Միջազգային ակցիա` Թեղուտի համար

04/11/2007

«Friends of the Earth» ընկերության խորհրդատու Անդրիանա Նատսոուլասն էկոլոգիական խնդիրներով մտահոգ աշխարհի հանրությանը նամակ է ուղարկել, որում անդրադարձել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման խնդրին: Միջազգային փորձագետը մանրամասն անդրադարձել է հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած կազմակերպության` ACP-ի գործունեությանը եւ նշել, որ չի կարելի եկամուտներ ստանալ դեգրադացիայի եւ բնակչության առողջության հաշվին: «Հանքավայրի բաց շահագործման դեպքում ACP-ն ավերելու է հարյուրավոր «ակր» անտառածածկ տարածք, որտեղ կան Կարմիր գրքի մեջ ներառված բուսական եւ կենդանական աշխարհի մի քանի տասնյակի հասնող ներկայացուցիչներ: Հայաստանում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը վտանգելու է շրջապատի էկոլոգիան եւ բնակչության առողջությունը: Ուստի, մենք Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցնելու նպատակով միջազգային ակցիա ենք կազմակերպում եւ խնդրում ենք միանալ մեր ստորագրահավաքին: Այս նամակը մենք ուղարկելու ենք ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,- ասված է նամակում: Ակցիային մասնակցել ցանկացողներն իրենց անունը կամ կազմակերպության տվյալները մինչեւ նոյեմբերի 14-ը կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով: