Սա արտառոց ապուշություն է

04/11/2007

Անցյալ տարի կառավարության որոշմամբ՝ Խոր Վիրապի տարածքում մոտ 6 հա հողատարածք հատկացվել է «Հին Էրիվան» հոլդինգին` «Նոյան տապան» թանգարանային համալիր կառուցելու նպատակով:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը փորձում է կանխել կառավարության նշյալ որոշման հնարավոր ավերիչ հետեւանքները, եւ դեռեւս պարզ չէ, ինչպիսին է լինելու գործադիր մարմնի վերջնական որոշումը: «Խնդիրը նրանում է, որ այս վաճառված տարածքում է գտնվում Հայաստանի պատմական մայրաքաղաք Արտաշատը, եւ ցանկացած պեղում կարող է բացել քաղաքի պատերը: Հատուկ պահպանվող հողի կարգավիճակ ունի այս տարածքը, եւ «Հողատարածքների պահպանման մասին» օրենքն արգելում է ցանկացած նպատակի համար այս տիպի հողերի վաճառքը: Հողի սեփականատերը պատրաստվում է եկող տարի մեծածավալ շինարարություն ձեռնարկել, եւ մեզ գումար են առաջարկել պեղումներ իրականացնելու համար: Մենք հրաժարվել ենք, որովհետեւ այս դեպքում մենք գործ ունենք քաղաքի հետ: Նույնիսկ խոստացել են կառուցվելիք թանգարանի մի հարկը մեզ տրամադրել: Թանգարան կառուցելը լավ միտք է, սակայն՝ ոչ այդ տարածքում: Սա արտառոց ապուշություն է»,- մեզ հետ զրույցում վրդովված ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Կառավարությունը նշյալ որոշմանը հանգել է տարածքային կառավարման նախարարի ներկայացրած նյութերի հիման վրա, եւ տարօրինակ է, որ Մշակույթի նախարարությունը տեղյակ լինելով իրավիճակին՝ չի զգուշացրել հետագա հետեւանքների մասին: «Մենք բողոքելու ենք եւ պահանջելու ենք, որ Կառավարությունը վերանայի իր որոշումը: Մենք աշխարհին, բացի մեր մշակութային անցյալից, այլեւս ցույց տալու ոչինչ չունենք: Իսկ անցյալն էլ այսպե՞ս ենք պահպանում»,- ասում է Պավել Ավետիսյանը: Ավելի ուշ ինստիտուտի հնէաբան Լորեն Խաչատրյանից տեղեկացանք, որ Դատախազությունն էլ իր եզրակացության մեջ հաստատել է, որ նշյալ գործարքը կատարվել է ՀՀ օրենքների կոպիտ խախտմամբ: «Ուստի տվյալ որոշումն ապօրինի է»,- եզրակացրեց հնէաբանը: Ինստիտուտի տնօրենը նաեւ դատապարտեց պետության կողմից կարգավիճակի չարժանացած Գառնու «Բազալտե երգեհոնի» ավերման նախադեպը: Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաներն ու Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն այս բացառիկ բնության հուշարձանի քարերով իրենց համար տներ ու արվեստանոցներ են կառուցել: