Դեպի Խոր Վիրապի եկեղեցի բարձրացող առանց այն էլ նեղ ճանապարհին թափված քարերի կողքով անցնել այսօր արդեն հնարավոր է, քանի որ դրանք մի կողմի վրա են հավաքել: Զգուշությամբ ես այդ հատվածով քայլում, քանզի ցանկացած պահի կարող է պարսպի մյուս մասն էլ քանդվել ու գլխիդ թափվել: Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ Խոր Վիրապի պարսպի մի մասը քանդվել է, քարերը թափվել են: Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ շաբաթ առաջ: Դեպքից քիչ առաջ եկեղեցում պսակադրության արարողություն է եղել, բարեբախտաբար, ներկաներից ոչ ոք չի վիրավորվել: Հարսանիքի հյուրերն արդեն ներքեւում են եղել, երբ քարերը սկսել են թափվել: Ի դեպ, տեղի ունեցածը եկեղեցու աշխատակիցներն անակնկալ չեն համարում. պարսպի վրայի մի քանի մետրանոց ճաքը մի քանի տարի շարունակ եղել է, եւ բնական է, որ մի օր այն պետք է քանդվեր: Մի շարք ԶԼՄ-ներ արդեն անդրադարձել են այս խնդրին, այնպես որ, պատկան բոլոր գերատեսչությունները տեղյակ են: Պարսպի վրա այսօր էլ մեծ ճաքեր կան: Եկեղեցու աշխատակիցները վստահ են, որ պատն անպայման կվերանորոգվի: Եկեղեցու վանահոր հետ մեզ երեկ չհաջողվեց զրուցել: Սակայն հարկ է նշել, որ երեկ եւս Խոր Վիրապում բազմաթիվ տուրիստներ կային: Իսկ վերջիններիս եւ, ընդհանրապես, ոչ ոքի համար պարսպի կողքով անցնելն անվտանգ չէ: Հիշեցնենք, որ Խոր Վիրապը պատկանում է Արարատյան թեմին, այսինքն` այս հարցով պետք է զբաղվի Էջմիածնի առաջնորդարանը: Ու թեեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական բաժնից լրատվամիջոցներից մեկի թղթակցին վստահեցրել են, որ պատը վերջերս էր կառուցվել, իսկ պարսպի քանդվելու պատճառը ճարտարապետական սխալ նորմերով կառուցումն է եղել, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ պարսպի ճաքն արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Պարսպի հետագա ճակատագիրը դեռեւս անորոշ է: Մենք դեռ կանդրադառնանք այն հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու` պարիսպն ամրացնելու կամ այն վերանորոգելու ուղղությամբ: