Արդեն երեք օր է, ինչ Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունենում «Բրենդ-Էքսպո» ցուցահանդեսը, որտեղ իրենց ապրանքն են ներկայացնում մեր երկրի արտադրող ու ներմուծող ընկերությունները: Այս ցուցահանդեսում ներկրողները գերակշռում էին, ճիշտ այնպես, ինչպես մեր երկրում ներմուծողներն են գերակշռում արտադրողներին:
Իրենց ապրանքատեսականին էին ներկայացրել ընդամենը 7-8 գործարաններ` «Բջնին», «Էլնորը», քարի վերամշակման «Գապեքս» ընկերությունը, կահույքի մեկ-երկու արտադրամասեր եւ «Արմենմոտոր» ընկերությունը: Այցելուներն ավելի երկար կանգ էին առնում «Արմենմոտորի» տաղավարի մոտ: Մեր երկրում կան կահույքի, քարի եւ սննդի վերամշակման բազմաթիվ արտադրամասեր, սակայն անակնկալի ենք գալիս, երբ հանդիպում ենք սարքավորում կամ էլեկտրական տեխնիկա արտադրող ընկերությունների: Հավանաբար հենց դրանով է պայմանավորված այցելուների ընդգծված հետաքրքրասիրությունը նման ընկերությունների նկատմամբ: Այս ցուցահանդեսում «Արմենմոտորը» ներկայացրել է իր արտադրած էլեկտրական մսաղացը, որի տեղեկատվական թերթիկում առավելությունների շարքում նշված էր, որ ունի բարձր արտադրողականություն՝ 1 ժամում աղում է մինչեւ 50 կգ միս, նույն ժամանակահատվածում ծախսում է ընդամենը 400 վատտ էլեկտրաէներգիա, աղալուց շատ չի աղմկում եւ, որ ամենակարեւորն է, հեշտությամբ աղում է անգամ ջլոտ միսը:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ «Արմենմոտոր» ընկերությունն իր արտադրանքով հայտնի էր նաեւ Խորհրդային Միությունում: Գործարանի արտադրած էլեկտրաշարժիչներն ունեին մեծ պահանջարկ եւ սպառվում էին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ Ամերիկայում եւ եվրոպական երկրներում: Գործարանն այժմ էլ է էլեկտրաշարժիչներ արտադրում, սակայն հայտնի պատճառներով՝ չունի արտադրության այն ծավալները, ինչ ուներ նախկինում: Բայց դրան հակառակ՝ ընկերությունը հիմա իր արտադրության տեսականին է մեծացրել եւ 7-8 տեսակի շարժիչի փոխարեն՝ արտադրում է մինչեւ 15 տեսակի շարժիչներ: Իսկ Հայաստանի անկախացումից հետո ընկերությունը սկսել է արտադրել նաեւ մսաղացներ: Մի քանի տարի առաջ «Արմենմոտորն» արտադրում էր նաեւ կոլեկտորային շարժիչով մսաղացներ, որոնք հիմնականում ԱՄՆ էր արտահանում: Այժմ նրանք մշակել են մսաղացի ավելի ժամանակակից ու ավելի հզոր տարբերակ, որի շարժիչն, ըստ ընկերության տնտեսագիտության հարցերով տնօրեն Կարեն Ստեփանյանի` «ասինքրոն» տիպի է: Էլեկտրական այս մսաղացը սպառողին կներկայացվի մոտ 55.000 դրամ գնով, 20-30 տոկոսով ավելի էժան, քան նույն դասի արտասահմանյան մսաղացները: Աղալուց բացի, այս սարքն ունի նաեւ երշիկեղեն արտադրելու հնարավորություն: Ընդամենն անհրաժեշտ է համապատասխան հարմարանքները տեղադրել: Կ. Ստեփանյանի խոսքով` իրենց արտադրած աղացը մեր խանութներում գոյություն ունեցող հայտնի ֆիրմաների նույն դասի աղացների նկատմամբ ունի մի քանի առավելություններ: Նախ՝ ավելի էժան է, հետո՝ 2-3 անգամ ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, եւ խցանվելու դեպքում կարողանում է ետ աղալ: Ներմուծված էլեկտրական մսաղացները չունեն «ասինքրոն» շարժիչներ: Նրանց շարժիչները «կոլեկտորային» են եւ ունեն յուրահատուկ բարձր ձայն: Այս տերմինների իմաստն ու տարբերությունը կհասկանան մասնագետները, սակայն Կ. Ստեփանյանի ասելով՝ «ասինքրոն» շարժիչ ունեցող մսաղացների հարմարավետությունն իր կենցաղում կզգա ցանկացած տանտիրուհի: Գործարանն արդեն ունի մսաղացը Ռուսաստան արտահանելու նախնական պայմանավորվածություն, ըստ որի՝ հնարավորություն կա արտահանել տարեկան մի քանի հազար մսաղաց: Ընդ որում, ընկերությունն իր արտադրանքը Ռուսաստանում ներկայացրել է «Դոբրինյուշկա» ապրանքանիշով: Ընկերությունը հավանաբար ռուսական անուն է սահմանել իր ապրանքանիշի համար, որպեսզի այդ երկրի շուկան կարողանա ավելի շուտ գրավել:
«Արմենմոտոր» ընկերությունը, Հայաստանի մյուս բոլոր արտադրողների եւ արտահանողների նման, ունի իր «տեղական նշանակության» դժվարությունները: Գործարանը կարող է մի քանի անգամ ավելի շատ արտադրանք թողարկել, սակայն չունի դա իրացնելու հնարավորությունները: Արտաքին շուկա դուրս գալուն առաջին հերթին խանգարում է մեր երկրի շրջափակված լինելու հանգամանքը, տարբեր ուղղություններով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու ճանապարհների բացակայությունը: Եղած ճանապարհն էլ բավականին թանկ է, ինչն էլ իր հերթին թանկացնում է արտադրանքի ինքնարժեքը: Մյուս արտադրողների եւ արտահանողների նման «Արմենմոտորը» նույնպես դրամ-դոլար փոխարժեքի հետ կապված խնդիրներ ունի: Արտադրանքը դրսում վաճառվում է արտարժույթով, արտահանման պայմանագրերը կնքվում են որոշակի ժամկետների համար: Սակայն մեր երկրում դոլարն այնքան արագ է արժեզրկվում, որ պայմանագրի կնքումից մինչեւ առաքումն ընկած ժամանակահատվածում արտադրանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ կտրուկ բարձրանում է: Պատվիրատուին ու շուկան չկորցնելու համար արտադրողները չեն կարողանում բարձրացնել ապրանքի գինը, եւ տեղի է ունենում այն, ինչին ականատես ենք լինում այս 3-4 տարիների ընթացքում: Հայաստանի արտադրությունը գնալով անկում է ապրում` իր տեղը զիջելով ներկրված ու շատ հաճախ անորակ ապրանքներին: Արտադրող երկրների քարտեզից Հայաստանն աստիճանաբար դուրս է մղվում եւ, ի վերջո, դառնում է ներմուծող եւ սպառող երկիր: Դա վերաբերում է ոչ միայն սննդամթերք վերամշակող գործարաններին, այլ ցանկացած սարքավորում կամ տեխնիկա արտադրող ընկերություններին: ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության արդյունքում տեղական արտադրությունը մեր երկրում ավելի բարձր ինքնարժեք ունի, քան ներկրված ապրանքը: Նման պայմաններում, պարզ է, որ տեղական արտադրությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում կորցնում է իր մրցունակությունը` ի վերջո, դադարելով գոյություն ունենալ: