Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին ծրագրում կամ Համաշխարհային բանկի 32 մլն դոլարանոց վարկային ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մեղադրանքների նկատմամբ միջազգային կառույցների հետաքրքրությունը գնալով մեծանում է: Հիշեցնենք, որ ԱԺ Օտարերկրյա դրամաշնորհների, վարկերի եւ մարդասիրական օգնությունների արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովներից մեկում փորձագետ աշխատած բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը պնդում էր, որ այդ վարկային ծրագրում եղել են տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող չարաշահումներ եւ ֆինանսական մեքենայություններ: Մենք տեղեկացրել էինք, որ այդ մեղադրանքներով հետաքրքրված են GAP-ը եւ Մեծ Բրիտանիայի Կոպիտ խախտումների գրասենյակը: Այդ մեղադրանքների համար մտահոգ են Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ Հայաստանում այդ երկրի դեսպանությունը, որովհետեւ մեղադրանքները հնչեցվել են ՀԲ երեւանյան գրասենյակի դեմ, որի ղեկավարն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոջեր Ռոբինսոնն էր: Մեծ Բրիտանիայի դեսպան Էնթոնի Քանթորը «168 Ժամին» տված հարցազրույցում ասել էր, թե իր երկրում գործում է կաշառակերության ու կոռուպցիայի մասին օրենք, որն ամբողջ աշխարհում Բրիտանիայի դեսպանատներին պարտավորեցնում է իր կառավարությանը տեղյակ պահել «կոռուպցիայի, կաշառակերության կամ խաբեության հետ կապված ցանկացած հայտարարությունների մասին, որում կարող են ընդգրկված լինել Բրիտանիայի քաղաքացիներ կամ բրիտանական ցանկացած կառույց»: Երեկ տեղեկացանք, որ այդ չարաշահումների մեղադրանքով հետաքրքրված է նաեւ Մեծ Բրիտանիայի «Bretton woods» կազմակերպությունը, որն ունի գրեթե նույն գործառույթները, ինչ ամերիկյան GAP-ը: Բրիտանական այս կազմակերպությունն է հեղինակավոր «Օբսերվեր» պարբերականին տրամադրել նյութեր, որտեղ Բ. Թասկերը ՀԲ-ին հորդորում էր հետամուտ լինել եւ բացահայտել կատարված չարաշահումները: Մեծ Բրիտանիայում գոյություն ունի միջազգային զարգացման DFID գործակալություն: «Bretton woods»-ը նաեւ այս կազմակերպությանն է ներկայացրել GAP-ի տված տեղեկությունը: Իսկ DFID-ի ներկայացուցիչները նոյեմբերի 25-29-ը կլինեն Վաշինգտոնում, որպեսզի ՀԲ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ քննարկեն ՀԲ-ին հետագա ֆինանսավորում հատկացնելու հարցերը: Անգլիան բազմաթիվ այլ երկրների հետ միասին ՀԲ-ի դոնոր երկրներից է: Դոնոր երկրները յուրաքանչյուր տարի ՀԲ-ին գումարներ են տալիս թույլ տնտեսություն ունեցող երկրներում վարկային ծրագրեր իրականացնելու համար: ՀԲ-ն այս տարի առաջարկել է ընդլայնել այդ ֆինանսավորումը, եւ ահա դոնոր երկրները, այդ թվում` եւ Մեծ Բրիտանիան, պետք է քննարկեն՝ արդյո՞ք անհրաժեշտ է ֆինանսավորումը մեծացնել, արդյո՞ք ՀԲ-ի վարկային ծրագրերն իրենց արդարացնում են եւ իրականացվում են առանց չարաշահումների: Մեր տեղեկություններով՝ նոյեմբերին DFID-ն ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ ֆինանսական ու այլ հարցերի քննարկումների ժամանակ անդրադառնալու է նաեւ Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման 32 մլն դոլարանոց ծրագրի հետ կապված չարաշահումների մեղադրանքներին: Անցած շաբաթ ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան համաժողովի ժամանակ GAP-ն այդ մեղադրանքները փաստող տեղեկատվություն է բաժանել համաժողովի մասնակիցներին:
Բ. Թասկերը տեղեկացրեց, որ «168 Ժամում» հրապարակված «100 մլն դոլարի ֆինանսական մեքենայություններ» հոդվածից հետո ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը իրեն հանդիպման է հրավիրել: Ըստ բրիտանացի ինժեների` ինքը դեռեւս մայիսից է ցանկացել նրա հետ հանդիպել, սակայն պատասխան չի ստացել: Եվ ահա Ա. Վարուդակիսը Վաշինգտոնից վերադառնալուց հետո հանդիպում է նշանակել: Կարելի է մտածել, որ ՀԲ-ն արդեն զգուշանում է չարաշահումների մասին բրիտանացի ինժեների հետագա հրապարակումներից: Ավելացնենք, որ «Օբսերվերի» այդ հրապարակումից հետո հարցին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եւ ասել, թե «մենք մեկ անգամ եւս կանդրադառնանք հարցին, որովհետեւ մեզ համար կարեւոր է անգլիացի ինժեների կարծիքը»: Պարոն Թասկերը ՀՀ վարչապետից հանդիպում է խնդրել, որպեսզի, ինչպես ինքն է ասում` «ծրագրում տեղի ունեցած չարաշահումների մասին նրան ավելի ճիշտ տեղեկատվություն տրամադրի»:
Անցյալ շաբաթ «168 Ժամը» դիմել էր Բեատրիս Էդվարդսին՝ տեղեկանալու, թե արդյոք Բ. Թասկերի ներկայացրած փաստաթղթերը բավարա՞ր են ապացուցելու համար այն պնդումները, որ ՀԲ-ի վարկային ծրագրում չարաշահումներ են եղել: Դոկտոր Էդվարդսը պատասխանել է մեր հարցերին եւ գրել է, որ «ծրագրի վերաբերյալ ՀԲ-ի պնդումները կիսով չափ են իրավացի»: ՀԲ-ն պնդում է, որ Երեւանի տնային տնտեսությունների 70 տոկոսն այժմ անխափան ջրամատակարարում ունի: Սակայն GAP-ը պարզել է, որ ՀԲ-ն «անխափան» է համարում 18-ժամյա ջրամատակարարումը:
Ներկայացնում ենք դոկտոր Էդվարդսի հետ մեր հարցուպատասխանը
– Տիկին Էդվարդս, GAP-ը վստա՞հ է, որ Բ. Թասկերի ներկայացրած փաստաթղթերը բավարար են՝ ապացուցելու համար նրա կողմից ներկայացված պնդումները:
– Փաստաթղթերը համոզիչ են: Ծրագրում այդքան խախտումների առկայության պատճառների վերաբերյալ մենք ՀԲ-ից ոչ մի բացատրություն չենք ստացել: Բանկը նաեւ չի բացատրել, թե ինչո՞ւ է «Իրականացման ավարտի հաշվետվությունը» (որն էապես վերջնական գնահատում է) այդքան չափազանցված ներկայացնում ծրագրի ձեռքբերումները: Սա է պատճառը, որ մենք պնդել ենք հետաքննություն իրականացնել: Իհարկե, մինչեւ հետաքննություն չլինի եւ ծրագրի համար պատասխանատու անձանց համապատասխան հարցեր չտրվեն, մենք չենք կարող ասել, թե պարոն Թասկերի պնդումներն «ապացուցված են»: Մենք գիտենք, որ ծրագրի նպատակները փոխվել են, նախապես նշված ստանդարտներից ցածր ստանդարտներ ապահովելու համար բոնուսներ են վճարվել, երաշխավորության համար օգտագործված հիմնական միջոցները գերագնահատվել են, եկամուտների հաշվետվությունը չի ապահովվել, այլ խնդիրների հետ մեկտեղ ԵՋԿ-ում գոյություն է ունեցել սկզբունքային շահերի բախում: (Սրան մենք մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք. -Ա.Ա.) Այսպիսով, հակված եմ ասել, որ պարոն Թասկերի պնդումները մեղադրող են:
