ նրա առաջադրումը կարող է լուրջ մրցակցություն առաջացնել նախագահի հավակնություններ ունեցող թեկնածուների շրջանում: Առաջին նախագահի քաղաքական փորձը, պետության կառավարման նրա փորձառությունը եւ նորանկախ Հայաստանի մեջ նրա ունեցած անուրանալի դերը՝ իր դրական եւ բացասական կողմերով հանդերձ, ցույց են տալիս, որ նա կարող է լինել լուրջ մրցակից, եւ նրա շուրջ կարող է ձեւավորվել որոշակի բեւեռ»: