ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ արձագանքել է անցած շաբաթավերջին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, որում վերջինս քննադատության էր ենթարկել ներկա իշխանություններին:
«Ցավալի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չարությամբ լցված է փորձում վերադառնալ քաղաքականություն: Հենց այդ չարությունը ժամանակին կործանեց ՀՀՇ-ին»,- Երեւանում կառուցված հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ռ. Քոչարյանի` Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի իմաստն էր` «այն ժամանակ լավ էր, հիմա` վատ»: «Կարծում եմ՝ ժողովուրդը շատ լավ հիշում է` կյանքի որակը երբ ինչպես է եղել, բայց կա մի շատ պարզ տարբերակ` գնահատել` ով ինչպես է աշխատում. պաշտոնը ստանձնելու պահից ի՞նչ վիճակ է եղել, ի՞նչ է ժառանգել, եւ ի՞նչ վիճակ է եղել պաշտոնը հանձնելու պահին: Դա վերաբերում է եւ՛ ֆերմերային տնտեսության ղեկավարին, եւ՛ գործարանի տնօրենին, եւ՛ նախագահին, եւ՛ իշխող կուսակցությանը: ՀՀՇ-ն իշխանություն ստացավ 1990 թվականի օգոստոսին: Հայաստանն այն ժամանակ դեռ Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկն էր եւ ուներ բավական զարգացած գյուղատնտեսություն: Երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանը դարձավ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը: Իհարկե, պարզ է, որ Խորհրդային Միության փլուզման հետ որոշ կորուստներ պետք է լինեին: Ես այդ կորուստների հնարավոր ծավալը առաջին երկու-երեք տարվա համար գնահատում եմ 15-20 տոկոսից ոչ ավելի: Հետագայում այդ կորուստները պետք է լրացվեին նոր ծրագրերով, նոր ներդրումային մոտեցումներ որդեգրելով: Այդպես եղավ Բալթյան երկրներում, Բելառուսում, Ուկրաինայում: Հայաստանում մի քանի տարվա ընթացքում ուղղակի ավերվեց արդյունաբերությունը»,- ասել է նա՝ չնշելով պատերազմի հաղթանակի ու հարյուր-հազարավոր փախստականների մասին: Ռ. Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանում մի քանի տարվա ընթացքում ուղղակի ավերվեց արդյունաբերությունը. «Այսօր կարելի է պարզ ասել հետեւյալը. ստացել են, ըստ էության, նորմալ իրավիճակ, հանձնել են՝ ինձ կոնկրետ, 1998 թվականին, ավերված տնտեսություն ունեցող երկիր, մի երկիր, որը, կրկնում եմ, միջազգային կառույցների, ինստիտուտների կողմից դասակարգվում էր իբրեւ աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում գտնվող պետություն: Հիմա պետք է համեմատենք՝ ի՞նչ վիճակ ենք ունեցել 1997 թվականին, եւ ի՞նչ վիճակ ունենք այսօր, երբ այսօրվա բյուջեն նույնն է, մի քիչ ավելի մեծ, քան այն ժամանակվա համախառն ներքին արդյունքը: Կարծում եմ, ուղղակի, տնտեսության մասին պետք է խոսեն մարդիկ, որոնք գոնե մի քիչ հասկանում են առարկան»,- ասել է Ռ. Քոչարյանը: