Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներն առավել քան լայն դաշտ պիտի ապահովեին սոցիոլոգիա գիտության համար։ Սոցիոլոգներն օր ու գիշեր պիտի հաշվեին ու հաշվարկեին, թե հասարակական գիտակցությունն ի՞նչ տատանումներ է ունենում առաջին նախագահի հայտնությունից հետո, թե այդ հայտնությամբ ի՞նչ չափով են արժեւորվում եւ որքա՞ն են արժեզրկվում քաղաքական խաղի մյուս դերակատարները։ Մի խոսքով, հասարակական կարծիքի «խուզարկուները» շատ աշխատանք պիտի ունենային, բայց իշխանություններն ու լրատվական միջոցները խփում են խեղճ սոցիոլոգների գործին՝ գիտնական-հետազոտողից նրանց վերածելով նկարիչ-թվայնագործների։
Հանրապետության գործող նախագահն իր նախորդի մասին խոսելիս՝ ասում է, թե նա հազիվ մեկ տոկոս ձայն ունենա, եւ դա բխեցնում է նրանից, թե իբր ՀՀՇ-ն խորհրդարանական ընտրություններում այդքա՛ն ձայն է ստացել։ Այսպիսով, գործող նախագահը հստակ հանձնարարություն է տալիս «ազատ եւ պատասխանատու» սոցիոլոգներին. ա) չգերազանցել նշված թիվը, բ) հիմք ընդունել ԱԺ ընտրությունների արդյունքը, գ) նույնացնել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին։
Սոցիոլոգներն ընդունում են հանձնարարությունը, ինչը բնական է, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ նույնիսկ անկախ գործելու դեպքում շատ տարբեր ու շատ հետաքրքիր պատկեր չեն ստանալու։ Բանն այն է, որ հասարակական գիտակցության փոփոխության համար առաջին հերթին տեղեկատվություն է հարկավոր, ինչը մեր երկրում բացառված է։ Մեկ ամսում Հանրապետության հիմնադիր նախագահի ունեցած երկու ծավալուն վերլուծական-ծրագրային ելույթներին հայ հանրությունը ծանոթացել է վերահսկելի հեռուստաընկերությունների հաղորդած ժլատ լուրիկներով եւ «Հայլուրի» քիլեր-ռեպորտաժներով։ Այս պայմաններում ի՞նչ փոփոխության մասին կարելի է խոսել, ո՞նց կարելի է չափել այս կամ այն մարդու վարկանիշը։
Սա նույնն է թե՝ սովետական տարիներին սոցիոլոգիական հարցում անցկացվեր պարզելու համար՝ բնակչությունն ի՞նչ է նախընտրում՝ թարխունի լիմոնա՞դ, թե՞ Coca-Cola։ Հայտնի է, որ այդ ժամանակ խանութներում Coca-Cola չէր լինում, եւ չափել թարխունի լիմոնադի ու չեղած բանի վարկանիշերն, իմաստ չուներ՝ ընտրություն չկար։ (Ի դեպ, կոմունիստ իշխանությունն անկեղծ էր ու նման հարցումներ չէր էլ անցկացնում)։
Բացարձակապես փակ ու վերահսկելի լրատվության պայմաններում ուսումնասիրություններ եւ հետազոտություններ անցկացնելը պարապ զբաղմունք է։ Պետք է կառավարությունը սահմանի քաղաքական գործիչների վարկանիշերն ու տպագրի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում։ Դա կլինի արդար եւ թափանցիկ, ինչպես եղավ ոչ վաղ անցյալի մեզ հայտնի ընտրություններում։ Եվ վարկանիշային այդ ցուցակում «Հայլուրի» մեկնաբան Տաթեւիկ Նալբանդյանն արդարացիորեն կարող է ավելի բարձր տեղ զբաղեցնել, քան Հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ առաջինի կարծիքն ու տեսակետները լսելու առիթ հասարակությունն ավելի շատ է ունենում։
Վարկանիշերի հաշվարկն ու ներկայացումը նորմալ պայմաններում մեկ նպատակ է հետապնդում՝ կողմնորոշել ընտրողին։ Բայց որպեսզի թիվն արժանահավատ լինի, պետք է ընտրողը համադրելի տեղեկատվության տիրապետի։ Եվ դա անպայման քաղաքական գործիչների ելույթներին ծանոթանալու հնարավորությունը չէ։ Լրագրողները պետք է անաչառ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրեն լսարանին։ Այս ու այն գործչի կողմնակիցները պետք է արտահայտվելու հավասար իրավունք ունենան։ Եվ դա պետք է լինի տարվա բոլոր եղանակներին ու բոլոր ամիսներին, ոչ թե ընտրությունից առաջ ընկած երեսուն օրվա ընթացքում, երբ ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է կողմնորոշվել։
Այսօր տպավորություն է ստեղծվում, որ անաչառ, իշխանության նախասիրություններից ու կարծիքից տարբեր տրամադրություն ունեցող լրագրողներ չկան։ Կան եւ շատ են։ Նրանք կան անգամ Հանրայինի «Հայլուր» ծրագրի կազմում, կան նաեւ այլ հեռուստաընկերություններում։ Փողոցում կամ սրճարանում այդ մարդիկ սեփական կարծիքներ են արտահայտում, գնահատում այս կամ այն գործչին, բայց աշխատավայրում ղեկավարները լավագույն դեպքում փակում են նրանց բերանները, այլ դեպքում՝ ստիպում գործել սեփական համոզմունքների դեմ։
Եվ հիմա, երբ մեկն ասում է, թե՝ գիտե՞ս, ես ձայնս կտայի այսինչին, բայց երեկ մի աղյուսակում տեսա նրա ցածր վարկանիշն, այդ մեկը խորագույն թյուրիմացության մեջ է։ Նա ոչ միայն չպետք է հավատա այդ աղյուսակներին ու գրաֆիկներին, այլեւ ունեցած եւ չունեցած միջոցներով պայքարի տեղեկացված լինելու ի՛ր անկասելի իրավունքի համար։
Օրինակ՝ ես ոչ մի վարկանիշի էլ չեմ հավատում, եւ գուցե դա է պատճառը, որ առաջիկա ընտրություններում ձայնս չեմ տալու իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին։ Եթե նրա եւ ընդդիմության թեկնածուների խոսքերն արդար հավասարությամբ ներկայացվեին իբրեւ վարկանիշի մատերիալ, գուցե եւ ընտրեի ՀՀԿ-ական թեկնածուին, բայց այսօր ես պատրաստ եմ քվեարկել այն գործչի օգտին, ով կխոստանա վերականգնել անաչառ տեղեկություն ստանալու իմ իրավունքը։