– Դուք INT-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ի՞նչ պատասխան եք ստացել մինչեւ հիմա: GAP-ը բավարարվա՞ծ է պարոն Թասկերի բողոքի նկատմամբ INT-ի ունեցած վերաբերմունքից:
– Սկզբում մենք վստահ էինք, որ INT-ն հետաքննություն կծավալի Համայնքների զարգացման ծրագրի (ՀԶԾ) եւ դրա համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ: Սակայն INT-ն մեր հետաքննության պահանջին պատասխանեց, որ պնդումները դասվում են «միջին առաջնահերթության» կարգի հարցերի շարքում: Սկզբում մենք կարծեցինք, թե դա նշանակում է, որ ծրագրի վերաբերյալ հետաքննություն կիրականացվի, սակայն այժմ հասկանում ենք, որ «միջին առաջնահերթության» հարցերը հետաքննության ենթակա չեն, մինչեւ որ նոր վկայություն չի ներկայացվում: Մենք INT-ին խնդրել ենք բացատրել այն չափանիշները, որոնք օգտագործվել են այս պնդումները միջին առաջնահերթության դասելու համար, եւ այժմ սպասում ենք պատասխանի: Սակայն եթե INT-ն հետաքննություն իրականացնի, կարծում եմ, պարոն Թասկերը կներգրավվի ընթացիկ հետաքննության գործընթացի մեջ:
– Տիկին Էդվարդս, խնդրում ենք մանրամասն ներկայացնել GAP-ի իրավասությունների ու հնարավորությունների մասին: Կարո՞ղ է արդյոք GAP-ը ՀԲ-ին ստիպել պատասխան տալ իր չարաշահումների համար: Եթե չեմ սխալվում, հենց GAP-ն է հայտնաբերել ՀԲ նախագահի կատարած օրինախախտումները, որի հետեւանքով էլ նա այս տարի ազատվեց պաշտոնից:
– GAP-ը Վաշինգտոնում գործող իրավաբանական ոչ-կառավարական կազմակերպություն է: Մենք պաշտպանություն ենք ցուցաբերում խախտումների վերաբերյալ փաստեր բացահայտած անձանց, երբ նրանց իրավունքները խախտվել են կոռումպացված պետական, մասնավոր եւ միջկառավարական ոլորտների գործիչների կողմից: Այդ անձանցից է նաեւ պարոն Թասկերը։ Իսկ Պոլ Վոլֆովիցի դեպքում մենք ծառայել ենք որպես նրա կոռումպացված պահվածքի վերաբերյալ պնդումները մամուլին եւ ՀԲ-ի խորհրդին փոխանցող օղակ: Բանկի ներսից մի աշխատակից մեզ փաստաթղթեր էր ուղարկել, թե պարոն Վոլֆովիցը դասավորել էր, որ իր ընկերուհին անընդհատ ավելի շատ գումար ստանա, քան պետք է ստանար: Մենք հրապարակեցինք այդ տեղեկատվությունը:
Պ.Վոլֆովիցի այդ քայլը որակվեց որպես կոռուպցիա, եւ այդ պատճառով գարնանը նրան պաշտոնից ազատեցին: Տեղեկացնենք, որ խորհրդարանական հանձնաժողովն ուսումնասիրել էր նաեւ մեկ այլ՝ ֆինանսական վերականգնողական կառավարական ծրագիրը, որը նպատակ է ունեցել մեր երկրի էներգետիկ համակարգի պարտքերը կենտրոնացնել մի տեղ եւ կամաց-կամաց դրանից ազատվել: Թասկերի ասելով՝ ԵՋԿ-ում «Էյ Յութիլիթիի» լիազոր-ներկայացուցիչ Ռիչարդ Վոլքլինգի կատարած ֆինանսական մեքենայությունները կապ ունեն նաեւ կառավարական այս ծրագրի հետ: Եվ GAP-ը ունի նաեւ դրա հետ կապված որոշ փաստաթղթեր: