ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում Ալբերտ Բազեյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կպաշտպանի ընդդիմության հիմնական թեկնածուին: Կուսակցությունը սեփական թեկնածուով հանդես չի գալու:
«Հիմա գնում է քաղաքական ուժերի միաձուլման պրոցես, որի արդյունքում կընտրվի միասնական թեկնածու, ում էլ պատրաստվում ենք սատարել»,- ասում է Ա. Բազեյանը՝ չբացառելով, որ այդ թեկնածուն կարող է լինել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իսկ «Ազգային վերածնունդն» այս կապակցությամբ որեւէ քաղաքական ուժի հետ բանակցո՞ւմ է: «Չէ, ըստ էության, բանակցություններ չեն տարվում: Բանակցություններ վարում էին այն քաղաքական ուժերը, որոնք, ենթադրվում էր, որ թեկնածություններ էին առաջադրելու, բայց ոնց որ թե միասնական թեկնածուի շուրջ ընդդիմությունն ընդհանուր հայտարարի չեկավ: Ակնհայտ է, որ լինելու են մի քանի թեկնածուներ»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց պրն Բազեյանն ու հավելեց, թե դրա համար էլ իրենք հիմա ավելի շատ զբաղված են ներկուսակցական, կազմակերպչական հարցերով: «Արդեն «Ազգային վերածնունդ», «Դաշինք» եւ Ռամկավար ազատական կուսակցությունների միաձուլման սկզբունքային համաձայնություն կա: Հետո ընթացքը ցույց կտա: Հիմա ես չեմ ուզում այսօր հստակ վերջնական դիրքորոշում արտահայտել, որովհետեւ այդ դիրքորոշումը կարտահայտվի այդ միավորիչ համագումարի ժամանակ: Ճիշտ չի լինի, որ մենք այս պահին առանձին դիրքորոշումներ արտահայտենք»,- նշեց Ա. Բազեյանը: Նրա խոսքերով՝ նշված կուսակցությունների «միավորիչ համագումարը» կլինի մինչեւ այս տարվա ավարտը, իսկ եթե չհասցնեն՝ մյուս տարի՝ հունվար ամսվա մեջ: «Այն ժամանակ արդեն հստակ կլինի, թե ովքեր են առաջադրվել, ինչպիսի մոտեցումներ, ծրագրեր են ներկայացնում: Ըստ այդմ էլ կկողմնորոշվենք եւ միավորիչ համագումարի ժամանակ վերջնական որոշում կընդունենք»,- վստահեցրեց նա: Նկատենք, որ Ա. Բազեյանը փաստեց, որ ընդդիմության միասնական թեկնածու չի լինի եւ կլինեն մի քանի թեկնածուներ: Այդ դեպքում ի՞նչ չափորոշիչներով են որոշելու հիմնական կամ առանցքային թեկնածուին, ում պատրաստվում են սատարել: «Տարբեր գործոններ ազդեցություն կունենան մեր դիրքորոշման վրա: Բնականաբար, կախված թեկնածուների առաջարկած ծրագրերից եւ մոտեցումներից, պետության առջեւ կանգնած խնդիրների լուծման եւ՛ ներքին, եւ՛ արտաքին մարտահրավերների դիմագրավման, եւ՛ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրների հետ կապված: Սա երեւի թե ամենակարեւորագույն գործոնը կլինի՝ կախված նաեւ այն հանգամանքից, թե հասարակությունն ո՞ւմ է ավելի շատ վստահություն տալիս: Օրինակ, 2003-ին շատ քաղաքական ուժեր պաշտպանեցին Դեմիրճյանի թեկնածությունը, որովհետեւ այդպես էր հասարակության կողմնորոշումը: Մենք ընդառաջ գնացինք մեր քաղաքացիների ցանկություններին ու տրամադրություններին»,- նշեց Ա. Բազեյանը: Այսպիսով, վերոնշյալ կուսակցությունները նախ՝ որոշել են իրենք իրար հետ միավորվել, այնուհետեւ՝ միավորվել թեկնածուներից մեկին սատարողների բանակին: