Նախընտրական պայքարը սկսված է: Եվ արդեն այսօր կարելի է արձանագրել մեկ փաստ` լինելու է կոմպրոմատների եւ օրիգինալ քայլերի պայքար, որը համեմված է լինելու աշխարհաքաղաքական երանգներով: Եվ թվում էր, թե կոմպրոմատային կոշտ պայքարի պարագայում, որը բխում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 26-ի ելույթից եւ կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդման պատասխանից, չպետք է լինի ոչ մի զիջում եւ, առավել եւս, ոչ մի «լյուֆտ»: Սակայն, եթե վերջին օրերի իրադարձություններին ավելի սառը մոտենանք` մի կողմ դնելով զգացմունքային բոլոր ելեւէջները, եւ ավելի ուշադիր ընթերցենք թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ թե Ռոբերտ Քոչարյանի փաստացի պատասխանն ու հեռուստահաղորդման տեքստը, ապա մի քանի հետաքրքիր «լյուֆտ», այնուամենայնիվ, կարելի է նկատել: Նախ՝ սկսենք այն դիտարկումից, որ թե 90-ականներին, թե այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի անգամ ամենածայրահեղ հակառակորդներն են պնդել, որ առաջին նախագահի ամենաուժեղ կողմը, կամ ինչպես ասում են՝ «կանյոկը», արտաքին քաղաքականությունն է: Սակայն մոտ մեկ ու կես ժամ տեւած նրա ելույթում այդպես էլ ոչ մի բառ չհնչեց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների մասին: Միամտություն կլինի մտածել, որ պարոն Տեր-Պետրոսյանը չէր ցանկացել անդրադառնալ այդ հարցին, որովհետեւ այսօր դրա ժամանակը չէ: Այն պարագայում, երբ մեր քթի տակ պատրաստվում են ձեւափոխել աշխարհի քարտեզը եւ ստեղծել նոր պետություն (խոսքը Քուրդիստանի մասին է), երբ մեր հարեւան Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգները շատ կոնկրետ գործողություններ են ուզում սկսել, երբ մեր մյուս հարեւան Թուրքիան մտնում է Իրաք, առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ Լ.Տեր-Պետրոսյանի նման հմուտ քաղաքական գործիչը չանդրադարձավ վերոնշյալ հարցերին` շատ լավ հասկանալով, որ այդ բոլոր հարցերը Հայաստանի Հանրապետության վրա ունենալու են քաղաքական եւ տնտեսական ազդեցություն: Եվ, որ ամենակարեւորն է` ոչ մի թթու խոսք նա չասաց Հայաստանը «ֆորպոստ» դարձրած եւ մեր պետության էներգետիկ ռեսուրսներին գրեթե ամբողջովին տիրացած Ռուսաստանի հասցեին: Լիբերալ-ժողովրդավարական արժեքները կրող եւ արեւմտամետ համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում՝ սա փոքր-ինչ տարօրինակ է:
Հիմա անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին: Ելույթից երեւում է, որ առաջին նախագահի մոտ պատմական ջրբաժանը սկսվում է 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո: Եվ նրա քննադատական ելույթում, կարծես թե, ամեն ինչ ասված է: Սակայն սա ընդամենը թվում է: Որովհետեւ թե նշված անունների եւ թե ուժերի մեջ չի հիշատակվում եւ ոչ մի դաշնակցականի անուն: Սա հենց այն օրիգինալ քայլերից մեկի հետեւանքն է: Անկախ ամեն ինչից` համաձա՞յն ենք, թե՞ ոչ պարոն Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ, մի բան ակնհայտ է` ՀՅԴ-ն չէր կարող դուրս մնալ ելույթում հիշատակված բուրգից: Առավել եւս, Լ.Տեր-Պետրոսյանի ելույթում: Եվ վերջապես, ինչո՞ւ է այսուհետ նախագահի թեկնածու համարվող Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում ավելի շատ հիշատակում Ռ. Քոչարյանի անունը, որն, ինչպես ասում են՝ «գնացող մարդ է»: Համենայնդեպս, նախագահական ընտրություններում պայքարը գնալու է ոչ Ռ. Քոչարյանի հետ: Այստեղ, իհարկե, նույնը կարելի է ասել նաեւ Ռ. Քոչարյանի հոկտեմբերի 26-ի ելույթի մասին: Մի կողմից, իհարկե, նորմալ է, երբ իշխանությունը փորձում է վերարտադրվել: Աշխարհի բոլոր երկրներում էլ իշխանությունները փորձում են վերարտադրվել, իսկ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրություններում ինքը հաղթի, իշխանության գա: Եվ եթե բնական կարելի է համարել, որ Ռ. Քոչարյանը պետք է պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ապա բոլորովին հասկանալի չէ գործող նախագահի այդպիսի ակտիվ պայքարը Լ.Տեր-Պետրոսյանի դեմ, քանզի այդ պայքարում նրա մասնակցությունն անմիջական բնույթ չի կրելու: Առավել եւս հասկանալի չէ, թե ինչո՞ւ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ ընդդիմադիրների մեջ կան 2-3 գործիչներ, որոնց վարկանիշը Տեր-Պետրոսյանի վարկանիշից բարձր է, դեռ մի 7-8 րոպե էլ շարունակեց խոսել նրա մասին՝ այդպես էլ չնշելով ընդդիմադիր այդ 2-3 գործիչների անունները: Համենայնդեպս, 2003-ին, օրինակ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին (խոսքս նռերով տեսահոլովակ ունեցող թեկնածուի մասին է) ոչ ոք այդքան երկար չէր քննարկում, այն էլ` գործող նախագահի մակարդակով: Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որն, ըստ կառավարության տարածած հաղորդագրությունների` բավականին ծանրակշիռ «բագաժով» է վերադարձել ամերիկաեվրոպական այցելություններից, առայժմ ոչ մի կերպ չի արձագանքում առաջին եւ երկրորդ նախագահների մենամարտին (լեզվակռվին): Ավելին, ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած այցերից հետո նա ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին (հիշեցնեմ, որ վերջինս, համատեղության կարգով, ՌԴ նորանշանակ վարչապետ Վիկտոր Զուբկովի փեսան է): Կարելի է փաստել, որ աշխարհաքաղաքական համարյա ողջ պալիտրան ներգրավված է:
Ի դեպ, փոքր լյուֆտ է տրված նաեւ հեռուստաընկերություններին: Նրանք կրկին սկսեցին նկարահանել մամուլի ակումբների աշխատանքները: Փաստորեն, նախընտրական այս շրջանում ամենափոքր լյուֆտն ունի միայն ժողովուրդը, որն օրեցօր ստիպված է գնել ավելի թանկ ապրանքներ: Այս օրերին խոշոր գործարարներն էլ են օրիգինալ քայլեր անում` օրեցօր թանկացնելով ձեթն ու կարագը, կամ ասպարեզից հանկարծակի վերացնելով շաքարն ու հեղուկ գազը, ունենալով շուկայում գների հետ խաղալու իրենց «լյուֆտը»: Որքան մոտենան ընտրությունները, այդ «լյուֆտերը» գնալով կպակասեն` աստիճանաբար ձգտելով զրոյի: Եվ այդ ժամանակ արդեն ավելի պարզ կդառնա, թե ով ինչ խաղ է խաղում: