Քաղաքական պայքարն օրեցօր սրվում է, եւ արդեն այսօր ակնհայտ է, որ պայքարն ամենեւին էլ կոռեկտության սահմաններում չի մնալու։ Ավելին. «կոռեկտության սահմաններ» ձեւակերպումն ինքնին էմոցիոնալ ոլորտից է, որովհետեւ մեկի համար կոռեկտությունը մի բան է, մյուսի համար՝ բոլորովին այլ բան։ Ելքը միակն է. ներքաղաքական պայքարը պիտի ընթանա ոչ թե կոռեկտության, այլ օրենքի սահմաններում։ Ուստի հենց այս տեսանկյունից էլ կփորձենք վերլուծել ներքաղաքական զարգացումները՝ շեշտը դնելով 3 բաղադրիչների վրա. իրավապահ մարմիններ, քարոզչություն եւ քաղաքական գնահատականներ։
Սկսենք քարոզչությունից։ Իշխանական հեռուստաընկերությունները գիշեր-ցերեկ ցեխ են շպրտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների վրա։ Զուտ օրենքի տեսանկյունից՝ այստեղ որեւէ խախտում չկա, իրենց գործն է, ինչ ուզում են՝ թող ասեն։ Հատուկենտ ընդդիմադիր թերթերն էլ ինչքան կարողանում են՝ պատասխանում են։ Լավ են անում։ Մասնավոր թերթեր են, ինչ դիրքորոշում կուզենան՝ կարտահայտեն (իհարկե՝ մամուլի մասին օրենքի շրջանակներում)։ Պրոբլեմն այստեղ այն է, որ իշխանական քարոզչության «ծանր հրետանու» դերը Հանրային հեռուստաընկերությունն է ստանձնել։ Իսկ Հանրայինը, ինչպես հայտնի է, մասնավոր հեռուստաընկերություն չէ։ Այն գոյատեւում է ՀՀ շարքային հարկատուների (այդ թվում՝ նաեւ հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց) հաշվին, հետեւաբար՝ իրավունք չունի կոնկրետ քաղաքական ուժի պատվեր կատարել՝ ընդդեմ այլ քաղաքական ուժի։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ կոնկրետ քարոզչության ոլորտում բոլոր լրատվամիջոցները (գոնե ֆորմալ առումով) գործում են օրենքների շրջանակներում, բացի Հանրային հեռուստաընկերությունից։
Անցնենք իրավապահ մարմիններին։ Հոկտեմբերի 23-ի երեկոյան Ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվում են արտոնված հանրահավաքի մասին իրազեկող մի խումբ մարդկանց վրա, մարմնական վնասվածքներ հասցնում, արցունքաբեր գազ կիրառում, 11 հոգու բերման ենթարկում, հետագայում՝ նրանցից մի քանիսի նկատմամբ քրեական գործեր հարուցում, եւ այլն։ Ընդ որում, այդ ընթացքում Ոստիկանության մի ամբողջ գնդապետ (Սաշիկ Աֆյանի մասին է խոսքը) բոլորի ներկայությամբ հրապարակավ հայտարարում է, որ ինքը ոչ թե օրենքով է առաջնորդվում, այլ հենց ինքն է օրենքը, եւ ինչ ուզենա՝ կանի։ Այսինքն՝ զուտ օրենքի տեսանկյունից այստեղ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, եւ ակնհայտ է, որ ցանկացած նորմալ երկրում նման խոսքերից հետո տվյալ պաշտոնյան հենց նույն օրն առնվազն կհեռացվեր համակարգից։ Կրկնում ենք՝ դա ոչ թե կոռեկտության խնդիր է, այլ օրենքի պահանջ։ Իսկ եթե օրենքի պահանջները չեն կատարվում, մեղավորը ոչ թե ընդդիմությունն է, այլ իշխանությունները։
Հիմա անդրադառնանք քաղաքական գնահատականներին։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակում իշխանությունների հասցեին կոնկրետ մեղադրանքներ հնչեցրեց եւ կոնկրետ անուններ տվեց։ Եթե առաջնորդվենք բացառապես ՀՀ օրենքներով, ապա իշխանությունները պարտավոր էին կամ ելույթում ներկայացված փաստերի առթիվ քրեական գործեր հարուցել, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել կոնկրետ մարդկանց զրպարտելու մեջ։ Իսկ ինչպե՞ս վարվեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին «հիշեցնելու բաներ ունի»։
Փորձենք այս «հիշեցնելու բաներին» նայել զուտ օրենքի տեսանկյունից։ Եթե Ռոբերտ Քոչարյանը պիտի նախկին իշխանությունների օրոք կատարված քրեական հանցագործությունների մասին հիշեցնի, ապա նրա դիրքերը, մեղմ ասած, շատ խախուտ են, որովհետեւ անպայման հարց կառաջանա՝ եթե տեղյակ էիք կատարված քրեական հանցագործությունների մասին, ինչո՞ւ ժամանակին չէիք հայտնում իրավապահներին։ Եթե չեմ սխալվում, ՀՀ Քրեական օրենսգրքում նույնիսկ հոդված կա «իմանալ-չհայտնելու» մասին։ Կամ հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ամբողջ խնդիրն այն է, որ օրենքը պետական պաշտոնյաներին (այդ թվում՝ երկրի նախագահին) արգելում է զբաղվել քարոզչությամբ եւ հակաքարոզչությամբ, իսկ ՀՀ նախագահի թեկնածուին «ինչ-որ բան հիշեցնելու» սպառնալիքը, համաձայնեք, հակաքարոզչություն է։ Այլ կերպ ասած, այս հարցում եւս խնդիրը ոչ թե «կոռեկտության սահմաններն» են, այլ օրենքը։
Ի վերջո, «կոռեկտության սահմաններ» ասվածը հենց չգրված օրենքներն են։ Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ պիտի գրված օրենքները թողած՝ առաջնորդվենք չգրված օրենքներով։